Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

22 Ag 2014: Մերձավոր Արևելքի քրիստոնյաների կյանքը լուրջ վտանգի տակ է. Միքայել Մինասյան

http://www.tert.am/am/news/2014/08/22/miqayel-minasyan/


19:08 • 22.08.14

Մերձավոր Արևելքի քրիստոնյաների կյանքը լուրջ վտանգի տակ է: Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների նկատմամբ իրականացվող հալածանքների նկատմամբ հատկապես զգայուն է հայկական համայնքը, որի Ցեղասպանությունից մնացած սպիները դեռ չեն ամոքվել: Իտալիայի Ռիմինի քաղաքում օգոստոսի 24-30-ը կայանալիք հանդիպման շրջանակներում Վատիկանում ՀՀ դեսպանատան և Սուրբ Աթոռի նախաձեռնությամբ տեղի կունենա հանդիսավոր ցուցադրություն` նվիրված արևելյան քրիստոնյաներին:
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանն այս և հայերին առնչվող այլ խնդիրների մասին զրուցել է իտալական «Zenit» կայքի հետ:

-Պարո´ն դեսպան, Ձեր ժողովուրդը սեփական մաշկի վրա է զգացել հալածանքների դառնությունը: Ի՞նչ ուղերձ են Մերձավոր Արևելքում քրիստոնյաների նահատակությունները փոխանցում աշխարհին:

-Քրիստոնյաների սպանությունները Մերձավոր Արևելքում նոր երևույթ չեն: Ավելի քան հարյուր տարի մենք փորձել ենք աշխարհի ուշադրությունը հրավիրել գործընթացների և երևույթների վրա, որոնք փաստերի տրամաբանական վերլուծության չեն ենթարկվում: Այս մեծ տարածաշրջանում ընթացող արդիականացման գործընթացներն ավելի ու ավելի են դուրս գալիս մեր վերահսկողությունից: Հարյուր տարի առաջ հայերի էթնիկ զտումներ են տեղի ունեցել Անատոլիայից մինչև Կովկաս, իսկ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը մեկն էր այն նշաններից, իհարկե, ամենախորհրդանշականը, որ եկել է պահը, որ կարող է հանգեցնել պատմական փաստերի բոլորովին այլ էվոլյուցիայի: Մեկ դար շարունակ սա է եղել նրանց ուղերձը: Մենք պետք է խուսափենք վատթարագույնից:
-Մերձավոր Արևելքի մի շարք տարածքներում գործում են խիտ և արմատացած հայկական համայնքներ: Ինչպիսի՞ ապագա է սպասվում նրանց:
-Ճիշտ է, Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր երկրներում լավ ինտեգրացված հայկական համայնքներ կան, որոնք, բացառությամբ Երուսաղեմի և Լիբանանի, ուր հայկական կրոնական ճարտարապետությունը շատ հին ծագում ունի, 1915 թվականին Հայոց ցեղասպանության տարիներին սպանված և Սիրիայի անապատներ տեղահանված հայերի ժառանգներն են, ովքեր ցեղասպանութանը հաջորդող տարիներին սփռվել են տարածաշրջանով մեկ: Այս մարդկանց համար վերջին երկու տասնամյակների իրադարձություններն արդեն վերապրած ցավի ողբերգական կրկնությունն են: Հատկապես ծանր է Սիրիայի և Իրաքի հայերի դրությունը: Ջիհադիստների հարձակումները հայաբնակ Քեսաբ ավանի վրա, որոնք ներթափանցել էին Թուրքիայի սահմանից, ինչպես նաև աճյունատուփի ոչնչացումը Դեր Զորում, հոգեբանական մեծ հարված են քաղաքացիական պատերազմի չորս տարիներից չարչարված ժողովրդի համար:

-Ի՞նչ հանձնառություններ է ստանձնել Հայաստանն այնտեղի իր հարենակիցներին օգնելու հարցում:

-Հայաստանն, անշուշտ, առաջին պլանում է դասում օգնությունը Սիրիայի և Իրաքի հայերին: Դամասկոսում կայուն մնացած փոքրաթիվ դեսպանատներից մեկն էլ հայկականն է` շնորհիվ մեր դիվանագետների քաջության: Դրա փակումը այս մարդկանց հուսահատությունը կփոխակերպի աշխարհի նկատմամբ վստահության հավերժ կորստի: Ամեն օր Հայաստանը հայ ընտանիքների է ընդունում Սիրիայից և Իրաքից, սակայն, ցավոք սրտի, մեր կարողություններն անսահման չեն: Հայաստանն այս պահին իր խնդիրներն ունի հարևան Ադրբեջանի հետ, որն օգտվելով իրավիճակից̀ սպառնում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության գոյությանը:


- Լեռնային Ղարաբաղի հարցը կրկին մեծ կարևորություն է ձեռք բերել վերջին շաբաթվա ընթացքում, սակայն լրատվամիջոցները շատ չեն անդրադարձել դրան: Ի՞նչ է տեղի ունենում այդ տարածաշրջանում:

-Ընթացիկ իրավիճակը Մերձավոր Արևելքում և լարվածությունը Ուկրաինայում առիթ հանդիսացան ադրբեջանական ռեժիմի համար, որ, օգտվելով նրանից, որ գերտերությունների ուշադրությունն այլ խնդիրների վրա է, վերստին դիտարկի ռազմական լուծումը` որպես Կովկասում խաղաղությանն այլընտրանք: Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության գոյատևման հարցը, որը երաշխավորված է 1992 թվականին իրացված ժողովրդի ինքնորոշման իրավունքով, կրկին կասկածի տակ է դրվել, որի արդյունքում մարդկային ծանր կորուստներ եղան: Բարեբախտաբար, ողջամտությունը կրկին հաղթեց. Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը հնարավոր դարձավ շարունակել ԵԱՀԿ հովանու ներքո տարվող բանակցությունները: Լեռնային Ղարաբաղի հայերը ինքնապաշտպանության շնորհիվ կարողացան փրկվել 80-ականների վերջին Ադրբեջանի կառավարության կազմակերպած հերթական էթնիկ զտումներից, և արյունալի պատերազմի արդյունքում հաստատեցին իրենց ինքնիշխանությունը: Բոլոր դեպքերում, մենք վստահ ենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու որոշումը հնարավոր է շարունակել իրականացնել: Հայատյացությունը, որ վերջին տարիներին տարածվում է ադրբեջանական կառավարության կողմից, ինչպես քարոզչության, այնպես էլ հստակ գործողությունների ձևով, ցավոք, նախանձելի չեն համեմատած այն դաժան գործողությունների հետ, որոնք առկա են Սիրիայում և Իրաքում փոքրամասնությունների նկատմամբ:
-Արդյո՞ք դեսպանատունը համատեղ ծրագրեր ունի Սուրբ Աթոռի հետ` ուղղված հալածվող քրիստոնյաների օգնելուն:
-Հայկական պետությունը դեսպանատան միջոցով սատարում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի պարբերաբար կրկնվող կոչերին, ինչպես նաև Պետքարտուղարի և տարբեր գերատեսչությունների գործողություններին, որոնք այս օրերին անդադրում աշխատում են Իրաքում և Սիրիայում իսլամիստների ֆանատիզմի զոհ դարձած մարդկանց տառապանքները մեղմելու ուղղությամբ: Սեպտեմբերին Պապի մշակույթի հարցերով խորհրդի հովանու ներքո քարոզարշավ կանցկացնենք Մերձավոր Արևելքի քրիստոնյաների մասին իրազեկվածության բարձրացման համար:
Հայոց ցեղասպանության ապրիլքսանչորսյան ոգեկոչման արարողության կապակցությամբ` Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն հայտնեց հանցագործության զոհերի ընտանիքի անդամներին: Կարելի՞ է այս «անկեղծացումը» Թուրքիայի կողմից իր պարտավորությունների ճանաչման առաջին քայլ մեկնաբանել:
-Այն, ինչը դուք «անկեղծացում» եք անվանում, իրավացիորեն ներառելով չակերտների մեջ, կարելի կլիներ մեծ քայլ համարել, եթե այն պարուրված չլիներ ժխտողականության ավելի բարդ մեխանիզմներով, ինչը մենք տեսանք նախկին վարչապետի ուղերձի մյուս հատվածում: Ցավալի է տեսնել, որ հարյուր տարի անց զոհերին դահիճներ են անվանում: Ցավոք, ցավակցական ուղերձից բացի, Էրդողանը վճռական որևէ քայլ չձեռնարկեց հանցագործությունը ճանաչելու համար: Սակայն Թուրքիան դեռևս լավ հնարավորություն ունի դա անելու Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին` 2015 թվականին:
-Օգոստոսի 24-30-ը Ռիմինիում կայանալիք ժողովի շրջանակներում արևելյան քրիստոնեության վերաբերյալ ցուցահանդես է կայանալու, որը նախաձեռնել է Վատիկանում Հայաստանի դեսպանությունը: Ի՞նչ կարող եք պատմել այդ մասին:
-Ցուցահանդեսի գաղափարը, որ մեկնարկելու է Ռիմինիում, իսկ այնուհետև շրջելու է այլուր, ծագել է մեկ տարի առաջ` Մերձավոր Արևելքի քրիստոնյաների վիճակի և առհասարակ քրիստոնեության գոյության, սոցիալական, մշակութային արժեքների պահպանման նկատմամբ խորը մտահոգությունից ելնելով: Հայաստանում, որ ամեն օր իրենց տունը ստիպված լքած հարյուրավոր քրիստոնյաների է ապաստանում, ողբերգության ու անդառնալի կորստի ընկալումներն այլ են, քան Եվրոպայում է: Մեր նպատակն է պատերազմի տարեգրության հետևում ստվերված հանրային ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, թե ինչն այլևս հնարավոր չի լինի վերագտնել, եթե օրերից մի օր կոնֆլիկտները չդադարեն, այն է` մեր ծագումը:
Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Share on favoritesShare on facebookShare on livejournalShare on twitterShare on bloggerShare on deliciousShare on diggShare on stumbleupon
ԼՐԱՀՈՍ • ՕՐՎԱ ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
:

V.V

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.