|
|
Zatik
consiglia: |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Iniziativa
Culturale: |
|
|
|
|
|
16 Օգոստոսի 2015: Հայ նահատակ զինւոր Գագիկ Թումանեանի անունով հրապարակ՝ Թեհրանում
|
2015 09:00
•
Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին, յանուն Իրանի տարածքային ամբողջականութեան պահպանման, իրենց կեանքը նւիրաբերեցին հարիւրից աւելի իրանահայեր: Պատերազմի տարիներից յետոյ՝ ցայսօր Թեհրանում, ինչպէս նաեւ Իրանի հայահոծ քաղաքներում, տարբեր փողոցներ են վերանւանւել ի պատիւ հայ նահատակների անուններով:
«ԱԼԻՔ», Կ. Դ. - Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին, յանուն Իրանի տարածքային ամբողջականութեան պահպանման, իրենց կեանքը նւիրաբերեցին հարիւրից աւելի իրանահայեր: Պատերազմի տարիներից յետոյ՝ ցայսօր Թեհրանում, ինչպէս նաեւ Իրանի հայահոծ քաղաքներում, տարբեր փողոցներ են վերանւանւել ի պատիւ հայ նահատակների անուններով: Այդ առիթով երէկ, օգոստոսի 15-ի առաւօտեան, Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանում գտնւող «Շոա» հրապարակը յատուկ արարողութեամբ վերանւանւեց նահատակ զինւոր Գագիկ Թումանեանի անունով:
Օրը պատահական ընտրւած չէր, քանզի Գագիկ Թումանեանը նահատակւել է 1987 թւականի օգոստոսի 15-ին (1366 թւականի մորդադի 24-ին):
Իրանի պետական հիմնով մեկնարկած միջոցառմանը, որը կազմակերպւել էր «Սանայիի Սարայէ մահալէ»-ում, եւ որին ներկայ էին հանգուցեալ Գագիկ Թումանեանի մայրը եւ քոյրը, նախ հրաւիրւեց արտայայտւելու 6-րդ շրջանի քաղաքապետ Ազիմ Բաբային: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ այն խնդրին, որ միասնականութիւն եւ համախոհութիւն կոչւող այս տարում, նման մի հոգեպարար արարողութիւն է տեղի ունենում ու դա ապացոյցն է, որ պատերազմի տարիներում յաղթանակեց Իրանի համայն ժողովուրդը:
Արարողութեանը, նահատակ Գագիկ Թումանեանի եւ ողջ հայ նահատակների հոգու խաղաղութեան համար աղօթեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը:
Միջոցառմանը հրաւիրւեց արտայայտւելու նաեւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը: Նա հակիրճ տողերով խօսելով նահատակ Թումանեանի անհատականութեան մասին, նշեց, որ եթէ այսօր մենք ապրում ենք Իրանում, որը տարածաշրջանի հզօր, կայուն ու խաղաղ երկիրն է, ապա դրանում պարտական ենք մեր բոլոր նահատակներին: Նա նաեւ ողջունեց մեծարման արարողութեան մտայղացողներին եւ իրագործողներին: Դոկտ. Խանլարեանը նշեց, որ վերջերս, երբ կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորներին ընդունել էր Իսլ. յեղափոխութեան առաջնորդը, հանդիպման ընթացքում այաթ. Խամենէին անդրադարձել էր պատերազմի տարիներին, Ահւազում եղած ժամանակաշրջանում իր հանդիպմանը մի խումբ հայ ռազմիկների հետ, որոնք շտապում էին օգնելու նահատակ Չամրանին՝ այստեղ կարեւորելով հայ ռազմիկների անձնազոհութիւնը:
Միջոցառմանը ելոյթ ունեցաւ նաեւ՝ Թեհրանի Քաղխորհրդի փոխնախագահ Մորթեզա Թալային, որը մեծարելով նահատակների յիշատակը ընդգծեց, թէ մօտ ապագայում մի կենտրոն կամ ինչ-որ վայր կանւանակոչւի հայ նահատակների անւամբ եւ աւելացրեց, որ այս բոլոր քայլերը աշխարհի ժողովրդին պատգամում են Իրանի ժողովրդի միասնականութեան մասին:
Ապա հրաւիրւեցին արտայայտւելու՝ Քաղխորհրդի անդամ Մոջթաբա Շաքերին, ով բարձր գնահատեց հայ նահատակների դերը պատերազմի տարիներին: Իսկ պատերազմի տարիներին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ճրտգ. Վարդան Վարդանեանը խօսեց նահատակ Գագիկ Թումանեանի ազգային ոգու մասին, անդրադառնալով նաեւ նոյն տարիներին իրանահայութեան դերին:
Միջոցառմանը ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, Թեհրանի 3-րդ շրջանի քաղաքապետը, Թեհրանի նահատակների եւ անձնուրացների հարցերով հիմնարկի գլխաւոր տնօրէնի տեղակալ դոկտ. Սամիմին, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, ազգային իշխանութեան մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, եւ նոյն տարածքում բնակւող հայ եւ ոչ-հայ հայրենակիցներ:
Վերջում նահատակի մօր, քրոջ եւ հիւրերի ներկայութեամբ ծաղիկներ տեղադրւեց հրապարակում գտնւող նահատակի պատկերի մօտ ու բացումը կատարւեց հրապարակում տեղադրւած ցուցատախտակի:
Նշենք, որ միջոցառմանը քաղաքապետի ու դերզօրավար Թալայի ձեռամբ յուշանւէր յանձնւեց նահատակի մօրը՝ տկն. Յասմիկ Թումանեանին:
http://alikonline.ir/hy/news/community/item/26523-%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%B6%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF-%D5%A6%D5%AB%D5%B6%D6%82%D5%B8%D6%80-%D5%A3%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AF-%D5%A9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%B8%D5%BE-%D5%B0%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%9D-%D5%A9%D5%A5%D5%B0%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4
V.V
|
|
|
|
|