Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

09-10 օգոստ.2018 «Թաքուն Հայեր»...Armeni Nascosti
poesia dedicata al libro di Fatemeh ARMENI NASCOSTI «Թաքուն Հայեր»...
ՎԱՐԱՆԴ
Թաքուն հայեր, թաքուն հայեր,
Մեր երկրով մէկ... Խոր քարայրեր...
Վախւոր քայլեր...
Տեսած հազար
Թափառ գայլեր,
Խաւա՛ր գայլեր,
Երախը բաց,
Ժանիքը թա՛ց,
Արեան ծարաւ, իսկ դուք... Այծեա՜մ,
Մանկուքդ՝ գառներ,
Լեզուդ կորցրած, հոգիդ կողպած,
Բայց յուշդ բա՛ց,
Թաքուն հայե՜ր...
.....................................................................................................
Թաքուն հայեր... տոկո՛ւն հայեր...
Որ պահել էք՝ տաղի տողեր,
Մագաղաթի նշխար-մասունք,
Աղօթարան, ուր թափել է
Ջերմ արտասուք
Գեղեցկուհի մի սրածւած
Ու բզկտւած,
Կամ պահել էք 7-ը փամփուշտ,
Որ թողել է մի ֆեդայի
Ձեր բարձունքից կրակելիս՝
Անդրանիկի խմբից զատւած:
....................................................................................................
....................................................................................................
....................................................................................................
Հայեր թաքուն, որ ապրել էք
Եթէ նոյնիսկ Պոլիս կոչւած մեծ ոստանում,
Չէք յանդգնել խօսել լեզւով ձեր մայրենի,
Հարկադրաբա՛ր փոխել անուն և ազգանուն,
Եւ միմիայն, եթէ ասենք,
Քայլելիս էք եղել մայթին դուք Թեհրանում,
Ու լսել էք մեր տղերքի
Շուրթից՝ հայերէն,
Հապա յանկարծ «խելագարւել»,
Ճչացել էք. «Աղպար, հա՞յ ես...».
Ու երբ՝ «Այո՛...».
-Ես ալ թուրք չեմ, «Օրհա՜ն ...Թիւղրու՜լ»,
Այլ՝ Գրիգո՛ր...:
....
....
Թաքուն հայեր,
Որքան պարզ է ճակատը ձեր,
Պարզ ու անմե՜ղ...:
... Պատահել է մօտեցել էք
Խեղճ հագուստով հողագործի,
Որ փչում է բոյր բոյսերի ու դարմանի,
Եւ չգիտես ինչի՜ց, ինչո՞ւ հարցրել հենց ի՛նձ.
-Հարդա ը դը՛...քիլիսա էրմէնի...

Ձեզ հասցրել եմ եկեղեցին «Աստւածածին»,
Ինքս մտել
«Դպրոցը մեր մի սուրբ տաճար»,
Իբր ուսուցիչ մի՝ հայերէնի:
Ո՜վ դու լեզու սուրբ, մայրենի,
Արմէնների՛,
Բացակայ ես շուրթից նրանց,
Բայց վստա՛հ եմ,
Որ աղօթքը այդ օր, երկու այդ պանդուխտի՜,
Ուխտաւորի՛,
Մինչ հասնելը գմբէթ վերին,
Փոխարկւել է լուրթ հայերէնի՜,
Զի Մաշտո՛ցն է վկայ եղել
Նրանց արդար, նրանց խոնա՜րհ ճակատներին,
Նրանց կիզւա՛ծ ճակատագրին:
***
... Մենք ենք ելել ուխտի, հասել
Մինչ՝ Վան, Տարօն, Մշոյ Սուլթան...
Վանք Վարագայ:
Մուշ քաղաքում, ուշ գիշերին,
Թաքուն մի հայ,
Ուժեղ, սակայն սրտով փխրուն,
Վարդաջրով օծեց ձեռներն մեր ազազուն,
Մեր յոգնատանջ,
Ու լաց եղաւ, պատմելով, որ
Հասել է մինչ բարձր Սասուն,
Գտել իրենց աւիրւած բոյն,
Եւ համաձայն տատին տւած
Սուրբ խոստումի՝
Բարձր օջորքից
Քանդակ բերել, դրել նրա
Մե՜րկ շիրիմին...:

Հայեր թաքուն, ի՛նչ մաքուր է ձեր շէկ հոգին,
Տա՛ք է ինչպէս կայծը այն սեւ աչքին - յօնքին,
Որը տեսայ «Ամիւկ» բերդի
Մօտիկ գիւղի
Փոքր մէյդանում,
Վէս մի տղու ճակտի տակին,
Քրդերն ասին.
-ծոռն է ձեր հայ քահանայի...
Աչքե՛ր հայի՜...
***
Հայեր թաքուն, թաքուն հայեր,
Քանի՜ միլիոն հիմի դառել-.
Գիտի Աստւած,
Գիտի Աստւա՜ծ...
Բայց մի բանում բանաստե՛ղծն է
Լուրջ համոզւած,
Որ ա՛յս կողմը Արարատի,
Դէպի Արցա՜խ,
Թաքուն հայեր, թաքուն հայեր,
Կան մշարթո՜ւն՝ անքո՛ւն հայեր,
Որոնք զգաստ,
Զէն ի ձեռին,
Պաշտպանում են ոչ միայն հող, սահման, տանիք,
Պաշտպանում են՝ օջախ, մանուկ և ընտանիք,
Այլև, արթուն աչքի պոչով,
Հսկում են մինչ՝ Էջմիածին-Վաղարշապատ, Սարդարապատ,
Որ ղօղանջը մեծ զանգերի
Մի օր էլ ձե՛զ ճորտութիւնից
Փրկի՜, բերի՜,
Ո՛չ, չբերի՜՝
Դո՛ւք ազատւա՜ծ,
Ինքնազտւա՛ծ,
Կրկին զատւա՛ծ
Պղտոր ցեղից՝
Թո՜ւրք-թաթարից՛-.
Ազգն այս սե՛ղմ, բայց սփիւռքւա՜ծ,
Ազգին այս մե՜ղմ, բայց բռունցքւա՛ծ՝
Դրօշը տաք մեր Եռագոյն,
Տանէ՛ք դէպի
Հայաստանը
Մեր
Հեռագո՜յն,
Տանէք՝ Տարօն՛, Սիս ու Սասուն,
Տանէք... Հեռու՜ն...
............................................................................................................................................................
Թաքուն հայեր,
Հայեր թաքուն,
Ձեզ՝ արթնացո՛ւմ, ձեզ բազմացո՜ւմ,
Հրաժեշտ չէ՛՝ ողջո՛յն, ողջո՜յն...
09-10 օգոստ.2018
https://plus.google.com/u/1/105888027568807427851/posts/Dr6Ek4nyk6z http://www.zatik.com/newsvis.asp?id=2702

ՎԱՐԱՆԴ

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.