|
|
Zatik
consiglia: |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Iniziativa
Culturale: |
|
|
|
|
|
1. Maggio .2021: Stati Uniti Joe Biden907-րդ բանաձեւից հրաժարւելով՝ ԱՄՆ-ը կանաչ լոյս է վառելու ՀՀ-ի եւ Արցախի դէմ հետագայ ադրբեջանական ագրեսիայի համար
|
01/05/2021 - 12:10
Print Email
907-րդ բանաձեւից հրաժարւելով՝ ԱՄՆ-ը կանաչ լոյս է վառելու ՀՀ-ի եւ Արցախի դէմ հետագայ ադրբեջանական ագրեսիայի համար
«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի` Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող յայտարարութիւնը վերջ դրեց ԱՄՆ արտաքին քաղաքականութեան մէջ խօսքի ազատութեան սահմանափակմանն ուղղւած ամենաերկարատեւ պատմութիւնն ունեցող գործելակերպին՝ Թուրքիայի կառավարութեանը յստակ ուղերձ յղելով, որ ոչ թէ Էրդողանը, այլ ԱՄՆ-ն է որոշողը՝ ինչպէս դատապարտել, ոգեկոչել եւ անդրադառնալ այս յանցագործութեան հետեւանքներին։ Tert.am-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի մամուլի պատասխանատու Էլիզաբէթ Չուլջեանը։
«ԱՄՆ-ի ճանաչումը միայն անցեալը պատշաճ կերպով պատւել չէ, այն նաեւ ապագայի մասին է՝ մաքրել ճանապարհը հայ ժողովրդի համար արժանի արդարութեան ապահովման, առաջընթացի համար եւ վերադասաւորել ԱՄՆ-Հայաստան յարաբերութիւնները՝ ապահովելու համար անվտանգութիւն եւ երկարաժամկէտ կենսունակութիւն հայրենիքում»,- ասաց նա։
ԱՄՆ ներքին քաղաքականութեան առումով, ըստ Եղիսաբէթ Չուլջեանի, Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը նոր հնարաւորութիւններ կընձեռի կրթական եւ դատական ոլորտներում: «ԱՄՆ 14 նահանգների դպրոցական ծրագրերում նշւում է Հայոց Ցեղասպանութեան մասին։ Այդ թիւը կարող է եւ պէտք է աճի: Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող ԱՄՆ յստակ քաղաքականութեան բացակայութիւնը խոչընդոտել է դրական արդիւնքները ԱՄՆ-ի առնւազն երկու դատական գործերում, որոնք առնչւում են ցեղասպանութեան դարաշրջանի ունեցւածքի հետ: Միջազգային փաստաբանները, փորձագէտները եւ խմբերը, ինչպիսիք Մարդու իրաւունքների պաշտպանութեան հայկական իրաւական կենտրոնն է, այժմ կարող են յայտնաբերել նոր իրաւական ուղիներ` անհատական եւ կոլեկտիւ հատուցումներ ապահովելու համար»,- ասաց նա։
Հայաստանի եւ Արցախի նկատմամբ ԱՄՆ քաղաքականութեան առումով, Էլիզաբէթ Չուլջեանի խօսքով, ճանաչումը պէտք է համապատասխանի գործողութիւնների հետ. «Պէտք է փոփոխութիւններ լինեն ԱՄՆ-Հայաստան յարաբերութիւններում։ ԱՄՆ պէտք է օգնի անցեալ աշնանը Թուրքիայի եւ Ադրբեջանի յարձակումների արդիւնքում 100.000-ին տեղահանւածներին, պատժի Թուրքիային եւ Ադրբեջանին ռազմական յանցագործութիւնների համար եւ ապահովի Ադրբեջանում պահւող հայ ռազմագերիների անյապաղ վերադարձը»,- նշեց նա։
Էլիզաբէթ Չուլջեանը յաւելեց, որ ԱՄՆ Հայ Դատի գրասենեակի համար Հայաստանին եւ Արցախին վերաբերող երեք կարեւոր առաջնահերթութիւններ կան. Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նրկայացուցիչների հետ համագործակցելով՝ Հայաստանին եւ Արցախին 100 մլն դոլար աջակցութեանը, Ադրբեջանին յատկացւող ռազմական օգնութեան կրճատմանը եւ թիւ 249 բանաձեւի ընդունմանը հասնել։ Վերջինը, ըստ նրա, վերաբերում է Ադրբեջանում պահւող հայ ռազմագերիների անյապաղ ազատմանը։
ԱՄՆ Հայ Դատի ներկայացուցիչն ընդգծեց՝ ապրիլի 24-ի իր յայտարարութեամբ նախագահ Բայդէնը սահմանել է ԱՄՆ քաղաքականութիւնը, որը ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը, որը կարող է եւ կունենայ նաեւ քաղաքական եւ իրաւական հետեւանքներ ներքին եւ արտաքին քաղաքականութեան մէջ:
«Բայց այստեղ կարեւոր է նշել, որ քաղաքականութեան հետեւանքները կախւած են ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբից, ԱՄՆ-ում հայկական համայնքային խմբերից եւ մեր դաշնակիցներից՝ ակտիւօրէն հետամուտ լինելով այդ քաղաքականութեան փոփոխութիւններին: Համայնքային շահերի պաշտպանութիւնը տեւական եւ շարունակական է լինելու՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը ճշմարիտ եւ ամբողջական իմաստ հաղորդելու համար»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ Հայաստանում մասնագիտական շրջանակների մոտ մտավախութիւն կայ, թէ ԱՄՆ-ն ուզում է շրջանցել 907-րդ բանաձեւը՝ «Ազատութեան աջակցութեան ակտը», Էլիզաբէթ Չուլջեանը պատասխանեց՝ իրենք էլ են լսել անհանգստացնող տեղեկութիւններ այն մասին, որ Բայդէնի վարչակազմը քննարկում է Ադրբեջանին ԱՄՆ օգնութեան 907-րդ մասի սահմանափակումներից հրաժարւելու հնարաւորութիւնը: «Մենք նախաձեռնել ենք շարժում՝ anca.org/907, որի միջոցով ամերիկահայերը կարող են կոչ անել նախագահ Բայդէնին եւ Կոնգրեսին պահպանել այդ սահմանափակումները,- ասաց նա՝ յիշեցնելով, որ 907-րդ բանաձեւն ընդունւել է 1992 թ.-ին` որպէս Ազատութեան աջակցութեան մասին օրէնքի մաս, եւ սահմանափակում է ԱՄՆ-ից Ադրբեջանին տրամադրւող օգնութիւնը,- «մինչ նախագահը որոշի, եւ այդպիսով զեկուցի Կոնգրեսին, Ադրբեջանի կառավարութիւնը ցուցադրական քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնել բոլոր շրջափակումներն ու ուժի այլ յարձակողական գործադրումները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դէմ»:
Նա նաեւ յիշատակեց, որ 2002 թ.-ին Կոնգրեսը թոյլ է տւել նախագահին հրաժարւել 907-րդ բանաձեւից, քանի դեռ Սպիտակ տունը հաստատում էր, որ «չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ կարգաւորման բանակցութիւններ վարելու կամ Հայաստանի դէմ վիրաւորական նպատակներով օգտագործելու շարունակական ջանքերին»:
«ԱՄՆ իւրաքանչիւր նախագահ` հանրապետական, թէ դեմոկրատ, հրաժարւել է 907-րդ բանաձեւից` թոյլ տալով մօտ 120 միլիոն ԱՄՆ դոլարի ամերիկեան ռազմական օգնութիւն Ադրբեջանին: Ակնյայտ է, որ եթէ նոյնիսկ, ինչպէս Պաշտպանութեան նախարարութիւնն է պնդում, օգնութիւնը տրամադրւում էր Կասպից ծովի անվտանգութեան հետ կապւած հարցերի համար, հրաժարումը թոյլ տւեց Ադրբեջանին աւելի մեծ ռեսուրսներով յարձակւել Հայաստանի եւ Արցախի վրայ»,- նշեց նա։
Ըստ Էլիզաբէթ Չուլջեանի՝ 2020-ի աշնանը դեռ նախագահի թեկնածու Բայդէնը նախագահ Թրամփին յորդորեց պահպանել 907-րդ բաժնի Ադրբեջանին վերաբերող սահմանափակումները:
«907-րդ բանաձեւից հրաժարւելով՝ ԱՄՆ այժմ արդիւնաւէտօրէն կանաչ լոյս է վառելու Հայաստանի եւ Արցախի դէմ հետագայ ադրբեջանական ագրեսիայի համար։ Հայ Դատի յանձնախումբը կը շարունակի աշխատել Վարչակազմի հետ` նրանց իրենց տեղում պահելու համար, իսկ հրաժարւելու դէպքում` կը համագործակցենք Կոնգրեսի հետ` ապահովելու համար, որ ռազմական օգնութիւնն իրականում չհասնի Ալիեւի ռեժիմին»,- ասաց նա:
Էլիզաբէթ Չուլջեան ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբ Հայոց Ցեղասպանութիւն
Յարակից լուրեր
Նկատառումներ` արձանագրուած քաղաքական մեծ կէտի վերաբերեալ
Նկատառումներ` արձանագրուած քաղաքական մեծ կէտի վերաբերեալ
Միացեալ Նահանգներու նախագահ Ճօ Պայտըն Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալով, իբրեւ Միացեալ Նահանգներու այդ քայլը կատարած առաջին նախագահ` ապահովեց պատմութեան մէջ իր պատուական տեղը:
Արգենտինական ակումբը խաղացել է Հայոց Ցեղասպանութեան տարելիցին նւիրւած մարզաշապիկներով
Vartanian
|
|
|
|
|