Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

16.Genn.2022: Րաֆֆի Խաչագողի հիշատակարանը
Գլխա
Րաֆֆի
Ներածություն Մաս I Մաս II Մաս III Մաս IV

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Ի՞ՆՉ է ԽԱՉԱԳՈՂԸ
Թողնել ընտանիքը անտեր, երկար ու ձիգ տարիներ թափառել աշխարհի մի ծայրից դեպի մյուսը, արծաթ որսալու համար չխնայել ամեն տեսակ անազնիվ միջոցներ այդ խաչագողի գործն է։

Խաչագողը ունի իր արհեստին վերաբերյալ բոլոր հմտությունները։ Այլևայլ երկրներում թափառելու համար նա գիտե զանազան ազգերի լեզուներ, ծանոթ է նրանց սովորություններին և ի՛նչ ազգի մեջ որ մտնում է, խոսում է այն քան վարժ, որ դժվար է որոշել, թե նա այն ազգին չէ պատկանում։ Նա իր ընկերների հետ խոսում է մի առանձին լեզվով, որը ոչ ոք հասկանալ կարող չէ, եթե խաչագողների հասարակությանը չէ պատկանում։ Դա մի խորհրդավոր, պայմանական լեզու է. դա ավազակների արգոն է։

Շատ անգամ խաչագողը չէ խոսում, բայց միտք է հայտնում։Նրա աչքերի, հոնքերի, շրթունքի, երեսի, ձեռքերի, մի խոսքով, մարմնի զանազան մասերի այս և այն ձևով շարժմունքը հայտնում են ամբողջ նախադասություններ, որոնց նշանակությունը հասկանում է միայն խաչագողը։ Միմիկան նրանց դեմքի վրա սաստիկ զարգացած է։ Կապիկի նման կարողանում են նրանք շարժեցնել երեսի այն մասերը, որոնք ուրիշների մոտ անշարժ են։ Ես տեսա մի խաչագող, որ ավանակի նման շարժեցնում էր իր ականջները։ Մի այլը իր քիթը զարմանալի կերպով ծռմռում էր այս կողմ և այն կողմ:

Խաչագողը խաչագողի ձեռքը բռնելով, առանց մի բառ արտասանելու, հայտնում է իր միտքը։

Հարկը պահանջած ժամանակ խաչագողը միայն անորոշ ձայներ է արձակում, կամ թռչունների ու գազանների բարբառով ազդարարություններ է կարգում։ Այդ նրանց գիշերային լեզուն է, մանավանդ այն ժամանակ, երբ մինը մյուսից հեռու է գտնվում։ Նրանց բոլոր նշանախոսությունները այն աստիճան ճշտությամբ պայմանավորված են իրանց մեջ, որ երբեք չեն վրիպում նպատակից։

Կերպարանափոխության մեջ խաչագողը սատանայական հնարագիտություն ունի։ Ծպտիլ, այլակերպվիլ այնպես, որ բոլորովին ուրիշ մարդ երևալ, դրանք նրա համար այնպիսի խաղեր են, որոնց մեջ ոչ ոք կարող է նրա հետ մրցություն անել։ Խաչագողին չէ կարելի տեսնել իր բուն պատկերի մեջ, այլևայլ երկրներում, գործի և հանգամանքների այլևայլ պայմանների համեմատ, նա միշտ նոր ձև և նոր կերպարանք է ընդունում։

Խաչագողը բովանդակում է իր մեջ մարդկային ամբողջ հասարակության բնավորությունները։ նա ընկերային կյանքի ամեն ելևէջների վրա զարմանալի ճարպկությամբ բարձրանում և իջնում է։ Նա հասարակության բոլոր ծալքերի մեջ մտնում և դուրս է գալիս։ հարմարվելու անհամեմատ ընդունակություն ունի։ Ժողովրդի բարձր դասի հետ նա մի հպարտ, փառասեր, թեթևամիտ, պերճախոս ազնվական է, ազնվականի բոլոր փայլով։ Ժողովրդի ստոր դասի հետ նա մի բարի, միամիտ և անկիրթ ռամիկ է, բոլոր ռամկական պարզություններով։ Գիտնականի հետ նա մի գեղախոս հռետորի նման վիճում է, ամեն առարկայի վրա դատում է և հանրամարդկային բարձր ու վսեմ գաղափարներ է հայտնում։ Մոլլաների հետ նա խավարամիտ է, որպես գիշեր և մոլեռանդ, որպես հնդկական ֆաքիր։ Խաչագողը մի օր լույս է, մյուս օր՝ խավար: Մի օր բարի է, մյուս օր՝ չար:

Խաչագողը մի գարշելի տիպ է։ Նա ավերված, փչացած, անբարոյականացած հասարակության հրեշավոր ծնունդն է։ Նա նեխած ջրի մրուրն է։

Երբեմն նա փողոցային սրիկա է, գիշերի մթության մեջ հանդիպող մենավոր անցորդը հազիվ կարող է ազատվել նրա ճանկերից:

Ցերեկով նա բարեպաշտ, երկյուղած քրիստոնյա է և պատահած աղքատին ողորմության ձեռք է մեկնում։ Մի տեղ, ամենակեղտոտ գինետան ստորերկրյա նկուղների մեջ, կառապանների հետ նստած, արբեցությամբ է անցկացնում է այդ ժամանակ նա մոլի ստահակ է։ Մի այլ տեղ, ամենափաոավոր հյուրանոցում նա խիստ նուրբ ճաշակ ունի կերակուրների և ըմպելիքների ընտրության մեչ։ Այդ ժամանակ նա բարեկյաց քաղաքացի է։

Խաչագողը չափազանց առաձգական է և. դյուրաթեք։ Նա դեպի ամեն կողմ ծռվում է։ Նա ամեն կաղապարի մեջ մտնում է և ամեն տեսակ ձևեր ընդունում է, բայց երբեք մի հատկանիշ ձև չէ պահպանում։ Նա կատարյալ քամելեոն է: Նա այն առասպելական էակներից է, որ ամեն մի անգամին մի այլ տեսակ են երևում։

Խաչագողը գիտե կեղծել, գիտե խաբել, գիտե ձեռքից սպրդիլ և աներևույթ լինել։ Ոստիկանի ամենատես աչքերը չեն կարող նքա հետքերը հետազոտել։ Նա անհայտանում է որպես դև և հայտնվում է որպես հրեշտակ։ Բայց երբ որ բախտը դավաճանում է նրան, բանտը իր պապենական օթեվանն է։ Շղթաներից երկյուղ չէ կրում նա, իսկ դահճի առջև արհամարհանքով է խոնարհեցնում իր պարանոցը։

Խաչագողը նայում է տիեզերքի վրա որպես իր հունձքի արտի վրա։ Նա գիտե կորզել մարդկային ընդհանուր աշխատանքից ինչ որ իրան պետք է։ Նա չէ ցանում, բայց հնձում է։ Նա չէ արդյունաբերում, բայց սպառում է։ Նա ապրում է ուրիշի վաստակով։ Իսկ այդ նպատակին հասնելու համար գործ է դնում իր հնարագիտության ամենակարող հմտությունները։ Ուր չի հաջողվում նրան խաբուսիկ միջոցներով որսալ, այսպիսի դեպքերում պատրաստ է նրա արյունահեղ ձեռքը...

Խաչագողը ամեն բան ունի, բայց ոչինչ չունի։ Նա նմանում է այն գիշակեր մեծ գազանին, որ խորտակում է մի ամբողչ ցուլի մեջքը, լերդը ուտում է, արյունը խմում է, իսկ մնացածը թողնում և հեռանում է։ Այնուհետև օրերով մնում է սոված, երբ ուրիշ որս գտնել չի կարողանում։ Խաչագողը մի օր կուշտ է, մյուս օր՝ քաղցած։ Մի օր հարուստ է, մյուս օր` աղքատ:

Ես նկարեցի խաչագողի մի քանի ընդհանուր գծերը միայն, իսկ մանրամասնությունները ընթերցողը կտեսնի նույն իսկ «Խաչագողի հիշատակարանի» մեջ։ Այժմ դառնանք դեպի այն հարցը, թե որ երկրից հայտնվեցան խաչագողները։

Սալմաստա* մեջ եղած ժամանակս իմ գլխավոր զվարճություններից մեկն էր Սավրա գյուղը գնալը։ Այդ գյուղը նշանակություն է ստացել նրանով, որ այնտեղ են բնակվում այն հանրածանոթ մարդիկը, որ կոչվում են «խաչագողներ»։ Թողյալ այդ, Սավրան ուներ իր և մի քանի այլ գեղեցիկ կողմերը բնությունն այնտեղ հիանալի էր, կնիկները ավելի սիրուն էին, քան Սալմաստա մյուս գյուղերում, հագնվում էին մաքուր և չափազանց հրապուրիչ էին։ Մի քանիսը արդեն պարսից շահի կանանոցի զարդն էին դարձել, և նրանց ազգականները մշտական թոշակ էին ստանում։ Սավրայի տները, հովանավորված սքանչելի պարտեզներով, պահվում էին ամենայն հստակությամբ։

——————————————
* Սալմաստը Պարսկաստանի Ատրապատական կոչված նահանգի գավառներից մեկն է։ Գտնվում է Ուրմիո ծովակի արևմտյան ափերի վրա։
——————————————

Բայց ինձ ավելի գրավում էին խաչագողները։

Ճշմարիտն ասած, շատ հետաքրքրական էր, այդ մոլաշրջիկների հյուրասեր սեղանի մոտ նստած, նրանց հետ գավաթներ դատարկել և լսել նրանց թափառական կյանքի երկար ու երկար պատմությունները, որոնք լի էին սարսափելի արկածներով։ Խաչագողը միշտ մի առանձին պարծանքով է պատմում իր արարմունքը։ նա իր խաբեությունների, խարդախությունների և այլ չարագործությունների վրա նայում է որպես քաջագործության վրա։ նա քաջություն է համարում անազնվությունը, նենգավորությունը, որովհետև նրանց միջոցով կարողացել է շատ անգամ ահագին գումարներ ձեռք ձգել, թեև խիստ հաճախ ենթարկել է իր անձը սոսկալի վտանգների։

Սավրան խաչագողների որջն էր։

Սալմաստա մեջ թեև ամեն մի հայաբնակ գյուղում կարելի էր գտնել խաչագողներ, բայց չկա Սավրայի պես մեկը, ուր ամբողջ բնակիչները իրանց նվիրած լինեին մի այսպիսի կեղտոտ պարապմունքի։ Ո՞րտեղից էր մտել այդ արհեստը նրանց մեջ, դժվար է բացատրել, միայն այնքան ընտելացել էին մի այնպիսի գործունեության, որ համարյա նրանց համար կենսական պահանջ էր դարձել:

Մտնում ես Սավրա գյուղր։ Փողոցների մեջ խաղում է երեխաների բազմությունը։ Մտածում ես, թե ամբողջ աշխարհի երեխաներից մի-մի հատ այստեղ է բերված։ Նրանց վրա տեսնում ես ամեն երկրի, ամեն ազգերի հագուստները ու գլխարկները։ Այդ ի՞նչ հրաշք է։ Սկսյալ Չինաստանից, Հնդկաստան, Աֆրիկա. Ամերիկա, մինչև Եվրոպայի ամենախուլ անկյունները, ամեն տեղի հագուստով երեխաներ ես տեսնում։ Տղամարդիկը նույնպես ման են գալիս բազմատեսակ հագուստներով։ Հետո հասկանում ես, որ այդ թափառականները, օտար երկրներից վերադառնալու ժամանակ, բերել են իրանց երեխաների համար նույն երկրների հագուստները։

Մտնում ես սավրեցու տունը։ Սենյակները զարդարած են ամեն երկրի ամեն տեսակ կարասիներով։ Պատերի վրա առանց ճաշակի, առանց դասավորության կպցրել են զանազան պատկերներ։ Տեսնում ես մի տեսարան Գարիբալդիի կռիվներից, նրա մոտ սգավոր Աստվածամոր պատկերները, սրով խոցված սրտով, հետո «Թափառական հրեայի» պատկերը, հետո Հիսուս քրիստոսը աղբյուրի մոտ խոսում է Սամարացի կնոջ հետ, հետո մի տեսարան փարավոնների կյանքից։ Փարավոնը պատգարակի մեջ նստած է, մի խումբ ստրուկներ տանում են նրան ուսերի վրա, հետո մի քանի կիսամերկ գեղեցկուհիք լողանում են անտառում հոսող վտակի մեջ, հետո Պիոս IX-ի պատկերը, և մյուսները այս կարգով։

Խիստ զգալի մի տեսարան է ներկայացնում, երբ աչք ես ածում Սավրայի ընտանեկան կյանքի վրա։ Տների մեծ մասում գտնում ես միայն հնացած, գործից ընկած, ծերունի խաչագողներ։ Այդ հմուտ, փորձված վարպետները հայրենական արհեստի մեջ զարգացնում են իրենց կանդիտատներին փոքրիկ, նորընծա խաչագողներին։ Բոլոր երիտասարդները պանդխտության մեջ են գտնվում, նրանց կնիկները մնացել են առանց ամուսինների։

Սավրեցի կինը համբերող է, ողջախոհության պես համբերող է նա։ Նա սպասում է. երկար ու ձիգ տարիներ սպասում է։ Նա տանում է աղքատություն, միշտ հրապուրված այն քաղցր հուսով, թե մի օր իր տղամարդը կվերադառնա գանձերով։

Նա ընդունում է իր տղամարդին այն հպարտ պարծենկոտությամբ, որպես քուրդի կինը ընդունում է իր հերոսին, երբ նա վերադառնում է կովի դաշտից, իր հետ բերելով անբավավար և կողոպուտներ։

Սավրեցի կնոջ մի այսպիսի վիճակը փոխել է նրա ոչ միայն բնավորությունը, այլև նրա հասարակական դրությունը: Սավրեցի կինը ինքը տղամարդ է, երբ նրա ամուսինը տանը չէ։ նա Սալմաստա մյուս գյուղերի կնիկների նման փակված կյանք չէ վարում։ Նա ավելի աշխարհային մարդ է։ Նրա վրա է դրած բոլոր հոգսը, բոլոր ծանրությունը ընտանիքի, որովհետև տղամարդը տանը չէ։ Նա մինչև անգամ մասնակցում է իրանց գյուղային հասարակության բոլոր գործերի մեջ, որպես են՝ հարկերի բաշխումը, ջրի հերթով բաժանելը, վարը վարելը, ցանքը ցանելը, մի խոսքով, լցուցանում է գյուղական տնտեսության բոլոր պահանջները։ Երևակայեցեք մի այսպիսի կնոջ դրությունը, որը գերդաստանի մայր է, որը ապրում է Ասիայում, որի գործունեությունը ընտանեկան շրջանից դուրս կարող է հանդիպել հազար ու մեկ փորձանքների...

Սավրայի գերեզմանատունը մինչև անգամ զուրկ է տղամարդերից։ Նրանք մեծ մասամբ մեռնում են պանդխտության մեջ և թաղվում են օտար երկրների հողի տակ։ Սավրայի գերեզմանատան մեջ հանդիպում ենք անթիվ շիրիմներ, որոնց մեջ ամփոփված են ոչ թե այս և այն խաչագողի մարմինները, այլ նրանց գլխարկը, կամ ճանապարհի ցուպը, կամ հողաթափները, վերջապես մի բան, որ հեռավոր երկրներից բերել էր մեռած խաչագողի ընկերը, որպես միակ հիշատակ նրա սիրելի ամուսնին։ Կինը տոհմային գերեզմանատան մեջ թաղել է տալիս իր տղամարդի հիշատակի այն թանկագին նշանը, նրա անունով շիրիմ է կանգնեցնում։ Եվ ամեն տարի, երբ հանգուցյալների համար հոգեհանգիստ է կատարվում, անբախտ կինը օրհնել է տալիս այն գերեզմանը, խունկ է ծխում և նրա մոտ նստած արտասուք է թափում։ Ինձ ցույց տվեցին մի նշանավոր խաչագողի գերեզման, որի մեջ ամփոփված էր հանգուցյալի քթախոտի տուփը միայն, իսկ նա ինքը մեռել էր Ճապոնիայում։

Բայց պատահում էին զարմանալի դեպքեր։

Շատ անգամ, դեռ աոաջին մեղրամիսը չլրացած, տղամարդը թողնում էր իր նորահարսին և հեռանում էր դեպի օտար աշխարհ։ Խեղճ կինը սպասում էր նրան։ Անցնում էին տարիներ, տասն-քսան տարի, նա դեռ սպասում էր։ Վերջը լսում էր նրա մահվան բոթը, ստանում էր նրանից մի հիշատակ և թաղել էր տալիս տոհմային գերեզմանատան մեջ։ Բայց քիչ չէր պատահում, որ այսպիսի, արդեն մեռածների կարգը դասված պանդուխտը, մի քանի տասնյակ տարիներից հետո, հանկարծ հայտնվում էր, կարծես թե, անդունդից դուրս էր գալիս նա, մաշված, ալևորված և բոլորովին հնացած։ Բայց նա թողել էր իր ընտանիքը և իր հայրենիքը, երբ տակավին առողջ ու թարմ էր հասակով։ Նա գտնում էր իր ընտանիքը ցրիվ եկած, ամեն ինչ ոչնչացած... կինը ուրիշ մարդու գնացած և ուրիշ գերդաստանի մայր դարձած... իր թողած տան հետքն անգամ չէր մնացել... միայն գերեզմանատան մի քարի վրա կարդում էր նա իր անունը, իր մահվան արձանագրությունը...

Սավրա գյուղը ռուս-պարսկական 1826 թվի պատերտզմից առաջ համարյա մի փոքրիկ քաղաք էր, նա ուներ մի քանի հազար տուն բնակիչներ։ Բայց երբ պատերազմից հետո ավելի քան 40 հազար հայեր Պարսկաստանից գաղթեցին դեպի Ռուսաստան, նրանց հետ և Սավրայի հայերի մեծ մասը թողեցին իրանց հայրենիքը։ Անցնելով Երասխ գետի մյուս կողմը, սավրեցիք բաժանվեցան և հիմնեցին չորս գյուղեր։ Հին-Նախիջևանի գավառում Թումբուլ և Յարըմջան գյուղերը, Դար-Ալադաղի գավառում՝ Փոռ գյուղը, իսկ Շարուրի մեջ՝ Դաշ-Արխ գյուղը։

Փոխելով իրանց հայրենիքը՝ Պարսկաստանը, և զետեղվելով Երևանա նահանգում, խաչագողների գաղթականությունը չփոխեց իր հին արհեստը։ Կարճ ժամանակում նրանք տարածվեցան

Ռուսաց կայսրության ամենահեռավոր գավառներում, սկսեցին գործ դնել իրանց խաբեությունները։ Ռուսներն այղ ժամանակ դեռ նոր էին տիրել Երևանյան նահանգը։ Կառավաքությունը ուշադրություն դարձրեց իր նոր հյուրերի՝ խաչագողների վրա։ Արգելվեցավ նրանց անցաթուղթ տալ* կամ բաց թողնել Անդրկովկասից դուրս դեպի Կայսրության այլ կողմերը։ Իսկ այդ կարգադրությունը չէր արգելում խաչագողներին զանազան խաբուսիկ միջոցներով կեղծ անցաթղթեր ձեռք բերել և գնալ, ուր որ ցանկանում էին։ Նրանք հայտնվում էին Ռուսաստանի ամենախուլ կողմերում, ըստ մեծի մասին հույն աբեղաների անունով, որպեսզի, ռուսների հետ կրոնակից ձևանալով, գրավեն նրանց համակրությունը։

——————————————
*Նույն արգելքը մնում է մինչև այսօր։
——————————————

Խաչագողները ոչ միայն իրանց վրա դարձրին կառավարության ուշադրությունը, այլ ռուսաց մամուլն անգամ մի ժամանակ զբաղվեցավ նրանցով։ Ն. Ֆ. Դուբրովինը, Անդրկովկասի հայտնի պատմագիրը, իր էտնոգրաֆիական նկարագրությունների մեջ հայերի վերաբերմամբ, խոսում է միևնույն ժամանակ խաչագողների մասին։ Պ. Պ. Մասլովսկին, Ե. Մելեշկոն և Զելինսկին իրանց գրվածքների մեջ նույնպես խոսում են խաչագողների վրա։*

——————————————
* Այս տողերը գրելու ժամանակ ես ձեռքի տակ չուներ հիշյալ աշխատությունները, միայն օգուտ քաղեցի պ. Մ. Միանսարյանցի «Բիբլիոգրաֆիայի» Ա հատորի 222, 228 և 229 երեսներից։
——————————————

Առհասարակ ռուս գրողների կարծիքը խաչագողների մասին այն է, թե դրանք իսկական հայեր չեն, այլ, մի տեսակ հայ-ցիգաններ են (միջին դարերի race maudite-ների նման), նրանք թեև խոսում են հայերեն, բայց ունեն իրանց առանձին լեզուն և սովորությունները. թե ըստ մեծի մասին վաճառում են ամբողջ աշխարհում քրիստոնեական սրբություններ, թափառում են Ռուսաստանում հույն կրոնավորների անունով և պանդխտության մեջ միշտ խույս են տալիս իսկական հայերից, աշխատելով չհանդիպել նրանց, որպեսզի չճանաչվեն և այլն:

Թե խաչագողները հայ-ցիգաններ են և ոչ իսկական հայեր, դա մի ենթադրություն է. որ դեռևս ապացուցված չէ, որը տակավին վիճաբանության ենթակա է։ Ես այդ կարծիքի դեմ ոչ ի նպաստ և ոչ հակառակ ասելիք չունեմ։ Միայն այսքան ավելորդ չեմ համարում նկատել, որ բոլորովին սխալ է, թե խաչագողները առանձին լեզու ունեն։ Նրանք ունեն, որպես վերևում հիշեցի, մի տեսակ շինծու, հնարած, պայմանական լեզու, նրանք ունեն արգո։ Այդ է պատճառը, որ խաչագողների մի խմբի խոսակցությունը մյուս խմբին բոլորովին անհասկանալի է։ Եթե խաչագողը նույն լեզվով խոսե իր կնոջ, իր զավակների հետ, նրանք ևս ոչինչ չեն հասկանա։ Եվ այդ լեզուն յուրաքանչյուր խմբի մեջ շուտ-շուտ փոխվում է, երբ նա փոքրիշատե հասկանալի է դառնում։

Ով որ փոքրիշատե ուսումնասիրել է, թե ինչ է նշանակում «ծտի լեզու», «ճնճղուկի լեզու», «ագռավի լեզու», կարող է գաղափար կազմել, թե նույնիսկ հայկական բառերի մեջ ավելորդ հնչյուններ մտցնելով (իհարկե կանոնավոր կերպով) կարելի է այնպիսի լեզու ստեղծել, որ մյուս հայը չէ կարող հասկանալ, եթե բառերի կազմության պայմանների հետ ծանոթ չէ։ Այս տեսակ լեզվի գործածությունը մինչև այսօր սռվորական է մեր գավառացի հայերից շատերի մոտ։

Ես չեմ հերքում, որ մենք ունեցել ենք հայ-Բոշաներ և այժմ ունենք։ Բայց հայ-Բոշաների և խաչագողների թե սովորությունների և թե կենցաղավարության պայմանների մեջ մեծ տարբերություն կա։ Հայ-Բոշաները ասիական մյուս ցիգան (չինգանե) ցեղերի նման հաստատաբնակ չեն, թափառական կյանք են վարում, ընտանիքով, ամբողջ խմբերով գաղթում են մի տեղից մյուս տեղ, երկրագործությամբ չեն պարապում։ Հայ-Բոշաների կնիկները պարապում են կախարղություններով, պար են գալիս, երգում են, իսկ տղամարդիկը կամ նվագածուներ են, կամ պարապում են մի քանի ողորմելի արհեստներով, որպիսիք են՝ մաղ գործել, զամբյուղներ հյուսել և այլն։ Դրանք խարդախներ, խաբեբաներ չեն։ Դրանք աղքատ, բայց միևնույն ժամանակ խիստ սակավապետ մարդիկ են։ Հարստանալու բարձր ձգտումներ չունեն։ Դրանց տիպը կատարյալ բոշայական է և պահպանել են բոշաների կենցաղավարության ձևերը։ Որոնց ընդհակառակն, խաչագողը հաստատաբնակ է, նա իր ընտանիքը իր հետ ման չէ ածում, տղա մարդիկ թափառում են, բայց կնիկները իրանց տեղից չեն շարժվում։ Նա իր հայրենիքում գեղեցիկ տնտեսություն ունի, նրա տունը, պարտեզը, այգին, մշակության դաշտերը կարող են օրինակելի դառնալ ամենազարգացած երկրագործների համար։ Բայց երբ տանից դուրս է գալիս նա, այն ժամանակ միայն սկսում է աֆֆերաների մեջ մտնել։ Խաչագողը շատ անգամ ոչնչով սկսում է ահագին դրամական շրջաբերությունների մեջ դեր խաղալ։ Նա սակավով չէ բավականանում, նա սարսափելի անհագ ձգտումն ունի մեծանալու, բարձրանալու և հարստանալու։

Իսկ այդ անսանձ բաղձանքը ձգում է նրան խաբեբայությունների և խարդախությունների մեջ։ Խաչագողը և կառավարչական աստիճանների վրա, անվաստակելի եռանդով, աշխատում է միշտ դեպի վեր մագլցել։ Եղել են խաչագողներից այնպիսիներըէ որոնք անգլիացոց տիրապետությունից առաջ հնդկական թագավորների մոտ աոաջին վեզիրի պաշտոն էին կատարում կամ ամբողջ նահանգների փոխարքաներ էին։ Այդ բոլորը այն եզրակացության է հասցնում, որ խաչագողները եթե հայ-Բոշաներ չեն, իսկական հայեր ևս չեն։ Նրանք հայերի մի առանձին ցեղին են պատկանում։

Բայց ի՞նչ անուն է այդ խաչագո՜ղ: Ինչո՞վ ժառանգեցին նրանք այդ անունը։

Խաչագողները իրանց վարքուբարքով արժանացան մի քանի այլ անունների ևս, որպիսին են՝ «պառավ խեղդող», «էշ ներկող», «սավրգեղցի» և այլն։ Ավելորդ չէր լինի այդ անունների համառոտբացատրությունը հիշել։

«Խաչագող» ասում են նրանց այն պատճառով, որ շատանգամ պատահել է, որ նրանցից մեկը իրան ձևացրել է որպես աբեղա և այս ու այն եկեղեցում կամ վանքում հոգևոր պաշտոն է ստացել։ Հետո աբեղան, տաճարի բոլոր խաչերն ու արծաթեղենները գողանալով, հանկարծ՛ անհայտացել է։ «Պառավ խեղդող» կոչում են նրանց այն պատճառով, որ այդ մարդիկ շատ են սիրում մոտենալ հարուստ պառավներին, ծանոթանալ, բարեկամանալ նրանց հետ, իսկ երբ բոլորովին ընտանի են դառնում, մի օր խեղդում են պառավին և, բոլոր հարստությունը կողոպտելով, աներևութանում են։ «էշ ներկող» կոչում են նրանց իրանց չափազանց ճարպկության համար գողության գործի մեջ։ Խաչագողը կարող է գողանալ մեկի, օրինակ, մոխրագույն էշը, հետո ներկելով՝ գույնը սևի փոխել և իր առաջվա տիրոջ վրա վաճառել։ Տերը երբեք չէ կարող ճանաչել, թե այդ անասունը մի ժամանակ իրան էր պատկանում։ «Սավրգեղցի» կոչում են նրանց իրանց բնիկ գյուղի՝ Սավրայի անունով, որը գտնվում է Պարսկաստանի Սալմաստ գավառում։

Պարսկաստանի հայերի 1857 թվի գաղթականությունից հետո, թեև Սավրա գյուղի բնակիչների մեծ մասը, որպես ցույց տվի վերևում, տեղափոխվեցան դեպի Երևանյան նահանգը, բայց Սավրայի մեջ դարձյալ մնացին մի քանի հարյուր տուն խաչագողներ և մնում են մինչև այսօր։

Սալմաստում եղած ժամանակս ես հաճախ գնում էի խաչագողների գյուղը, իմ նպատակն էր ոչ միայն ուսումնասիրել այդ բախտախնդիրների կյանքը, այլ ինձ առավել հետաքրքրում էր մի երևելի խաչագողի պատմությունը, որին կոչում էին Մուրադ։ Ինձ ցույց տվին նրա տունը, ես մտա այն գեղեցիկ սենյակը, որի մեջ մի ժամանակ ապրում էր այդ նշանավոր մարդը, որ թողել էր իր արհեստակիցների հիշողության մեջ շատ և շատ զարմանալի պատմություններ։ Մուրադը վաղուց մեռած էր, ավելի ճիշտ կլիներ ասել սպանված էր, առանց ժառանգ թողնելու։ Ես գտա նրա կնոջը միայն, յոթանասունամյա պառավ Նանային*։ Դա մի կին էր խիստ բարի երեսով և խելացի աչքերով։ Նա շատ դժվարությամբ հանձն առեց պատմել ինձ մի քանի դեպքեր իր ամուսնի կյանքից։ Բայց ինչ որ պատմեց, այն էլ բավական էր իմ հարցասիրությունը հագեցնելու համար։

——————————————
* Րաֆֆին 1857 թվականի սկզբին եղել է Սավրայում, խաչագող Մուրադ Խուդավերդյանի տանը, ծանոթացել է նրա զառամյալ կնոջ հետ և տեղեկություններ է հավաքել Սավրայի խաչագողերի՝ Մուրադի ու նրա ընկերների կյանքի ու գործունեության վերաբերյալ։ Նանա (Նենե) կերպարի վիպական անունն է, նախատիպի իսկական անունը եղել է Կզլար (տես «Մուղսի Բարսեղ մահտեսի Ռոստոմյանի պատմածները Րաֆֆիի «Խաչագողի հիշատակարանի» հերոս Մուրադի մասին» (ձեռագիր գրառում), Գրականության և արվեստի թանգարան, Րաֆֆու ֆ., N. 49։
——————————————

Երբ ես փոքրինչ մտերմացա պառավի հետ, երբ նա հասկացավ իմ հարցասիրության նպատակը, ավելի համակիր եղավ դեպի ինձ։ Ես հարցրի՝ չէ՞ մնացել արդյոք հանգուցյալից որևէ գրավոր բան։ Նա վե՛ր կացավ և, մի հնադարյան պահարանից դուրս բերելո՛վ մի տետրակ, դողդոջուն ձեռքով տվեց ինձ։ Ավերակների մեջ թաքնված գանձ գտնողը այն քան ուրախ չէր լինի, որքան ուրախացա ես նույն րոպեում: Այդ, հնությունից դեղնած, քրքրված տետրակը Մուրադի օրագիրն էր։ Նա գրված էր զանազան ժամանակ, զանազան գույն մելաններով։ Մի քանի տեղերում պակասում էին ամբողջ երեսներ, մի քանի տեղերում ևս սկսված գլուխը մնացել էր առանց վերջացնելու։

Այսուամենայնիվ, տետրակը բովանդակում էր իր մեջ հետաքրքիր տեղեկություններ թե՛ հեղինակի և թե՛ առհասարակ խաչագողների վերաբերությամբ։

Նրա թերությունները լրացրեց պառավը իր պատմություններով։

Ես վաղուց դիտավորություն ունեի գրել մի բան խաչագողների կյանքից, և այղ բաղձանքը իրագործելու համար բավական էր ինձ օգուտ քաղել Մուրադի օրագրություններից։ Այդ օրագրությունը կոչվում էր «Խաչագողի հիշատակարան»։Ես էլ այղ անունը տվեցի իմ վեպին։ Բարեկամներիցս ոմանք խորհուրդ էհն տալիս ինձ չտպել այդ վեպը։ Բայց մինչև երբ. պիտի ծածկենք մեր կեղտերը։ Դա նույնը կլիներ, ինչպես մի հիվանդ ամաչելով թաքցներ այն վերքերը, որոնք օրըստօրե ավելի փտելով, նեխելով վարակում են մարմնի ամբողջ կազմվածքը...

Պառավը, որի մասին հիշեցի վերևում, բանաստեղծական տիպ չէ, դա միևնույն նանան է, որին կտեսնե ընթերցողը այս վեպի ընթացքում։ նա մեռավ 1857 թվին, ապրելով որպես առաքինի կին և բարեպաշտ քրիստոնյա։ Իսկ Մուրադը, այդ վեպի հերոսը, նույնպես պատմական անձնավորություն է։ Նա վերջը, խաչագողների հասարակությունից հեռանալով, մտավ մի այլ խումբի մեջ, դարձավ անդամ մի այլ հասարակության , որի հետ կծանոթանա ընթերցողը, երբ լույս կտեսնի իմ «Կայծեր» կոչված աշխատությունը, որն այժմ մամուլի տակ է։

Վերջացնելով իմ նախաբանը, սկսում եմ «Խաչագողի հիշատակարանը», պահպանելով նույն ձևը և նույն դասավորությունը, որպես Մուրադը գրել էր իր օրագրությունները։

Ա

ԹՈԻՅՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԱԹԻԼՆԵՐԸ
Ես հայր չեմ տեսել։ Մայրս ասում էր, որ ես դեռ չծնված, հայրս թողեց հայրենի երկիրը, դիմեց դեպի օտար աշխարհ և պանդխտության մեջ կորավ։

Երկար ժամանակ մենք նրա մասին տեղեկություն չունեինք. ոչ նամակ էինք ստանում և ոչ որևիցե լուր: Մի անգամ հայտնվեցավ հորս պանդխտության ընկերը, բերեց նրա մատանին և, տալով մորս, հաղորդեց նրա մահվան բոթը։ Մեր դրացի կնիկները համոզում էին մորս, որ թաղել տա այդ մատանին գերեզմանատան մեջ և հորս համար մի հիշատակարան կանգնեցնե։ Բայց մայրս չկամեցավ, որովհետև նա ամենևին չէր հավատում, որիր ամուսինը մեռած է։ Նա վճոել էր սպասել երկար տարիներ, սպասել հորս վերադարձին։ Այդ պատճառով նա մերժեց հորս մահվան բոթը մեզ բերող մարդու ձեռքը, որ ցանկանում էր մորս հետ ամուսնանալ։

Մորս կոչում էին Նազանի, նա շատ գեղեցիկ կին էր և բարի, ո՞վ չէր սիրի նրան։ Բայց նա ասում էր, եթե իմ ամուսնի մահը ստույգ ևս լինի, դարձյալ ցանկություն չունի մարդու գնալու, որովհետև մտածում է յուր երեխաների համար։ Մենք, երեխաներս, չորս հոգի էինք՝ մեկը ես և երեք քույրեր։

Գյուղը, ուր բնակվում էինք մենք, կոչվում էր Սավրա։ Դա Սալմաստա ամենագեղեցիկ գյուղերից մեկն էր։ Շրջապատված րնդարձակ այգիներով, նա, կարծես, թաքնված լիներ խիտ անտառների մեջ։

Նրա միջով հոսում էր Սոլա գետը և ոռոգում էր բոլոր այգիները։

Հորից զրկվելով, մենք մնացինք մեր քավոր Պետրոսի խնամակալության ներքո։

Քավոր Պետրոսը հայտնի էր մեր գյուղում որպես փորձված,խելացի և լավ մարդ։ նա այնքան սիրելի էր ժողովրդին, որ բոլորը նրա անունովն էին երդվում։ Դեռ ժամատան կոչնակի առաջին զարկի ձայնը չլսված, դեռ քահանաները չեկած, քավոր Պետրոսը եկեղեցու դռանը կանգնած էր լինում, սպասում էր, որ դռները բաց անեն, գնա իր վաղորդյան աղոթքը կատարելու։ Նա այն տեսակ մարդկանցից էր, որ Սաղմոսը, Ավետարանը և Նարեկը ձեռքից բաց չեն թողնում, միշտ հոգու և աստծո արքայության վրա են մտածում: Մայրս շատ ուրախ էր, որ իր զավակները մի այդպիսի բարեպաշտ մարդու հոգաբարձությանն էին հանձնված։

Բացի քավոր Պետրոսից, մենք ուրիշ բարեկամ չունեինք:

Ես ունեի մի հորեղբայր, որին կոչում էին Մինաս։ Նա մոտ հիսուն տարեկան մարդ էր։ Ես երբեք առանց սարսափելու չեմ կարող հիշել այդ մարդու միշտ ուրախ, միշտ անհոգ և վայրենի դեմքը։ Նա միանգամայն իրան տված էր զվարճության և ամբողջ օրերով տանը չէր գտնվում։ Մենք զարմանում էինք, թե որտեղից այնքան վատնում էր նա, որովհետև ոչ մի արհեստ կամ պարապմունք չուներ։ Նա երբեմն մի քանի ամիսներով, իսկ երբեմն մի քանի տարիներով անհետանում էր, չէր երևում և հանկարծ հայտնվում էր ոսկիներով լի քսակով։ Ի՞նչպես էր վաստակում, ի՞նչ հնարքով էր ձեռք բերում այդ ոսկիները, ես հասկանալ չէի կարողանում, միայն տեսնում էի, որ նրա ոսկիների թվում կային ամենպետության սիքքեներ։ Կնշանակե, նա շատ երկիրներ էր թափառել...

Բայց հայի առածն ասում էր, որ «քամու բերածն էլի քամին կտանի», այսպես էլ փայլուն ոսկիները նրա ձեռքում երկար չէին մնում, նա շուտով վատնում էր, դարձյալ մնում էր աղքատ, դարձյալ ապրում էր պարտքերով։ Պարտատերերը մեծ վստահություն ունեին նրա հաջողակության վրա, գիտեին, որ իրանց փողը չի կորչի, բավական էր միայն, որ Մինասը ոտքր դուրս դներ տանից, կրկին ձեռքն առներ պանդխտության գավազանը, այնուհետև փող վաստակելը նրա համար հեշտ էր ...

Իմ հորեղբայրը շաբաթը մի քանի անգամ հյուրեր էր ունենում։ Ես երբեմն գնում էի նրանց տունը։ Հյուրերը ուտում էին, խմում էին, խոսում էին, ես միշտ մի առանձին հետաքրքրությամբ էի լսում նրանց խոսակցությունը։ Նրանք պատմում էին իրանց կյանքի զանազան արկածները այլևայլ երկրներում: Սարսափելի և միանգամայն խիստ սոսկալի պատահարներով լի էին լինում այն արկածները, այսուամենայնիվգրավում էին իմ սիրտը։ Ես այն ժամանակ անփորձ էի և երեխայական պարզամտությամբ քաջություն էի համարում նրանց արարմունքը, այդ պատճառով մտածում էի, «Ախ, երբ կլիներ, որ ես էլ մեծանայի, գնայի օտար աշխարհ և դրանց նման փող վաստակեի»...

Այդ միտքը շատ անգամ տանջում էր իմ անմեղ սրտիկը: Երբ իմ բաղձանքը հայտնում էի մորս, նրա աչքերը լցվում էին արտասուքով, և միշտ պատասխանում էր ինձ միևնույն խոսքերով. «Աստված մի՛ արասցե, որ դու նրանց նման փող աշխատես»...

Ինչո՞ւ էր բարկանում մայրս, ինչո՞ւ էր անիծում ինձ, մի՞թե վատ էին նրանք, մի՞թե լավ էր այնպես աղքատության մեջ ապրել, որպես ապրում էինք մենք։ Ես վրդովվում էի և սկսում էի մորս կոպտություններ ասել։

Նա միայն լաց էր լինում և ոչինչ չէր պատասխանում...

Մի անգամ միայն նա ասաց ինձ.

— Նրանք «խաչագողներ» են ...

Այդ խոսքը կարծես այրեց նրա լեզուն։

Քայց ի՞նչ էր խաչագողը, այդ բառի նշանակության մասին ես ոչինչ գաղափար չունեի։ Մայրս նույնպես չբացատրեց։ Նա միայն խրատում էր, որ հեռու կենամ նրանցից, չհրապուրվեմ նրանց գործերով, որովհետև նրանք լավ մարդիկ չեն։

Մայրս մեր գյուղացի չէր. նա Վանի կողմերիցն էր, այդ պատճառով զզվում էր մեր գյուղացիներից։ Վերջին ժամանակներում նա արգելեց ինձ, որ այլևս հորեղբորս տունը գնամ և նրա երեխաների հետ խաղամ։ Եվ որպեսզի ինձ բոլորովին հեոացնե մեր գյուղից, մտածում էր այդ մասին մի հնար գտնել։ Մի անգամ ասաց ինձ.

— Մուրադ, որդի, քեզ պետք է մի արհեստ սովորել։

Նա սկսեց երկար ու երկար բացատրել ինձ, թե որքան բախտավոր մարդ է ազնիվ և աշխատասեր արհեստավորը, որքան ապահովված է նրա կյանքը, որքան ազատ և անկախ է նրա ապրուստը։

— Ի՞նչ արհեստ, — Հարցրի ես։

Նա՝ ասաց, որ քավոր Պետրոսի հետ խորհրդակցել է այդ մասին, և վճռել են, որ ես սովորեմ դարբնություն։

— Դարբնությո՜ւն, — գոչեցի ես, — ես չեմ ուզում սևանալ երկաթի՛ ու ածուխի փոշիների մեջ։

— Դու չես սևանա, — պատասխանեց մայրս իր սովորական հանդարտությամբ։ — Ածուխի սև փոշիներից դուրս է գալիս սպիտակ հաց և սպիտակ արծաթ, որ, ընդհակառակն, միշտ սև են և միշտ սև կմնան երեսները այն մարդկանց, որոնք խարդախությամբ ուրիշի ոսկիները կողոպտում են, իսկ իրանք դարձյալ մնում են քաղցած...

Ես հասկացա, մորս ակնարկությունը խաչագողների մասին էր։

Ես մորս շատ էի սիրում, հորս անհայտանալուց հետո նա մեզ սնուցել էր ծնողական բոլոր քնքշությամբ։ Այդ պատճառով նրան հակառակել չկարողացա, միայն հարցրի.

— Ինչո՞ւ անպատճառ դարբնություն, մի՞թե ուրիշ արհեստները վատ են։

— Բոլորը լավ են,— պատասխանեց նա։ — Աշխատանքը և աշխատությունը միշտ լավ է, վատ է միայն ծուլությունը, անգործությունը։

Հետո ավելացրեց, նրա համար է բարվոք համարում սովորել ինձ դարբնություն, որ այդ արհեստը ավելի հարմար էր իմ կազմվածքին։ Դարբնի համար հարկավոր էին ուժեղ մկաններ, զորեղ բազուկներ և հաջողակ ձեռք՝ այդ բոլորը ունեի ես։

— Քավոր Պետրոսն ևս այղ խորհրդի մեջ համաձայն է ինձ հետ, — ասաց մայրս։

Քավոր Պետրոսի հեղինակությունը այն աստիճան նշանակություն ուներ մեր ընտանիքի համար, որ մենք ամենքս խոնարհվում էինք նրա առջև և ընդունում էինք նրա տված խորհուրդները։

Մեր գավառի դարբնոցները գտնվում էին ըստ մեծի մասին Հին քաղաքում (Քոհնա-Շհարում), որը հեռու էր մեր գյուղից մեկ մղոն հեռավորությամբ։ Երկու օր չանցած այդ խոսակցությունից, մայրս ինձ իր հետ առնելով, տարավ Հին քաղաքը, հանձնեց ուստա Գրիգորին։ Եվ որովհետև հեռավորության պատճառով դժվար էր ամեն օր և գնալ այնտեղ, և վերադառնալ մեր գյուղը, դրա համար ես ամբողջ շաբաթը գնում էի դարբնոցը աշխատելու, իսկ գիշերները կենում էի իմ մորաքրոջ տանը։ Կիրակի օրերը միայն գալիս էի մեր տունը մորս և քույրերիս տեսնելու համար։

Թե՛ քավոր Պետրոսի և թե՛ մորս նախատեսությունը իմ ընդունակության մասին դարբնության արհեստի մեջ, սխալ չէր։ Ես մի քանի ամիսների ընթացքում սովորեցի այնքան, ինչ որ ուրիշ աշակերտները սովորել էին տարիներով։ Մայրս չափազանց ուրախ էր իմ հառաջադիմության համար, ոչ սակավ ուրախանում էր և քավոր Պետրոսը։ Նա մի օր տվեց ինձ մի բանալի, ասելով.

— Այդ բանալին փորձելու համար եմ տալիս քեզ, Մուրադ, եթե դու կշինես դրա նման մեկը, ես կհավատամ, որ դու քո արհեստի մեջ բավական առաջ ես գնացել։

Ես քննեցի բանալին, իսկույն հասկացա, որ դա մեր երկրի արհեստավորների գործ չէր, այլ Ֆրանգստանում, կամ մի այլ տեղում էր շինված, ուր արհեստը ավելի առաջ էր գնացել, քան թե Պարսկաստանում։

— Իսկ եթե ճիշտ դրա նման շինելու լինեմ, — Հարցրի ես բանալին լավ զննելուց հետո։

— Քեզ համար կարել կտամ մի ձեռք բոլորովին նոր հագուստ, — Ասաց քավոր Պետրոսը։ — Շատ ժամանակ է, որ քեզ ոչինչ չեմ ընծայել։

Հետևյալ կիրակի օրը, երբ վերադարձա մեր գյուղը, արդեն պատրաստ բանալին տարա քավոր Պետրոսի մոտ։ Նա առեց ձեռքը, համեմատեց, այս կողմը շուռ տվեց, այն կողմը շուռ տվեց, հետո ասաց.

— Բոլորովին նման է...

Քավոր Պետրոսը կատարեց իր խոստմունքը՛ ես հենց նույն օրը հագա նրա կարել տված նոր հագուստը։

— Մուրադ, — Հարցրեց նա փոքր-ինչ մտածելուց հետո, — Այդ բանալին շինելու ժամանակ դարբնոցում ո՞վ տեսավ, երևի վարպետդ կամ մեծ աշակերտներից մեկը քեզ ցույց տվին շինելու կերպը։

— Ես ոչ ոքին ցույց չեմ տվել։

— Ինչո՞ւ։

— Մեր դարբնոցում արգելված է աշկերտներին իրանց համար բաներ շինել, այդ պատճառով ոչ ոքին ցույց չտվի։ թաքուն շինեցի։

— Երբ որ այդպես է, ես էլ ոչ ոքին ցույց չեմ տա, դու էլ ոչ ոքին մի ասա։ Ես չեմ ուզում, որ քո վարպետը քեզ վրա բարկանա։

Ես այն աստիճան հրապուրված էի իմ նոր հագուստի ուրախությունով, որ ամենևին հասկանալ չկարողացա, թե ի՛նչ խորհուրդ ունեին քավոր Պետրոսի այդ նախազգուշությունները։ Դիցուք թե մեր դարբնոցում աշկերտներին արգելված էր իրանց համար իրեղեններ շինել, դիցուք թե իմ վարպետը հասկանար, թե ես մի բանալի եմ շինել, ի՞նչ պիտի աներ նա, շատ-շատ ականջներիցս փոքր-ինչ ձիգ տար, և դրանով կվերջանար պատիժը։

Բայց ես զարմացա, երբ քավոր Պետրոսը պատվիրեց, որ իմ մորն էլ չհայտնեմ, թե նրա համար մի բանալի եմ շինել։ Ինչո՞ւ չի պիտի հայտնեի, մայրս ավելի կուրախանար, դրա մեջ ի՞նչ ծածկելու մի բան կար։

Բայց ես քավոր Պետրոսին սուրբի նման պաշտում էի։ Երևի, մտածում էի, այնպես ավելի լավ կլինի, նա ինձանից թե խելքով և թե՛ հասակով ավելի մեծ է, բաների կարգը ինձանից ավելի լավ է իմանում։

Անցան մի քանի ամիսներ, անցավ մի տարի։ Ես բոլորովին մոռացա բանալիի գոյության մասին։ Քավոր Պետրոսի ընծայած հագուստը մաշվեցավ, ես դարձյալ նոր հագուստներ ու ընծաներ ստացա նրանից։ Նա ինձ որդու պես սիրում էր, և ամեն անգամ, երբ տեսնում էր իմ շինած բաներից մի գեղեցիկ գործ, իմ առաջադիմությունը առանց վարձատրության չէր թողնում։ Մայրս ուրախանում էր, երբ ես օրըստօրե գրավում էի մեր բարերարի համակրությունը և նրան սիրելի էի դառնում։

Ամբողջ չորս տարի ես աշխատում էի իբրև աշկերտ, վարպետս ինձ միայն հացի փող էր տալիս, բայց երբ տեսավ իմ աշխատանքն ու իմ շնորհքը, այն ժամանակ ռոճիկ նշանակեց։ Ռոճիկը ստանում էի յուրաքանչյուր ամսի սկզբում, ամեն անգամ երկու ոսկի։ Երբ աոաջին անգամ ստացա երկու ոսկին, իսկույն շտապեցի մորս մոտ, տվեցի նրան իմ քրտինքի աոաջին պտուղը։

Մայրս ուրախության արտասուքը աչքերում գրկեց ինձ և համբուրելով ասաց.

— Տեսնո՞ւմ ես, զավակս, որ երկաթի ու ածուխի փոշիներից փայլուն ոսկիներ դուրս կգան, — տեսնո՞ւմ ես, թե որքան քաղցր է արդար աշխատության պտուղը։

Ես իսկույն հիշեցի, որ այդ միևնույն խոսքերը նա ասաց ինձ չորս տարի առաջ, երբ առաջին անգամ աշխատում էր համոզել ինձ, որ արհեստ սովորեմ։ Իսկ այժմ միայն հասկացա, որ ճշմարիտ էին նրա խոսքերը, իրավ որ քաղցր էր, շա՝տ քաղցր արդար աշխատանքի պտուղը։

Ես այնպես սիրով կպած էի իմ արհեստին, որ այլևս ուրիշ բանի վրա չէի մտածում։ Ես այնուհետև հորեղբորս տունը չէի գնում և այնքան զզվում էի նրա ընտանիքից, որքան մայրս։ Մենք այժմ կարոտություն չունեինք հորեղբորս օգնությանը։ Վարպետս հետզհետե իմ վարձը ավելացնում էր, ես այնքան էի ստանում, որ բավական էր մորս և քույրերիս համեստ ապրուստի համար։

Վարպետս զարմանալի ընդունակություն ուներ յուր աշկերտներին խրախուսելու, նրանց եռանդը բորբոքելու և նրանց միշտ թարմ աշխուժության մեչ պահելու համար։ Նա չափազանց լավ մարդ էր, ինձ որդու նման սիրում էր և միշտ բարի խրատներ էր տալիս։ Նա խոստանում էր, որ եթե մի քանի տարի ևս կշարունակեմ գործել նրա արհեստանոցում և բոլորովին կկատարելագործվեմ, այն ժամանակ կօգնե ինձ, միջոցներ կտա, որ ինձ համար սեփական արհեստանոց բաց անեմ։ Ես բոլորովին հավատում էի, որ նա կկատարե իր խոստմունքը, այդ պատճառով ավելի եռանդով էի աշխատում։ Նա այնքան բարի և ճշմարիտ մարդ էր, որ երբեք չէր խաբի։ Ես արդեն մի քանի օրինակներ էի տեսել, թե որպես իր աշկեր տներին բախտավորացրել էր նա։

Բայց մի սարսափելի դեպք ոչնչացրեց իմ բոլոր գեղեցիկ ցնորքները...

Մի օր հանկարծ մտան մեր արհեստանոցը ոստիկանության ֆերրաշները, վարպետիս կալանավորեցին, արհեստանոցր շրջապատեցին զինվորներով, սկսեցին խուզարկություններ անել։ Վարպետիս հետ կալանավորեցին մեր աշկերտներից ու բանվորներից շատերին։ Ես փախա, ինձ բռնել չկարողացան:

Երեկո էր. արևը մայր էր մտել, գիշերային խավարը հետզհետե տարածվում էր երկրի վրա։

Ես առանց կանգ առնելու վազում էի ինչպես մի սրընթաց եղջերու, բայց ինքս էլ չգիտեի, թե ո՛ւր էի գնում։ Երկյուղն ու սարսափը ինձ առաջ էին մղում։ Ես լավ գիտեի, թե ի՛նչ բան է պարսկական ֆերրաշը, և ի ՞նչ սոսկալի հետևանք կարող է ունենալ մի քանի ժամ առաջ պատահած անցքը։

Երբ բոլորովին մթնեց, կանգնեցի, որ փոքր-ինչ հանգստանամ։ «Ո՞ւր գնամ», այդ հարցը ծագեց իմ գլխում։ Մտածում էի, մտածում և ոչ մի ելք չէի գտնում։ Եթե մեր տունը գնայի։ այնտեղ էլ կարող էին հայտնվել ֆերրաշները։ Հուսահատությունը խեղդում էր ինձ. ամբողջ մարմնով դողում էի:

Մինչ այդ տագնապի մեջ էի, հանկարծ լսեցի իմ անունը. մեկը կանչում էր ինձ։ Զարհուրանքը բոլորովին տիրեց ինձ։ նա մոտեցավ։

— Մուրադ, — Ասաց նա, — ինչո՞ւ ես այսպես շփոթված, ի՞նչ է պատահել քեզ հետ։

Ես հանգստացա։ Ինձ հետ խոսողը իմ ծանոթներից մեկն էր։ նա մի լավ պատանի էր, որին կոչում էին Ասլան։ Ես պատմեցի նրան մի քանի ժամ առաջ պատահած դժբախտությունը։ Նա փոքր-ինչ մտածեց, հետո ասաց.

— Եկ ինձ հետ, մենք չենք թողնի, որ դու ֆերրաշների ձեռքն ընկնես։ Այդ «մենքից» ես հասկացա, որ նա մենակ չէր, այլ ուրիշ ընկերներ ևս ուներ։

Նա տարավ ինձ իր ընկերների մոտ. մեկի անունը Կարո էր,մյուսինը՝ Սագո։ Դրանք որբ պատանիներ էին, անտուն, անտեղ, անհայր և անմայր։ Ապրում էին երկնքի թռչունների նման, քնում էին այնտեղ, որտեղ մթնում էր օրը։ Երեքն էլ հասակակից էին ինձ հետ։ Ես առաջուց ծանոթ էի նրանց հետ և լավ ծանոթ։ Նրանք Հին քաղաքի դպրոցի աշակերտներից էին, սովորում էին մի քահանայի մոտ, որին կոչում էին տեր Թոդիկ։ Մի անգամ այդ երեքն էլ փախան նրա դպրոցից և բոլորովին անհայտացան։ Այն օրից անցել էին մի քանի ամիսներ, այժմ առաջին անգամ կրկին հանդիպում էի վաղեմի ծանոթներիս։

— Մուրադ, — Ասաց ինձ նրանցից ավելի մեծը՝ Կարոն, — Եթե մեզ մոտ մնալու լինես, դու ազատված կլինես վտանգից:

— Մուրադը մեզ հետ ընկեր կդաոնա, — մեջ մտավ Սագոն։

— Ես էլ այդ նպատակով բերեցի նրան, — Ավելացրեց Ասլանը։

Այդ ի՞նչ ընկերություն էր, ինչո՞վ կարող էի ես ընկեր դառնալ նրանց հետ, այդ մասին ոչինչ չխոսեցին։ Բայց ես գիտեի, թե այդ մոլաշրջիկները ովքեր են, կամ ինչ տեսակ տղերք են։ Նրանք դեռ տեր Թոդիկի դպրոցում եղած ժամանակ հայտնի էին իրանց ճարպկություններով և զանազան արկածներով։ Նրանց մասին մարդիկ լավ չէին խոսում, որովհետև նրանք փոքրիկ սրիկաներ էին...

Ես խոստացա նրանց մոտ մնալ, մինչև տեսնեինք, թե վարպետիս գործը ինչով կվերջանար։ Իմ նոր ընկերներն ուրախացան։

Ամառ էր։ Բաց երկնքի տակ ամեն տեղ կարելի էր օթևանել; Ա՜խ, ո՛րքան լայն և ընդարձակ է աստծո աշխարհը, ո՞րքան ախորժելի է, երբ նրա մեջ ազատ ես, և չար մարդիկ չեն նեղացնում քեզ...

Երբ հանգստացա, երբ բոլորովին ուշքի եկա, այն ժամանակ միայն հասկացա, որ մեր գյուղից շատ հեռու չեմ գտնվում։ Մեր գյուղը շրջապատված էր լայնատարած այգիներովև ձեռնատունկ անտառներով։ Այդ անտառներից մեկի միջումն էինք գտնվում։ Լուսընկա գիշեր էր։ Բայց ծառերի խտության մեջ չէր թափանցում լուսնի արծաթափայլ լույսը: Իմ նոր ընկերները ծառերի ճյուղերից հյուսել էին այդ անտառում մի փոքրիկ տաղավար, նրա մեջ նստած էինք։ Նրանք ինձ հաց տվին, խմացրին, աշխատում էին ամեն կերպով մխիթարել ինձ։ գիշերը քնեցի ես խիստ անուշ քնով։

Անցան մի քանի օրեր։ Ես գտնվում էի բոլորովին ապահով դրության մեջ և ամենևին երկյուղ չունեի, թե անտառների այն մոռացված խլության մեջ ֆերրաշները կարող էին գտնել ինձ։ Բայց ինձ անհանգստացնում էր վարպետիս վիճակր.ես մտածում էի իմ մոր, իմ քույրերի մասին։ Ինձ հայտնի էին պարսից դատավորների անիրավությունները, ես գիտեի, երբ որևիցե հանցավոր փախչում է, ձեռք չէ ընկնում, այն ժամանակ նրա փոխարեն կալանավորում են նրա մերձավորներին, սկսում են չարչարել, մինչև հանցավորը հայտնվի։ Բայց ինչո՞վ էի հանցավոր ես, ի՞նչ էի արել, կամ ի՞նչ մեղք ուներ վարպետս։ Ինձ ոչինչ հայտնի չէր։

Ընկերներս հանգստացնում էին ինձ, խոստանում էին, թե ճիշտ տեղեկություններ կբերեն թե՛ վարպետիս և թեմեր ընտանիքի դրության մասին, բայց դեռ որոշ ոչինչ չէին ասում։

Օրըստօրե ընկերներիս հետ ավելի մտերմանում էի և ավելի ընտելանում էի նրանց սովորություններին։ Այդ ուրախ մշտազվարթ պատանիները այժմ այն չէին, որպես տեսել էի, որպես ես ճանաչում էի նրանց, երբ դեռ տեր Թոդիկի ղպրոցում սովորում էին։ Այժմ բոլորովին փոխվել էին։ Այդ դպոցի աշակերտներից շատերի հետ ես ծանոթ էի, որովհետև դպրոցը գտնվում էր մեր արհեստանոցի մոտ։ Երբեմն ես գնում էի այնտեղ, որ տեսնեմ, թե ինչպես են սովորում աշակերյոները։ Ես նրանց ուսման մասին դատել չէի կարող, բայց զարմանում էի, տեսնելով, որ համարյա բոլորը ապուշ, բթամտացած տղերք էին, կարծես նրանց մեջ շունչ և հոգի չկար։ Վարժապետի մշտական երկյուղը շինել էր այդ ողորմելիներին կենդանի դիակներ։ Ես չէի տեսնում նրանց մոտ զվարթ երեսներ, ինձ երևում էր, թե արտասուքը միշտ հոսում էր նրանց աչքերից։ Երկյուղը՝ միգուցե ընկերը մատներ իրան, շինել էր բոլորին կասկածոտ և կեղծավոր։ Ծեծի և ճիպոտների ուժով աշակերտների գլուխներում միտք տարածելը կարող որոշել իրանց խաղի ձևերը, մինչև խաղացնողը չէ շարժում ձեռքի գավազանը։

Բայց Կարոն, Ասլանը, Սագոն թեև նույն դպրոցի աշակերտներն էին, բայց այժմ իրանց աշակերտակիցների նման չէին։ Դրանք կենդանի տղերք էին, համարձակ, միշտ ուրախ, միշտ անհոգ։ Անհոգ էին, ինչպես երկնքի թռչունները, և ապրում էին ճիշտ նրանց նման։ Դրանց մեջ կար սեր, անձնանվիրություն դեպի ընկերը և չափից դուրս անկեղծություն: Ես շատ շուտ ճանաչեցի նրանց, որովհետև այսպիսի մարդերին ճանաչելը հեշտ է, և շուտ էլ կապվեցա նրանց հետ։

Մենք այժմ չորս հոգի էինք, մեզանից ամեն մեկը մի շնորհք ուներ, ես լավ ձայն ունեի, երգում էի. Ասլանը գիտեր ածել ջութակի վրա. Սագոն ածում էրթութագի վրա, իսկ Կարոն լավ ածել գիտեր դայիրա։ Գիշերները կազմում էինք մի ամբողջ երաժշտական խումբ։ Մեր սեղանը լի էր լինում ամենատեսակ ուտելիքներով, գինին խո այնքան էր, որքան կուզես խմե։ Ես առաջին անգամ այնտեղ սովորեցա խմելը։ Պատահում էր, որ մեզ սեղանակից էին լինում սիրելի հյուրեր։ Ամառը գյուղացիների մեծ մասը մեր կողմերում անց են կացնում այգիներում, բոստաններում, մշակության դաշտերում և գիշերներն այնտեղ են պառկում։ Շատ անգամ մեր նվագարանների ձայնը դուրս էր կոչում գյուղացի աղջիկներին այգիների խորքից, նրանք գաղտնի գալիս էին մեզ մոտ քաղցր էր նրանց անցկացնել ամառային գեղեցիկ գիշերները մանկահասակ սրիկաների հետ...

Այդ զվարճությունները այն աստիճան գրավել էին ինձ, որ ես համարյա թե մոռացա վարպետիս։ Ընկերներս թեև խոստացել էին նրա գործերի մասին ինձ տեղեկություն տալ,բայց, որպես հավատացնում էին, դեռ իրանք ևս ստույգ տեղեկություններ չունեին։ Միայն ասում էին, որ երկյուղը դեռ չէ անցել։

Ասեցի, մենք ապրում էինք երկնքի թռչունների պես թռչունները չեն վարում, չեն ցանում, նրանք վայելում են ուրիշի մշակության բերքը։ Այսպես էլ անում էինք մենք։ Գիշերային խավարի մեջ սատանան այնպես համարձակ չէր կարող լինել, որպես մենք։ Բոլոր այգիների լավ-լավ պտուղները մեզ էին պատկանում։ Շատ անգամ թաքուն մտնում էինք գյուղերը։ Ամառվա տոթերի պատճառով տանեցիք քննած էին լինում կտուրների վրա, բակերը և սենյակները թողնելով բոլորովին անմարդաբնակ։ Ներս էինք մտնում մի տուն, գողանում էինք հաց, պանիր, հավեր, ձվաներ և այլ ուտեստներ։ Երբեմն այսպիսի գողություններ անում էինք մեր բարեկամների կամ մեր ազգակիցների տներից։ Հայց երբեք չէր պատահում, որ, բացի ուտելիքներից, գողանայինք մի ուրիշ բան։ Մեր գյուղացիները գինու կարասները սովորաբար թաղում են այգիներում, գետնի տակ։ Մեզ հայտնի էին տեղերը, գիշերով գնում էինք, բաց էինք անում, վեր էինք առնում որքան մեզ պետք էր։ Մենք խղճմտավոր և փոքրիկ գողեր էինք, մեզանից հասակով ամենամեծը քսան տարեկան հազիվ կլիներ։

Ես առաջ շատ երկչոտ էի.վախենում էի դևերից, սատանաներից և մինչև անգամ մաշկաթևիկներից։ Ւսկ այժմ ո՞ր տեղից էր այդ քաջասրտությունը, որ ես ոչ մեկ բանից էլ չէի վախենում։ Երևի, ազատ կյանքը մտցրեց իմ մեջ այդ երկաթի սիրտը։ Ւմ ընկերները բոլորն էլ զենքեր ունեին, ես թեև չունեի,բայց մի տեղ գնալու ժամանակ նրանք իրանց զենքերից ավելորդը ինձ էին տալիս։

Զարմանալի ներգործություն է անում մարդու վրա վայրենի բնությունը։ Երբ գիշերը մութն է, երկինքը ամպամած է, կայծակը երբեմն փայլատակում է, և որոտը որոտում է, այդ բոլոր սարսափելի երևույթները այն աստիճան ախորժ են քո սրտին, այնքան ուռեցնում են քո կուրծքը, մինչև դու, ոգևորված մի քաղցր կատաղությամբ, ուզում ես խորտակել, ուզում ես զարհուրեցնել, որպես որոտը և կայծակը։

Բայց բոլորովին հակառակ ազդեցություն էր անում իմ վրա, երբ բնությունը խաղաղ էր, երբ երկինքը ուրախ էր, երբ լուսինը մեղմ ընթացքով սահում էր հստակ կամարի վրայով, երբ ամեն տեղ տիրում էր մի խուլ, խորհրդավոր լռություն։ Այսպիսի րոպեներում իմ սիրտը կարծես թե ազնվանում էր, քնքշանում էր, ես փափագում էի սիրել... և իսկույն միտս էր գալիս գեղեցիկ Սառան։

Սառան մեր հարևանի աղջիկն էր. մենք միասին էինք մեծացել և մեր մանկական ամենաքաղցր րոպեները միասին էինք անցկացրել։ Այն օրից, որ փախստականի կյանք էի վարում, ամենևին չէի տեսել նրան։ Ա՛խ, ո՛րքան կտխրեր նա, որքան լաց կլիներ իր կորած, մոլորված սիրելիի համար...Ես երևակայում էի Սառայի դրությունը, նա այնքան բարի, այնքան զգայուն աղջիկ էր, որ չէր կարող չցավել իմ վիճակի վրա։ Բայց ես այն աստիճան վայրենացել էի, իմ սիրտը այն աստիճան կոշտացել էր, և իմ կամքի զորությունը այն աստիճան թուլացել էր, որ չէի կարողանում գնալ նրա մոտ, մխիթարելու նրան։ Ես մոռացել էի մինչև անգամ մորս, քույրերիս և հարգելի վարպետիս։ Իմ նոր ընկերները կարծես կախարդել էին ինձ, կարծես մի աներևույթ զորությամբ կաշկանդվել էի նրանց հետ և ամենևին բաժանվել չէի ցանկանում։ Մարդկային բնակությունը, մարդկային հասարակությունը ինձ խորթ էր թվում։ Ես սիրում էի ազատ դաշտերը, լեռները, անտառները և մթին ձորերի քարանձավներ... Ես դարձել էի գիշերային բու որ խավարի մեջ է որսում իր որսը...

Ոչ մի մարդկային արարած չէր անցկենում այն անտառի միջով, ուր թաքնված էինք մենք։ Միայն երբեմն հայտնվում էր մի բարձրահասակ որսորդ, որը հրացանն ուսից քարշ գցած, մի զույգ շների հետ, որպես այն մթին անտառների ծերունի աստվածը, հանդարտ անց էր կենում, մտախոհությամբ իր շուրջը նայելով։ Կարոն, Ասլանը և Սագոն բնավ չէին խորշում այդ տարապայման որսորդից։ Երբեմն նա մոտենում էր, նստում էր մեր տաղավարի առջև հանգստանելու համար։ Նա բաց էր անում իր ահագին ճաղատ գլուխը, սրբում էր ճակատի քրտինքը, սկսում էր ծխել։ Նրա գագաթը պատած էր խորին սպիներով։ Երևում էր, այդ պատկառելի մարդը իր կյանքը անց էր կացրել սոսկալի կռիվների մեջ։ Նրան ես ճանաչում էի. նա շատ անգամ գալիս էր վարպետիս արհեստանոցը, զանազան գործիքներ էր շինել տալիս։ Նրան կոչում էին Ավո։

Առաջին անգամ, երբ տեսավ ինձ, հարցրեց Կարոյից

— Դա ո՞վ է։

— Խաչագողներից է, — պատասխանեց Կարոն ծիծաղելով։

— Խաչագողները շատ օգտավետ մարդիկ կլինեին, — Ասաց նա մի առանձին խորհրդավոր ձայնով, — եթե իրանց խելքը, սրամտությունը և բոլոր զարմանալի ճարպկությունները, որ ունեն նրանք, գործ դնեին, փոխանակ խաբեությունների, ավելի լավ գործերի մեջ, մարդկային բարօրության համար։ Նրանք ամենակարող մարդիկ են. նրանք հրաշքներ կգործեին, եթե ազնիվ լինեին...

— Ես նրանց նման չեմ լինի, — պատասխանեցի կարմրելով:

— Տացե աստված, որ չլինես, որդի, — Ասաց նա, ուղիղ նայելով իմ երեսին.— Բայց հասկացի՛ր, որ դու ևս միևնույն ճանապարհի սկզբումն ես կանգնած, եթե փոքր-ինչ առաջ գնալու լինես, նրանց նման կլինես...

Ես ոչինչ չգտա պատասխանելու։ Միայն մտածում էի, ինչ պես է պատահել, որ մի այսպիսի բարի մարդը, որը զզվում է խաչագողներից, որը ցանկանում է, որ նրանք ուղղվեին և իրանց հմտությունները մարդկային օգտի համար գործ դնեին, մի այսպիսի մարդր բարեկամ է Կարոյի և նրա ընկերների հետ, ներում է նրանց գողությունները։ Գուցե, մտածում էի ես, այդ բարեկամությունը մանկահասակ սրիկաներին ուղղելու և նրանց ավելի հաստատ ու բարոյական ճանապարհի վրա կանգնեցնելու համար է։ Այդ ենթադրությունը սխալ չէր որովհետև ես շատ անգամ լսում էի ծերունի որսորդի խրատները,որ կարդում էր մեզ, և այդ իմաստուն, խորախորհուրդ խրատները ես հիշում եմ մինչև այսօր։

Մինչ այդ խորհրդածությունների մեջ էի, հանկարծ մտա բերեցի վարպետիս, որսորդը նրա բարեկամը լինելով, կարող էր գիտենալ, թե ինչով վերջացավ նրա գործը։

Նա պատմեց սարսափելի բաներ։

Վարպետիս կալանավորելուց հետո նրա ամբողջ արհեստանոցը գրավել էին և աճուրդով ծախել էին։ Այդ բավական չէր, նրան ենթարկել էին ահագին տուգանքի, և որովհետև վարպետս պատրաստի փող չուներ, փոխարենը վաճառվել էր նրա տունը, բոլոր կայքը և կալվածները։

— Այդ բոլորը դեռ. տանելի է, — ավելացրեց ծերունի որսորդը ցավակցական ձայնով: — Դեռ սպասում է նրան ամենասարսափելին...

— Ի՞նչ բան, — Հարցրի ես ոչ սակավ սարսափելով:

Երկու օրից հետո, հրապարակի վրա, դահիճը պիտի կտրե նրա աջ ձեռքի բազուկը...

Կարծես կայծակով հարվածեցին ինձ։

— Ինչո՞ւ համար, ինչո՞վ է հանցավոր նա, — գոչեցի ես խելագարի նման։

— Հանդարտվիր, — Ասաց ծերունի որսորդը և շարունակեց, — թե ինչո՛վ է հանցավոր նա, հանցանքը հայտնի է, բայց թե ո՛ր աստիճան ստույգ է այդ հանցանքը, դա մի գաղտնիք է, որ պատած է խորին մթությունների մեջ։ Ես համարում եմ վարպետ Գրիգորին շատ իստակ և արդար մի արհեստավոր։ նա խաբեբա, ստախոս մարդ չէ։ Նա իրան թույլ չի տա մասնակից լինել անարդար գործի։ Բայց մի ապացույց ոչ միայն նրան կասկածանքի ներքո է դնում, այլ հաստատում է նրա վրա դրած մեղադրանքը։

— Ի՞նչ ապացույց, — Հարցրի ես անհամբերությամբ։

— Մի բանալի...

Ես սոսկացի։ Որսորդը չնկատեց իմ խռովությունը, շարունակեց.

— Ահա ինչումն է գործը, դու խո ճանաչում ես Հին քաղաքի հարուստ աղալարներին, դու խո գիտես, թե ի՛նչ տեսակ գազաններ են նրանք։ Քո վարպետի կալանավորվելու նախորդ գիշերը անհայտ չարագործները մտել էին այղ աղալարների ամրոցը, բաց էին արել մեծ երկաթե արկղը և նրա միջից գողացել էին շատ թանկագին իրեղեններ։ Ամրոցից այլևս ուրիշ բաներ չէին տարել։ Ավազակները մոռացությամբ թողել էին արկղի վրա այն բանալին, որով բաց էին արել նրա փականքը։ Քննելով այդ բանալին, ստուգվեցավ, որ շինված էր քո վարպետի արհեստանոցում։

— Ինչո՞վ ստուգվեցավ։

— Նրա վրա դրված էր արհեստանոցի փոքրիկ դրոշմը, որ կրում էր յուր մեջ մի մուրճ, հորիզոնաձև դրած, իսկ նրա ներքո երկու տառեր Գ. և Մ... Այդ տառերը քո վարպետի անունի և ազգանունի սկզբնատառերն են, կարծեմ քեզ պետք է ծանոթ լինի այդ դրոշմը։

— Ծանոթ է....— պատասխանեցի ես խեղդված ձայնով։

Ես մտաբերեցի այն բանալին, որը մի ժամանակ շինել էի քավոր Պետրոսի համար, և որի գոյության մասին բոլորովին մոռացել էի։ Որպես մի լար եղեռնագործ, ես զգացի այն բոլոր զարհուրանքը, թե իմ անգիտությամբ որպիսի սարսափելի դժբախտություն պատճառեցի իմ սիրելի վարպետին: Իմ ձեռքն էր շինել այն բանալին, ես էի դրել նրա վրա արհեստանոցի փոքրիկ դրոշմը։ Իսկ այժմ իմ փոխարեն պիտի պատժվեր արդար և ազնիվ արհեստավորը։ Հրապարակի վրա դահիճը պիտի կտրեր նրա ձեռքը։ Ւþմ, ի՛մ ձեռքը պիտի կտրեին, ես էի արժան այդ պատժին, ինչո՞վ էր հանցավոր անմեղ մարդը...

Ես հիշեցի քավոր Պետրոսի խոսքերը, որոնցմով աշխատում էր համոզել ինձ, որ ոչ ոքի չասեմ, թե նրա համար մի այսպիսի բանալի եմ շինել, ես Հիշեցի այն ընծան, որով նա խաբեց ինձ, ոտքից ցգլուխ նոր հագուստ կարել տալով ինձ համար... Ուրեմն, մի այսպիսի չար նպատակի համար էր բանալին, ուրեմն, ես միջնորդ դարձա մի չարագործության, իսկ իմ փոխարեն պիտի պատժվեր այն ազնիվ մարդը, որը այնքան սիրում էր ինձ, որը այնքան ուրախանում էր իմ հառաջադիմությամբ, որը խոստանում էի ավելի և ավելի բախտավորացնել ինձ... Այդ դառը մտածությունները պաշարեցին ինձ, երբ բացվեցավ իմ առջև սարսափելի իրողությունը, և ես գոչեցի իմ խռովության մեջ.

— Ապա քավոր Պետրոսը... ապա քավոր Պետրոսին ի՞նչ պիտի անեն...

— Ո՞վ է քավոր Պետրոսը, — Հարցրեց որսորդը զարմանալով։

— Մեր քավոր Պետրոսը...

— Հա, ճանաչում եմ... նա ի՞նչով է խառն այդ գործիմեջ։ Նա խաղաղ, հանդարտ շարունակում է իր սովորության համեմատ ամեն առավոտ և երեկո եկեղեցի գնալ, աղոթել։ Եկեղեցուց դուրս գալուց հետո, փողոցներով անց կենալու ժամանակ, աջ ու ձախ ողջունում է մարդկանց, աշխատում է ճանճերին էլ չվշտացնել, որ իր հոգին աստծո դրախտից չզրկվի...

Որսորդի խոսքերի մեջ կար խիստ դառը հեգնություն դեպի քավոր Պետրոսը, որոնք ավելի գրգոեցին իմ բարկությունը դեպի այն գարշելի մարդը, և ես պատրաստվում էի այն չարագուշակ բանալիի ամբողջ պատմությունը հայտնել որսորդին և ցույց տալ, թե ինչով է քավոր Պետրոսը խառն աղալարների ամրոցի գողության գործի մեջ, բայց այդ րոպեում որսորդի ուշադրությունը գրավեց մի այլ արարած, նա թողեց ինձ և երեսը շուռ տվեց դեպի այն կողմը։

Նրա շունը, որ մինչև այն րոպեն, գլուխը առջևի թաթիկների վրա դրած, պառկել էր տիրոջ մոտ, հանկարծ վազ տվեց և մտավ մեզանից ոչ այնքան հեռու գտնված թփերի մեջ։ Վայրկենական խուզարկությունից հետո, գլուխը կրկին դուրս հանեց թփերի միջից և մի առանձին հրավիրական հայացքով սկսեց նայել տիրոջ երեսին։

— Ի՞նչ կա, պեյրան, — Հարցրեց տերը:

Պեյրանը արձակեց մի քանի խուլ մռնչյուններ։

— Հասկացա, — Ասաց որսորդը և վեր առեց իր մոտ դրած հրացանը։

Մեզանից բավական տարածության վրա, մամռապատ քարաժայռի գլխին կանգնած էր մի վայրենի այծ և զգույշ նայում էր իր շուրջը։ Հեռվից երևում էր նա մի հավի չափ։ Ծերունի որսորդի սրատես աչքերը տեսան նրան, հրացանը որոտաց, այծը գլորվեցավ ցած:

— Տղերք, գնացեք վեր առեք, աստված ձեզ համար խորովածացու ուղարկեց։

Տղերքը վազեցին դեպի այն կողմը, իսկ ես քարացածի նման դեռ մնացել էի կանգնած, որպես մի կատաղի եղեռնագործ, որին հանկարծ տիրում է խղճահարության երկունքը:

Ծերունի որսորդը դարձավ դեպի ինձ, ասելով.

— Ընկեր, դու այստեղից դեռևս չպիտի հեռանաս, քեզ որոնում են, մնա այստեղ, մինչև անցնի վտանգը...

Նա այլևս չսպասեց իմ պատասխանին և, մնաք բարյավ ասելով, հեռացավ»

Կարոն իր ընկերների հետ վերադարձավ, իրանց հետ բերելով այծը։

— Այն բոլորը, ինչ որ պատմեց քեզ որսորդը, մենք առաջուց գիտեինք, — ասաց Ասլանը։

— Դուք գիտեիք և թաքցնո՞ւմ էիք ինձանից, — գոչեցի ես վրդովված ձայնով։

— Մենք չէինք ուզում քեզ տխրեցնել։

Մինչև ընկերներս մորթեցին այծը, մինչև հոշոտեցին, մինչև կրակ վառեցին, գիշերից բավական անցավ։

Առատ խորովածը մատակարարում էր նրանց սեղանին այն ճոխ ընթրիքներից մեկը, որի նմանը խիստ հազիվ անգամ նրանք վայելում էին անմարդաբնակ անտառում։ Գինին նույնպես առատ էր։ Չնայելով,որ ընկերներս ամեն կերպ աշխատում էին ուրախացնել ինձ, վանել իմ տխրությունը, բայց հնար չէր լինում։ Իմ սիրտը լցված էր անսահման դառնությամբ, գլխումս պտտվում էին հազարավոր սատանաներ։ Ես ոչինչ ուտել չկարողացա, միայն խմում էի, աշխատում էի գոնե գինով թմրեցնել ինձ տանջող ցավերը։ Բայց նա էլ չէր օգնում։ Սալմաստա զորեղ գինին ինձ վրա ջրի ազդեցություն էր անում։

— Անհոգ կա՛ց, Մուրադ, — Ասաց ինձ Կարոն, — մենք չենք թողնի, որ քո վարպետի ձեռքը կտրեն։

— Դո՞ւք, — Հարցրի ես թերահավատությամբ, — դուք ի՞նչ կարող եք անել։

— Մենք շատ բան կարող ենք անել, — պատասխանեց Կարոն մի առանձին անձնավստահությամբ։

Ես չկամեցա ընկերներիս հպարտությունը վիրավորել և լուռ կացա։

— Հանաք չենք անում, Մուրադ, — շարունակեց Կարոն բավական լուրջ կերպով, — քո վարպետը առաջիկա գիշերում ազատված կլինի բանտից։ Մյուս առավոտը, երբ բանտի դռները բաց կանեն, որ տանեն նրան հրապարակի վրա ձեռքը կտրելու համար, կգտնեն նրան անհայտացած։

— Դա անկարելի բան է։

— Շատ հնարավոր բան է, — պատասխանեց Կարոն։ — Ամեն ինչ կարգադրված է, ինքը ծերունի որսորդը կառաջնորդե մեզ. մենք ունենք ուրիշ ընկերներ ևս...

Վերջին բառերը կարծես սխալմամբ նա բաց թողեց բերանից և շուտով խոսքը փոխեց.

— Դու էլ, իհարկե, մեզ հետ կլինես։

— Վարպետիս ազատության համար ես դժոխքն էլ կմտնեմ։

Ընթրիքից հետո ընկերները շուտով պաոկեցան քնեցին, երևի առաջիկա գիշերվա արշավանքի համար ավելի կազդուրվելու մտքով։ Բայց ես քնել չկարողացա։ Զով գիշեր էր. մեղմիկ քամին հազիվ օրորում էր քնած տերևները, և անտառի լռությունը կենդանանում էր ծառերի խորհրդավոր սոսափյունով։

Ես միայնակ նստած էի տաղավարի մոտ, ականջ էի դնում: Խառն մտածություններ անհանգստացնում էրն ինձ: Կարոյի խոսքերը անհավատալի էին թվում։ Ես ավելի հավանական էի գտնում, որ ոգևորված գինու ազդեցությամբ նա միայն կամեցավ առժամանակ հանգստացնել ինձ։ Եթե մի այսպիսի դիտավորություն լիներ, ծերունի որսորդը անպատճառ կասեր ինձ։ Բայց նա ոչինչ չհայտնեց և հեռացավ։

«Երկու օրից հետո հրապարակի վրա դահիճը պիտի կտրե նրա աջ ձեռքի բազուկը»... հիշեցի ես ծերունի որսորդի խոսքերը։ Անմեղ մարդը պիտի պատժվեր ինձ նման մի հիմար համբակի և մի նենգավոր չարագործի պատճառով... Ո՛չ, ոչ, մտածում էի ես, այդ անկարելի բան է... կգնամ քավոր Պետրոսի մոտ, հենց այս գիշեր կգնամ... Կասեմ նրան, դու ինձ խաբեցիր, այժմ քո չարագործության պատճառով պատժվում է մի արդար մարդ... կա մ պիտի գնաս դատավորի մոտ և հայտնես, թե դու ես մեղավոր, որ ազատես նրան դատապարտությունից... կա՛մ ես ինքս կգնամ և ամեն ինչ կհայտնեմ ուր որ հարկն է...

Այդ մտածությունները կարծես թե ինձ ուժ տվին, ես վեր կացա։ Իմ խռովության մեջ ես մինչև անգամ մոռացա այն խոսքերը, որ ընթրիքի ժամանակ Կարոն ասաց ինձ, մոռացա և իմ խոստմունքը, թե նրանց հետ դժոխքն էլ կմտնեմ սիրելի վարպետիս ազատելու համար։

Տաղավարի մոտ դեռ վառվում էր կրակը և աղոտ լույսը տարածում էր քնած ընկերներիս վրա։ Մի անբացատրելի նախազդեցությամբ կարծես զգում էի, թե այլևս չպիտի տեսնեմ այդ կյանքով լի, եռանդոտ և անկեղծ բարեկամներիս։ Նրանք քնած էին տաղավորի մեջ։ Ես մոտեցա, խոնարհվեցա և արտասուքը աչքերումս համբուրեցի երեքի երեսները, ապա դուրս եկա տաղավարից։ Եվ վերջին անգամ հայացք ձգելով այն անտառային մենավոր խրճիթի վրա, որ կապված էր իմ պատանեկության սրտի հետ անմոռանալի հիշատակներով, «մնաք բարյավ։ սիրելի ընկերներ», ասեցի և հեռացա...

Բ

ԿՐԿԻՆ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ
Դուրս գալով անտառից, սկսեցի դիմել մեր գյուղը։ Անդադար նայում էի դեպի «աղոթարանը», որ տեսնեմ, արդյոք չէ՞ ծագում օրը։ Դեռ բավական գիշեր կար։ Խավարը ինձ պետք էր, մթության մեջ ես շատ բան ունեի կատարելու...

Մտա մեր գյուղը։ Նա նիրհում էր խորին քնի մեջ, միայն երբեմն մի որևիցե անհամբեր շան անխորհուրդ աղաղակը ընդհատում էր գիշերային լռությունը։ Իմ սիրտը բաբախում էր և՛ ուրախությունից, և՛ տրտմությունից։ Ուրախ էի, որ պիտի տեսնեմ մորս, քույրերիս և վերջապես Սառային։ Տրտում էի, երբ հիշում էի վարպետիս ցավալի դրությունը։

Ես վճռել էի մի սարսափելի դիտավորություն, նախ գնալ քավոր Պետրոսի մոտ, առաջարկել նրան, որ դիմե դատավորին և հայտնե, թե ինքն է կատարված չարագործության հեղինակը և ազատե անմեղ վարպետիս կյանքը։ Ւսկ եթե քավոր

Պետրոսը այնքան ազնվություն չի ունենա, որ հանձն առնե իմ առաջարկությունը, ես երդվել էի իմ սուրը ցցել նրա նենգավոր սրտի մեջ, և, նրա դիակի վրայից անցնելով, ինքս անձամբ գնալ այն հրապարակի վրա, ուր պիտի կատարվեր վարպետիս դատապարտության վճիռը, և իմ ձեռքը մեկնել դահճին, ասելով, «Կտրեցեք այդ բազուկը, այդ ձեռքով է շինված այն բանալին»...

Այդ մտածություններով բորբոքված, ես արդեն գտնվում էի քավոր Պետրոսի դռան հանդեպ։ Սկսեցի դռան մուրճը զարկել։

Հայտնվեցավ ծառան, հայտնեց, որ աղան տանը չէ։

— Ի՞նչպես տանը չէ, հիմար, — գոչեցի ես և, չհավատալով նրա խոսքերին, ներս մտա։

— Ասում եմ տանը չէ, էլի՜, — պատասխանեց նա մրթմրթալով, — գնա աչքովդ տես, թե կգտնես, այն ժամանակ ասա ինձ հիմար։

— Իսկ քավորկի՞նը։

— Քավորկինը քնած է։

Բայց մեր ձայնից քավորկինը արդեն զարթնել էր, նա կիսահագնված, ճրագը ձեռին դուրս եկավ բակը, ուր ես վիճում էի ծառայի հետ։

— Ա՜խ, Մուրադ, զավակս, դո՞ւ ես, — Ասաց նա դառն հառաչանքով և մոտեցավ, գրկեց ինձ։

Ես ապշած մնացի։

— Փա՜ռք քեզ աստված, փա՜ռք քեզ, — Ասում էր նա արտասուքը աչքերում, — ես քեզ բոլորովին կորած էի համարում... դարձյալ փա՜ռք լինի մեր տեր Հիսուս Քրիստոսին, որ կարողացա տեսնել քեզ...

Քավոր կնոջ գթասրտությունը ինձ բոլորովին զինաթափ արեց, իմ կատաղությունը բավական մեղմացավ, և. ես հանդարտությամբ հայտնեցի, թե ցանկանում էի քավոր Պետրոսին տեսնել։

— Քանի շաբաթ է, որ նա տանը չէ, զավակս, ո՞ւր է գնացել, մենք էլ չգիտենք։ Այն օրից, որ քո վարպետի հետ պատահեց այն դժբախտությունը (ա՜խ, թող աստված ինքը ողորմություն անե այն խեղճին), Պետրոսը քուն և հանգստություն չուներ, ասում էր, սուրբ տիրամայր, այդ ի՞նչ պատահեց, միշտ քեզ վրա էր մտածում, միշտ քեզ համար էր աղոթում։ Հետո ասաց ինձ, կնի՛կ, ես պիտի գնամ, գտնեմ Մուրադին, անփորձ տղա է, չլինի թե նա էլ վտանգի մեջ րնկնի: — Գնաց քեզ պտրելու, ա՛խ, հիմա ո՛րքան կուրախանա,երբ տեսնե, որ դու ողջ — Առողջ տուն ես եկել...

Ես ամենևին չէի կասկածում, որ քավոր Պետրոսը իմ մասին անհանգիստ կլիներ, ես բոլորովին հավատում էի, որ նա գնացել էր ինձ որոնելու, որովհետև իմ մի սխալ քայլից, իմ մի անզգույշ խոսքից կախված էր նրա կյանքը։ Այդ պատճառով կարճ կտրեցի քավորկնոջ հետ, որովհետև գիշերը անցնում էր, շտապում էի մորս տեսնել։

— Մնա մեզ մոտ, զավակս, — թախանձում էր քավոր կինը, — Այս ժամանակ ուր ես գնում։

Երբ ես հայտնեցի, թե գնում եմ մորս տեսնելու, նա ասաց

— Գնա՛, զավակս, պետք է նրան էլ ուրախացնել, խե՜ղճ կնիկ, ո՛րքան լաց էր լինում նա քո համար, ասում էր՝ Մուրադս կորավ, էլ չեմ տեսնի նրան... հիմա կտեսնե, կուրախանա։

Երբ ես կամենում էի բակից դուրս գալ, Քավոր կինը խորհուրդ տվեց, որ ծառային ինձ հետ տանեմ.

— Գիշեր է, զավակս, — Ասում էր նա, — Ո՞վ է իմանում, կարող է հազար չար ու բարի պատահել...

— Պետք չէ, — Ասացի ես և հեռացա։

Դուրս գալով փողոցի խավարի մեջ, ինձ պաշարեցին նոր և ավելի ծանր մտածություններ, — քավոր Պետրոսին չգտա, ուրեմն նրա մասին իմ բոլոր նախապատրաստությունները ոչնչացան, իզուր անցան... Ի՞նչ էր մնում անել։ Վարպետիս ղատապարտելու օրը մոտ էր. երկու գիշեր ևս, այնուհետև նրան պիտի դուրս բերեին մեղապարտների հրապարակի վրա... ի՞նչ պիտի անեի, եթե մինչև այնօր չգտնեի քավոր Պետրոսին։ Ահա մի հարց, որին վճիռ տալու մեջ ես դժվարանում էի։

«Եթե նրան չգտնեմ, ինձ կմնա կատարել իմ վերջին դիտավորությունր, այսինքն, անձամբ ներկայանալ դատավորի մոտ, խոստովանել ճշմարիտ իրողությունը ևէ իմ աջը մեկնելով դահճի դանակի առջև, ասել՝ կտրեցեք այդ ձեռքը, որ իր միամտությամբ մի չարագործի համար գործիք դարձավ»:

Բայց պետք էր նախ և առաջ տեսնվել մորս հետ. նա կմեռներ կսկիծից, եթե հանկարծ կլսեր սիրելի որդու բոթը:

Ես մտա այն փողոցը, ուր գտնվում էր մեր տունը։

Պարսից վարչության կամայականությունները ինձ բավական հայտնի էին. ես գիտեի, եթե մի հանցավոր փախստական է դառնում, կառավարությունը կա՛մ կալանավորում է նրա ազգականներին, կա՛մ նրա տան վրա սարվազներ է դնում, սկսում են նեղացնել տանեցիներին, մինչև փախստականը հայտնվի։ ի՞նչ պիտի անեմ, մտածում էի ես, եթե կմտնեմ մեր տունը և կտեսնեմ այնտեղ սարվազներով լցված։

Քավորկինը այդ մասին ինձ ոչինչ չասեց, և ես այնքան շփոթված էի, որ մոռացա հարցնելու, թե ի՛նչ դրության մեջ է մեր տունը:

Վճռեցի նախ գնալ Սառայի մոտ, նրանից տեղեկանալ մեր ընտանիքի դրության մասին, հետո գնալ մորս տեսնելու

Սաոայենց տունը կից էր մեր տանը, իհարկե, հայտնի կլիներ ամեն ինչ։

Զարմանալի բան է մարդու սիրտը, այն ևս հրաբորբոք, անփորձ պատանու սիրտը, շատ անգամ ի՛նչ բանի որ փափագում է նա, խելքն էլ սատանայի նման այնպիսի ապացույցներ է առաջ բերում, որ անպատճառ կատարվի այդ փափագը։ Ես ցանկանում էի տեսնել և մորս, և՛ Սառային։ Որի՞ն պետք էր տալ գերադասությունը։ Սիրտս ասում էր՝ Սառային, իսկ խելքս, փոխանակ հակառակելու նրան, իրան օգնության կանչելով զգուշությունը ու խոհեմությունը, հաստատում էր սրտիս բաղձանքը, ասելով ինձ, չէ , առաջ մորդ մոտ մի գնա, այնտեղ կարող են սարվազներ լինել, ֆերրաշներ լինե՜լ, կառավարության մարդիկ լինել և այլն։ Այդ բոլորը երևակայում էի ես, որովհետև սրտիս շահերին նպաստավոր էին դրանք։ Սառան կապված էր իմ հոգու հետ, ես նրան սիրում էի։

Չեմ կարող նկարագրել, թե ո՛րպիսի ոգևորությամբ մոտեցա ես ն՛րանց տանը։ Երեք ամբողջ ամիսներ չէի տեսել նրան։ Կատուն այնպես արագությամբ չէր կարող թռչել, ինչպես ես բարձրացա նրանց կտուրի վրա։ Տարվա այն եղանակներում բոլոր գյուղացիները կտուրների վրա են պառկում։ Սառան քնած էր ինչպես մի երեխա։ Ես մոտեցա, ձեռքով շոշափեցի նրա երեսը։ Նա զարթնեց մի անսովոր ճիչ բարձրացնելով։ Ես փոշմանեցի, որ իմ անզգուշությամբ վախեցրի նրան։

— Ես եմ, Սառա։

Նա ճանաչեց իմ ձայնը և հանգստացավ։

— Ա՜խ, ինչո՞ւ եկար այստեղ... գնա... հիմա հայրս...

Ես հետ քաշվեցա, վախենալով, մի գուցե զարթեցնեմ նրա հորը, որ աղջկանից մի փոքր հեռու պառկած էր։ Սառան մայր չուներ։ Երկու քայլ չէի փոխած, երբ ականջիս դիպավ նրա հազիվ լսելի ձայնը.

— Գնա՛ ներքև, այնտեղ սպասիր ինձ...

Ո՛րքան ուրախալի էր այդ ձայնը։ Ես իսկույն կտուրից իջա նրանց բակը, նստեցի սրահում և անհամբերությամբ սպասում էի։ Շատ չանցավ, Սառան, բոլորովին հագնված, այնտեղ եկավ։ նա հանդիպեց ինձ նույն հիացմունքով, որ պես մեկի սիրելին գերեզմանից հարություն է առնում։ Այս պիսի դեպքերում սիրո զգացմունքը լուռ է մնում, տիրապետում է միայն ուրախության հրճվանքը, այն ևս արտասվախառն ուրախության, երկնչելով, միգուցե սիրելին կրկին ղեպի գերեզման վերադառնա...

Սառան ճրագը վառեց, մենք մտանք նրա սենյակը։ Առաջին բանը, որ նրա աչքին ընկավ, էր իմ հագուստը։

— Ախ, այդ ի՞նչ է, քո շորերը ի՞նչպես պատառոտվել են... որքան կեղտոտվել է քո շապիկը, — Ասաց նա ցավակցաբար։

— Անտառների մեջ այսպես է լինում, Սառա:

Նա պատրաստում էր թել ու ասեղ, որ կարկատնե հագուստիս պատառոտած տեղերը։ Բայց ամբողջ ամիսներով մացառների և ծառերի մեջ նրանք այնպես էին քրքրվել, որ փոքրիշատե նորռգելը մի քանի օրվա գործ էր, թեև բարի Սառայի սիրտը ցավում էր ինձ այդ վիճակի մեջ տեսնել և մտածում էր նույն րոպեում նորոգել բոլորը։

Հանկարծ նա թելն ու ասեղը մի կողմ դրեց, կարծես թե մոռացավ հագուստիս վիճակը և, մի նոր բան մտաբերելով, ասաց.

— Ախ, ո՛րքան լաց եմ եղել ես, Մուրադ... ո՛րքան տանջվե եմ...

— Ինչի՞ համար։

— Ասում էին, թե...

— Ի՞նչ էին ասում։

— Ա՜խ, շատ խոսքեր էին ասում... ասում էին քեզ բռնել են... ասում էին քեզ բանտն էին դրել...

— Հիմա տեսնում ես, որ այդ բոլորը սուտ է. ես քեզ մոտ եմ.

— Հիմա ես ուրախ եմ։ Բայց...

— Դու կարծում ես ինձ դարձյալ կկալանավորեն։

— Ո՛չ... ես կարծում եմ, որ քեզ մյուս անգամ չեմ տեսնի...

— Իզուր ես այսպես կարծում, Սառա։ Աստված կօգնի ինձ,ինչպես մինչև այսօր չկարողացան կալանավորել, այսուհետևևս աստված կպահպանե ինձ։ — Ես սկսեցի մխիթարել նրան։

— Ուր էիր այդքան ժամանակ, ո՞րտեղ էիր պահված, — Հարցրեց նա։ Ես նկատեցի, որ ձայնը սկսեց դողալ։

— Այդ մի՛ հարցրու, Սառա:

— Ինչո՞ւ, ես չի՞ պիտի գիտենամ։

— Հետո կասեմ քեզ։

Նա լուռ կացավ և հեկեկալով սրբում էր արտասուքը:

— Ինչո՞ւ ես լաց լինում։

— Ասում էին, որ դու գողերի հետ ես ապրում...

Խե՜ղճ աղջիկ, նա լաց էր լինում նրա համար, որ ես գողերի հետ էի ապրում։ Խաչագողի աղջիկը զզվում էր գողերից...դա հազվագյուտ երևույթ էր... դա մի մարգարիտ էր աղբի մեջ ընկած... Մի քանի րոպեից հետո հարցրեց նա.

— Դու մորդ տեսե՞լ ես։

— Դեռ չեմ տեսել, ուզում եմ գնալ նրա մոտ։

— Ա՜խ, եթե գիտենայիր, թե որքա՜ն մաշվել է, ո՛րքան հալվել է նա քո պատճառով... Խե՜ղճ կնիկ, աչքերից արտասուքը չէր ցամաքում, միշտ լաց էր լինում... Ամեն օր գնում էի նրա մոտ, գրկում էր ինձ, համբուրում էր, ասում էր, «Մուրադիս կարոտությունը քեզանից եմ առնում, Սառա, դու որդուս նշանածն ես»... Ամեն անգամ խոսալիս քո անունն էր հիշում, ասում էր, աստված այնքան ժամանակ հոգիս չառնե, մեկ էլ տեսնեմ որդուս ու հետո մեռնեմ... Հիմա ո՛րքան կուրախանա, Մուրադ, եթե քեզ տեսնելու լինի։

Ես հարցրի Սառայից, թե իմ բացակայության միջոցում ի՞նչեր էին պատահել մեր տանը։ Նա սարսափելի գույներով նկարագրեց այն բոլոր տանջանքները, որ կրել էր մայրս տեղային պարսիկ պաշտոնատարների, ֆերրաշների և սարվազների ձեռքից։ Պատմեց, թե ամեն օր գալիս էին, մորս ասում էին, ուր է որդիդ, կա՛մ որդուդ պիտի տաս մեր ձեռքը, կամ այսքան փող պիտի տաս մեզ, որ քեզ ժամանակ տանք, մինչև որդուդ գտնես։ Եվ այսպես ամեն անգամ «ղուլլուղ» և «ռուշվաթ» էին առնում, հետո գնում էին։ Մայրս փող չուներ, որ տար և ազատվեր։ Սառայի հայրը գնում էր, նրանց փող էր տալիս և ճանապարհ էր դնում։ Քույրերս միշտ Սառայենց տանը թաքնված էին լինում, երբ նրանք գալիս էին. մայրս չէր ուզում, որ ֆերրաշները նրանց երեսը տեսնեն։ Այսպիսի շատ բաներ պատմեց ինձ Սառան, իմ սիրտը կտոր-կտոր էր լինում այդ բոլորը լսելու ժամանակ։ Եթե ես մի որևիցե հանցանք էի գործել, թող պատժեին ինձ։ Ի՞նչով էր մեղավոր մայրս, ի՞նչով էին մեղավոր քույրերս, բարեկամներս։

Բայց դա մեր երկրի կարգն էր, կորածի, մեռածի հանցանքների համար մնացածներին պատմել...

Լույսը սկսել էր բացվել, լսելի եղավ գյուղական ժամատան կոչնակի ձայնը, այլևս Սաոայի մոտ երկար մնալ անկարելի էր. շուտով նրա հայրը կիջներ կտուրից, կլվացվեր, որ եկեղեցի գնա աղոթելու։ Սառան չէր ցանկանում, որ իր հայրը մեզ միասին նստած տեսներ։ Զարմանալի բան է սովորությունը։ Սառան իմ նշանածն էր, քանի տարի էր, որ մայրս այդ նազելի աղջկան նշանել էր ինձ համար որպես հարսնացու։ Բայց մենք իրավունք չունեինք միմյանց հետ տեսնվելու, միմյանց հետ խոսելու, մինչև այն օրը, քանի որ դեռ քահանան աստուծո սեղանի առջև չէր ասել՝ թե նա իմ կինն է, իսկ ես՝ նրա ամուսինը։ Եվ մեր երկրում խիստ սրբությամբէր պահպանվում այդ կարգը:

Ժամատան բարձրությունից լսելի եղավ կոչնակի երկրորդ անգամի զարկը։ Ամբողջ Սավրան այժմ ոտքի վրա էր։ Ծերունիները, պառավները պիտի գնային ժամ աղոթելու, իսկ ավելի մանկահասակները պիտի գնային դեպի մշակության դաշտերը գործելու։

Մեր տունը Սառայենց տնից բաժանված էր մի ցած միջնապարիսպով միայն։ Այդ միջնապարիսպը, գիշերային մթության ժամանակ, շատ անգամ եղել էր մի խորհրդապահ վկա իմ և Սառայի տեսակցությունների։ Նա կանգնած իրանց բակի կողմից, ես կանգնած մեր բակի կողմից, իսկ մեր մեջ տեղում միջնապարիսպը, ամբողջ ժամերով խոսում էինք, խոսում ու չէինք կշտանում։ Իսկ ա՛յժմ։ Այժմ ես փախչում էի Սաոայից, որպես մի հանցավոր, որ արժանի չէր նրա սերին։

Սառային դեռ հայտնի չէին իմ վարպետի արհեստանոցում պատահած անցքի մանրամասները, նա դեռ չգիտեր, թե ի՞նչ պատճառով ոստիկանությունը որոնում էր ինձ, նա միայն մի բան էր լսել, թե ես «գողերի հետ եմ ապրում»...։ Այդ մասին նա մի քանի րոպե առաջ հարցրեց ինձանից, իսկ ես նրա հարցը թողեցի առանց պատասխանի։ Ամոթը խեղդում էր ինձ. ի՞նչ վատ բան է գողությունը... Սառան էլ ինձ չի սիրի, մտածում էի ես, նա բարի աղջիկ է, նա գողին չի սիրի...

Երբ ես կանգնեցա, պատրաստվում էի բաժանվել Սառայից, հարցրեց նա.

— Դու դարձյալ նրանց մո՞տ ես գնում։

— Ո՞ւմ մոտ։

— Այն գողերի մոտ...

— Եթե դու գիտենայիր, Սառա, թե ինչ տեսակ տղերք են նրանք, դու երբեք ինձ չէիր մեղադրի, որ ես անցուցի նրանց հետ մի քանի ամիսներ։ Նրանք այնքան սիրելի տղերք են, որ եթե դու տեսնելու լինեիր նրանց, ինքդ էլ կսկսեիր սիրել։ Նրանք վատ տղերք չեն, Սաոա, և ես ցավում եմ, որ. հանգամանքները բաժանեցին ինձ նրանցից...

Նա կարծես թե հանգստացավ։

— Հավատում եմ քո խոսքերին, — Ասաց նա։ — Բայց հիմա ո՞ւր ես գնում։

— Գնում եմ մորս մոտ։

Այդ միջոցին բակից լսելի եղավ Սաոայի հոր ոտնաձայնը։ Նա իջել էր կտուրից, պատրաստվում էր եկեղեցի գնալու։ Սառան գունաթափվեցավ, նա իսկույն դուրս գնաց սենյակից և, հոր առաջը կտրելով, ասաց.

— Գիտես, հայրիկ, Մուրադը եկել է։

— Ե՞րբ, ո՛ւր է, — Հարցրեց հայրը զարմանալով։

— Հենց այս րոպեիս, այստեղ սենյակումն է։

Ես նրանց խոսակցությունը լսում էի, Սառան խաբեց հորր. երկրի սովորությունը ստիպեց նրան սուտ խոսել։ Նա չկամեցավ ցույց տալ, որ մենք մի քանի ժամեր միասին ենք եղել։ Դա կարող էր համարվել հրեշտակի նման մաքուր աղջկա համար մի տեսակ անպարկեշտություն։

Հայրը շտապով ներս մտավ, գրկեց ինձ, համբուրեց և ավետարանական խոսքով հայտնեց իր ուրախությունը, որ վերջապես գտավ իր «մոլորյալ ոչխարին»...*

——————————————
* Դարձվածքը վերցված է «Կորուսյալ ոչխարը» առակից։ Տե՛ս Ավետարան ըստ Մատթեոսի, գլուխ ԺԸ, 12—14:
——————————————

Նրա խոսքերի մեջ բովանդակվում էր և՛ ուրախություն, և՛ հանդիմանություն։ Ես մոլորյալ ոչխար էի, հովիվը գտավ ինձ։ Բայց ո՞վ մոլորեցրեց ինձ, ի՞նչ բանումն էր իմ մոլորությունը, այդ մասին նա ոչինչ չխոսեց։

Սառայի հայրը խելացի մարդ էր, նա ինձ խորհուրդ չտվեց գնալու մեր տունը, որովհետև կարող էր այնպես պատահել, որ ես այնտեղ եղած ձամանակ ֆերրաշները վրա հասնեին և կալանավորեին ինձ։ նա ասաց, թե ոստիկանությունը մեր գյուղի տանուտերից իլթիզամ է առել, տուգանք է նշանակել, եթե ես մեր գյուղում հայտնվելու լինեմ, իսկույն մատնե կառավարության ձեռքը, և «անպիտան» տանուտերը, մի լավ ծառայություն անելու համար, մեծ հաճությամբ կկատարե այդ հրամանը։ Նա արդեն, ավելացրեց Սառայի հայրը, զանազանլրտեսների միջոցով հսկում է մեր տան վրա, որ ինձ բռնել տա և այլն։

Սառայի հոր խոսքերից ես հասկացա այն բոլոր պատճառները, թե ինչո՞ւ կառավարությունը ինձ ամենայն խստությամբ որոնում էր։ Որպես վարպետիս, նույնպես և մեր բոլոր աշկերտներին ու բանվորներին կալանավորել էին։ Միայն ես էի մնացել, որ փախստական էի։ Քրեական գործերի ժամանակ պարսից դատավորների քննությունը հարցմունքներով, վկաներով կամ այլ հետախուզություններով չէ կատարվում, այլ միայն ծեծով։ Նրանք պատժում են նախքան հանցանքի հաստատվելը։ Կալանավորի ոտները դնում են ֆալախկայի մեջ, այնքան ծեծում են, կամ բանտի մեջ այնքան սարսափելի տանջանքներ են տալիս, մինչև նա խոստովանվի, թե ինքն է գործել հանցանքը։ Քանի որ դեռ չէ խոստովանել, տանջանքները ավելի և ավելի սաստկացնում են։

Այդ բոլորը փորձել էին թե վարպետիս և թե նրա գործավորների վրա, բայց նրանցից մի որոշ խոստովանություն չէին դուրս բերել։ Վարպետս ասել էր միայն, թե բանալիի վրա դրած դրոշմը, իրավ է, իր արհեստանոցի դրոշմն է, բայց թե ի՞նչպես է շինվել այդ բանալին կամ ո՞վ է շինել, այդ մասին տեղեկություն չունի։ Նույնը ասել էին և արհեստանոցի աշկերտներն ու բանվորները։ Մնում էի ես, որ փախստական էի, և իմ փախչելը ավելի կասկածավոր էր դարձրել ինձ։ Այդ է պատճառը, որ ինձ ամենայն խստությամբ որոնում էին, մտածելով, թե ինձանով կլուծվի մթին գաղտնիքը։Այդ բոլորը լսելու ժամանակ փոքր էր մնում, որ ես հայտնեի դառն իսկությունը։

Այդ բոլորը լսելու ժամանակ փոքր էր մնում, որ ես հայտնեի դառն իսկությունը։ Բայց ես դարձյալ զսպեցի ինձ, որ ոչ ոքի չասեմ, մինչև քավոր Պետրոսին չտեսնեմ։ Բայց գուցե դա շատ ուշ կլիներ։ Մնում էր մի օր. մյուս օրվա առավոտը վարպետիս պիտի դուրս բերեին դատապարտության հրա պարակի վրա... «Վնաս չունի, մտածեցի ես, եթե այսօր չկարողացա գտնել քավոր Պետրոսին, ես ինքս անձամբ կներկայանամ գլխավոր դատավորին, բոլորը մի ըստ միռջե կհայտնեմ, ինչ որ կատարվել է»...

— Դու կմնաս այստեղ, մեր տանը, ասաց Սաոայի հայրը։ — Այստեղ կան ապահով տեղեր քեղ թաքցնելու համարես կպահեմ քեզ, մինչև վտանգն անցնի։

— Ապա մորս, քույրերիս չի՞ պիտի տեսնեմ, — Հարցրի ես։

— Հարկավոր չէ նրանց տեսնելու համար անպատճառ ձեր տունը գնաս, նրանց այստեղ էլ կարող ես տեսնել։

Նա դարձավ դեպի Սառան, ասելով.

— Գնա՛ խնամի Նազանին կանչիր այստեղ, չասես Մուրադը եկել է, ասա միայն, թե հայրս կանչում է։ Ո՞վ գիտե, կնամարդ է, սիրտը բարակ կլինի, կարելի է, որդու անունը լսելով, կսկսե զանազան անզգույշ ձայներ բարձրացնել և հարևանների ուշադրությունը յուր վրա կդարձնեք

Սառան վազեց դեպի մեր տունը։

Իմ գրիչը անզոր է նկարագրելու այն անսահման ուրախությունը, որով մայրս հանդիպեց ինձ։ Մարդկային լեզուն դեռ չէ ստեղծել այն բառերը, որ ընդունակ լինեին արտահայտելու մոր սրտի զգացմունքները, մոր սրտի ցավերը։

Քույրերս նույնպես, քնից դեռ նոր վեր կացած, իսկույն ինձ մոտ վազեցին, երբ Սառայից իմացան իմ գալուստը։ Նրանց գգվանքը, նրանց հրճվանքը նույնքան հրեշտակային էր, որպես նրանց սիրտը։ «Դու այլևս չե՞ս գնա, դու մեզ մո՞տ կմնաս», անդադար հարցնում էին նրանք։ Ես ոչինչ չէի գտնում պատասխանելու։

Մայրս հավանեց Սառայի հոր կարգադրությունը, որ ինձ իրանց մոտ էր պահել և չէր թողել, որ մեր տունը գնամ, որով հետև գյուղի գզիրը (տանուտերի օգնականը) ամեն առավոտ գալիս էր մեր տունը ինձ որոնելու համար։

Չնայելով որ այդ բոլորը ինձ մեծ ուրախություն էր պատճառում,կրկին տեսնում էի մորս, քույրերիս, կրկին գտնվում էի այն շրջանի մեջ, որ երեխայությունից ինձ սիրելի էր, բայց միևնույն ժամանակ մի դառն անախորժ զգացմունք տանջում էր ինձ, երբ մտաբերում էի, որ ես մի թշվառ հանցավոր եմ, ինձ որոնում են, ինձ կամենում են կալանավորել... Մորս և բոլոր բարեկամներիս ջանքն այն էր, որ ես չբռնվեմ, որ ինձ բանտը չնետեն։ Բայց մի՞թե դրանով կհանգստանար իմ խիղճը, մի թե ես կարող էի մոռանալ ա՛յն, ինչ որ գործել էի... ա՛յն, որի պատճառով պատժվում էին անմեղ մարդիկ...

Մայրս սկսեց շնորհակալություն հայտնել Սառայի հոր մասին, թե նա ամեն կերպով պահում էր և պաշտպանում էր մեր ընտանիքը, եթե նա չլիներ, սարվազները և ֆերրաշները ավելի նեղություններ կտային։ Եվ ավելացրեց, որ իմ հորեղբայրը իրան այնպես հեռու էր պահում, որ ամենևին չէր ուզում լսել, թե իր եղբոր ընտանիքը չարչարվում է բարբարոսների ձեռքում և այլն։

— Իսկ քավոր Պետրո՞սը,— հարցրի ես։

— Աստված նրան բարի՛ տա, — պատասխանեց մայրս մի առանձին զգացմունքով։ — Այդ պատվական մարդը հանգստություն չուներ, օրն մի քանի անգամ գալիս էր մեզ մոտ, սիրտ էր տալիս, մխիթարում էր, ասելով, մի՛ վախեցեք, աստված ողորմած է, այդ բոլորը կանցնի։ Նա ասում էր, որ շատ անգամ աստված յուր ստեղծածներին փորձելու համար փորձանքի մեջ է ձգում, օրինակ էր բերում Հոբ Երանելիի կրած տանջանքները* և ուրիշ շատ բաներ սուրբ գրքերից։

——————————————
* Ըստ աստվածաշնչային առասպելր, աստծո հանդեպ Հոբ Երանելու նվիրվածությունը փորձելու համար սատանան նրան ենթարկում Է դաժան տառապանքների. մեկ օրվա ընթացքում հետին թշվառության Է մատնում նրան, ավազակները սպանելով պահապաններին՝ թալանում են նրա ունեցվածքը, երկնքից կրակ Է թափվում, ուայրվում են նրա հովիվները հոտերի հետ միասին, փոթորիկը քանդում Է նրա տունը, կործանելով որդիներին, նրա մարմինը ծածկվում Է գարշելի խոցերով և այլն։ Տե՜ս Աստվածաշունչ,Գիրք Յօբայ
——————————————

«Գարշելի»... ասացի մտքումս և, զսպելով իմ վրդովմունքը, հարցրի.

— Հիմա նա ո՞րտեղ է։

— Քանի շաբաթ է, որ չէ երևում, — պատասխանեց մայրս։ — Մի անգամ եկավ ինձ մոտ, ասաց, նազանի, ես գնում եմ Մուրադին որոնելու, ջահել տղա է, անփորձ է, չլինի թե բռնվի, մենք նրան պետք է թաքցնենք, մինչև աստծո բարկությունն անցնի։

Խե՜ղճ մարդ, արտասուքը հեղեղի նման թափվում էր նրա աչքերից, կարծես իր հարազատ որդու համար էր լաց լինում։

Այդ միևնույն խոսքերը ասաց ինձ Քավոր կինը։ Բայց ես շատ լավ էի հասկանում, թե քավոր Պետրոսը ինձ ի՛նչ մտքով էր որոնում...

Սառայի հայրը գնաց եկեղեցի, ոչ այնքան աղոթելու համար, որքան լսելու, թե մարդիկ դրսում ինչ են խոսում։ Մեր գյուղացիները սովորություն ունեին ժամից դուրս գալուց հետո հավաքվել եկեղեցու բակում և զանազան բաների վրա խոսել։ Նապատվիրեց ինձ, որ իրենց տանը մնամ մինչև իր վերադարձը։

Մորս սերը, քույրերիս հրճվանքը, Սառայի ներկայությունը առժամանակ մեղմացրին իմ մեջ այն կատաղությունը, որ տիրել էր իմ սրտին այդ տունը մտնելուց առաջ։ Թանկագինբարեկամներիս ջերմ գգվանքը, նրանց անկեղծ փաղաքշանքը կարծես թե թմրեցրին իմ զգացմունքները մի տեսակ անբացատրելի արբեցության մեջ, մոռանալ տալով այն բոլոր նախամտածությունները, որ ես վճռել էի սիրելի վարպետիս ազատության համար։

Սառան ուրախ էր, ինչպես մի գարնանային ծիծեռնակ, նա անդադար ճախրում էր իմ շուրջը, աշխատելով կատարել մինչև անգամ իմ ամենափոքր հաճույքները։ Քույրերս չէին հեռանում իմ մոտից, անթիվ հարցեր էին առաջարկում, ուզում էին խոսել, անընդհատ կերպով խոսել ինձ հետ։ Մայրս նստած էր իմ մոտ և, իմ աջը բռնած իր ձեռքի մեջ, զմայլած նայում էր իմ երեսին և երբեմն խուլ հառաչանքներ էր արձակում։ Խե՜ղճ կնիկ, ո՛րքան ցավեր, ո՛րքան տրտմություններ թաքնված էին նրա բեկյալ սրտի մեջ... Սիրելի ամուսնի կորստից հետո, նա միայն իմ մեջ էր գտնում իր մխիթարությունը...ես էի նրա տան սյունը... ես պիտի վառ պահեի հայրենական օջախի կրակը... նրա բոլոր հույսերը իմ վրա էին դրված... իսկ ա՞յժմ։ Այժմ ամեն հույս պիտի խորտակվեր, այժմ մայրական բոլոր բաղձալի փափագները պիտի ոչնչանային։ Նրա որդին մի սարսափելի հանցավոր էր, որին վաղ թե անագան գուցե կախաղան կբարձրացննեին...

Երևի այդ դառն մտածմունքներն էին պաշարել մորս, որ նա այնքան տխուր էր։

Բայց նա ինձանից թաքցնում էր իր վշտերը, որ ինձ ավելի ցավեր չպատճաոե։

Սառայի հայրը վերադարձավ եկեղեցուց բավական ուշ նա պատմեց մեզ շատ նորություններ և ի միջի այլոց հայտնեց, որ քավոր Պետրոսին տեսնողներ են եղել Հին քաղաքում, նա ասել է, որ երեկոյան կվերադառնա իր տունը։ Այղ լուրը ինձ սաստիկ ուրախություն պատճառեց։ «Վերջապես նա իմ ճանկը կընկնի, և ես գիտեմ ինչ կանեմ»...— մտածում էի ես և մեծ անհամբերությամբ սպասում էի երեկոյին։

Բայց երեկոյան մի քանի անգամ մարդ ուղարկեցինք նրա տունը, պատասխան ստացանք, թե դեռ չէ եկել։ Ես դարձյալ սկսեցի անհանգիստ լինել, դարձյալ դառն մտածություններ պաշարեցին ինձ, հուսահատությունը խեղդում էր ինձ, չգիտեի, թե ինչ պետք է անել։

Արևը մտավ, մութը պատեց աշխարհը։ Դա տագնապի վերջին գիշերն էր։ Եթե այդ գիշեր փրկություն չլիներ վարպետիս համար, առավոտյան ամեն հույս պետք էր կորած համարել։ Առավոտյան նրան պիտի դուրս հանեին դատապարտյալների հրապարակի վրա... Այդ միտքը սարսափեց նում էր ինձ։

Գիշերը ես անցկացրի կատարյալ տենդային դրության մեչ։ Ոչ քնել կարողացա և ոչ արթուն էի։ Ինձ տիրել էր մի տեսակ կատաղություն, որ պահում է մարդուն ալեկոծության մեջ, բայց միևնույն ժամանակ թույլ չէ տալիս տեղից շարժվել, ինչպես ծովը ծփում է իր շրջանակի մեջ։ Ես նույն րոպեում պետք է թռչեի, վազեի, գնայի այնտեղ, ուր անմեղ մարդը պիտի դատապարտվեր։ Բայց կարծես մի աներևույթ ձեռք կաշկանդել էր ինձ, իմ կամքի, բնավորության զորությունը թուլացել էր...

Ես հիվանդ էի։ Գլուխս սաստիկ ցավում էր, ամբողջ մարմինս վառվում էր կրակի մեջ։ Մայրս, քույրերս, Սառան չհեոացան իմ անկողնից։ Նրանց խոսքերը ես լսում էի, հասկանում էի, բայց իմ պատասխանները լինում էին այն աստիճան անկապ, անտեղի և խառնաշփոթ, որ մայրս մեծ զարհուրանքով մտածում էր, թե սիրելի որդին խելագարվարծ է...

Առաջին անգամն էր պատահում ինձ արթնության մեջ երազներ տեսնել։ Երբ աչքերս խփում էի, ինձ երևում էր, թե գտնվում եմ Հին քաղաքում։ Առավոտ է։ Փողոցներում տիրում է հուզմունք և իրարանցում։ Մարդիկ շտապով վազում են դեպի դատապարտյալների հրապարակը։ Ես էլ այդ խռովյալ բազմության հետ վազում եմ դեպի այն կողմը։ Հրապարակի վրա ասեղ գցելու տեղ չկա, ամբողջ տարածությունը պատած է հետաքրքիր հանդիսատեսներով։ Հրապարակի շուրջը գտնված ծառերի ճյուղերն անգամ ծանրաբեռնված են մարդիկներով։ Նրանք երևում էին ինձ այնքան մանր, փոքրիկ ծտերի նման, «ի՞նչ կա, ի՞նչ բանի է սպասում այդ խուռն բազմությունը», — Հարցնում էի ես։ «Մի հանցավորի ձեռքը պիտի կտրեն», — լինում էր պատասխանը։

Սարսափելով այդ խոսքերից, աչքերս բաց էի անում, այլևս ոչինչ չէի տեսնում, ոչինչ չէր երևում։ Տեսնում էի միայն մորս տխրամած դեմքը, որ նստած էր իմ անկողնի մոտ, տեսնում էի Սառայի արտասվալի աչքերը, տեսնում էի յուղային ճրագը, որը աղոտ լույսով վառվում էր իմ քնարանում։ Քույրերս պառկած էին, ամբողչ տունը նիրհում էր. երկու հոգի միայն արթուն էին մնացել՝ մայրս և սիրող աղջիկը...

Այդ իրականություն էր. իսկ մնացածը՝ երազ։

Աչքերս կրկին փակեցի, մտածելով, թե արդեն անցավ սոսկալի տեսիլքը։ Դարձյալ միևնույն երազի շարունակությունը, նույն հրապարակը, նույն բազմությունը, նույն մարդրկը՝ կախված ծառերի ճյուղից։ Բայց տեսարանն այժմ մասամբ փոխվել էր: Հրապարակի կենտրոնում դահիճը, ոտից ցգլուխ կարմիր հագած, ձեռքում սրում էր դանակը։ Նրա մոտ կանգնած էր թշվառ դատապարտյալը, գունաթափ, մաշված և կիսամեռ։ Բանտը խլել էր նրանից ամեն կենդանություն։ Ես հազիվ կարողացա ճանաչել նրան։ Դա իմ վարպետն էր, այն բարի արհեստավորը, որ այնքան սիրում էր ինձ, այն մարդը, որ հոր նման ուրախանում էր, երբ տեսնում էր իմ հառաջադիմությունը արհեստի մեջ, այն մարդը, որ խոստանում էր բախտավորացնել ինձ, առանձին արհեստանոցի տերշինել։

Բայց ինչո՞վ վարձատրեց նրա առաքինությունները ապերախտ աշկերտը՝ դավաճանությամբ։ Այդ պատիժը, որ կրում էր անմեղ մարդը, իմ պատճառով էր։ Ե՛ս ձգեցի նրան այդ սոսկալի փորձանքի մեջ...

Այդ մտածությունների հուզմունքի մեջն էի ես, երբ դահիճը դատապարտյալին։ Ամբողջ բազմությունը դղրդաց մի խուլ, գերեզմանական շշնջյունով։ Կարծես բոլորի բերանից լսվում էր «անմե՜ղ» բառը։ Ես համբերել չկարողացա։ Խելագարի նման ճչալով, աղաղակելով, պատառեցի խիտ ամբոխը և մի ակնթարթում հայտնվեցա դահճի մոտ։ Կըտրեցեþք իմ ձեռքը, — գոչեցի ես որոտի ձայնով, — Այդ ձեռքն է շինել այն բանալին»։ Ամբողջ բազմության վրա տիրեց խորին ապշություն։

Այդ ձայնի հետ ես արթնացա։

Օրը լուսացել էր արդեն, արևի առաջին ճառագայթները անցել էին իմ քնարանի մեջ։ Մայրս դարձյալ նստած էր իմ անկողնի մոտ, իսկ փոքր-ինչ հեռու կանգնած էր մի մարդ։

Մայրս սարսափեց, երբ լսեց իմ վերջին խոսքերը, բայց կանգնած մարգը հանգստացրեց նրան, ասելով.

— Խեղճ տղան երազների մեջ է խոսում։

Երբ ուղիղ նայեցի այդ մարդու երեսին, տեսա, որ նա մեր քավոր Պհարոս՛ն էր։ Նրա երևույթը ինձ բոլորովին սթափեցրեց իմ անրջային զառանցություններից։ Ես այժմ գտնվում էի կատարյալ արթնության մեջ, բայց դարձյալ կրկնեցի նույն խոսքը, որ ասել էի երազիս մեջ.

— Այո՛, ես եմ շինել այն բանալին...

Չգիտեմ քավոր Պետրոսը ի՞նչ ասաց, ի՞նչ ակնարկություն արեց դեպի իմ մայրը, միայն այսքանը տեսա, որ նա հեռացավ իմ քնարանից, ես և քավոր Պետրոսը մնացինք միայնակ։

Ես զգում էի ինձ բավական լավ. գլխիս ցավն անցել էր մարմնիս ջերմությունը մեղմացել էր, միայն անդամներիս մեջ տիրում էր մի տեսակ հոգնածություն, մի տեսակ թուլություն։ Այսուամենայնիվ ես վեր կացա անկողնից և հագնվեցա։ Քավոր Պետրոսը օգնեց ինձ լվացվելու։ Սառը ջուրը բավական զովացրեց իմ գլուխը, բավական կազդուրեց իմ բորբոքված ուղեղը։

Մարդկային բնավորության մեջ երբեմն կատարվում են այնպիսի հոգեբանական փոփոխություններ, որ շատ դժվար է լինում բացատրել։ Կան մարդիկ, որոնց վրա որքան և զայրացած լինես, որքան և նախապատրաստված լինես նրանց հանդիմանելու, անարգելու և մինջև անգամ սպանելու, բայց հենց որ նրանց երեսը տեսնում ես, իսկույն կարծես թե մի մոգական ազդեցությամբ քո սրտի և հոգու նախկին լարված տրամադրությունը թուլանում է, բարկության խստությունը մեղմանում է, և դու ընկնում ես կատարյալ սառնասրտության մեջ։ Նույն ազդեցությունը գործեց ինձ վրա և քավոր Պետրոսը։

Ես նրա դեմ զայրացած էի։ Ես մահվան չափ ատում էի այդ գարշելի մարդուն, ես վճռել էի վարվել նրա հետ վրեժխնդրության բոլոր բարբարոսությամբ, բայց հենց որ նրա պատկառելի երեսը տեսա, իմ բոլոր սրտմտությունը, իմ բոլոր կրքերը փշրվեցան, խորտակվեցան այդ խորհրդավոր մարդու կախարդիչ զորության առջև։ Չգիտեմ ինչի՞ն պետք էր վերաբերել այդ փոփոխությունը, արդյոք իմ պատանեկական բնավորության թուլությա՞նը, թե՞ իմ կամքի անհանգստությանը...

Բայց ես այնքան քաջություն ունեցա, որ պահանջեցի առանձնության մեջ խոսել նրա հետ։

— Ես դրա համար հեռացրի քո մորը,— Ասաց նա մեղմությամբ և նստեց իմ մոտ։ — Մուրադ, — շարունակեց նա, առանց թույլ տալու, որ ես խոսեմ։ — Դու ցանկացար ինձ հետ առանձին խոսել, հասկացա քո միտքը և դրա համար գովում եմ քո խելացիությունը։ Բայց առանց քո խոսքերը լսելու, ես գիտեմ, թե դու ի՛նչ պիտի ասես ինձ։ Դու պիտի ասես, քավոր Պետրոս, այն բանալին, որ ես շինեցի քեզ համար, նրանով կատարվել է մի մեծ չարագործություն, գողացել են թանկագին իրեղեններ և, որպես հանցավոր, բռնել են և պատժվում են անմեղ մարդիկ։ Դու պիտի ասես, քավոր Պետրոս, բանալին քո ձեռքումն էր գտնվում, ուրեմն, թե կասկածանքը և թե պատասխանատվությունը քեզ վրա է ընկնում։ Դու այնքան ազնիվ ես և բարեսիրտ, որ կպահանջես ինձանից, որ ես անպատճառ պատասխանատվությունը ինձ վրա առնեմ և ազատեմ անմեղ մարդիկներին դատաստանի բարբարոսություններից։ Իսկ եթե ես չլսեմ քեզ, դու այնքան անաչառ կլինես, որ չես թաքցնի չարագործությունը, կդիմես որտեղ հարկն է, կմատնես ինձ և կհայտնես բանալիի ամբողջ պատմությունը... Կարծեմ ես նախագուշակեցի բոլորը, ինչ որ դու մտքումդ դրած ունեիր, այդպես չէ ։

— Ուղիղ այդպես է:

— Սիրում եմ քո անկեղծությունը և ուրախանում եմ քո ճշմարտախոսության վրա։ Ես էլ, եթե քո տեղը լինեի, այդ պես կվարվեի, ես էլ թույլ չէի տալ, որ չարագործությունը ծածկվեր, իսկ անմեղությունը նրա փոխարեն պատժվեր։

Ես չկարողացա իմ վրդովմունքը զսպել։

— Ուրեմն ինչո՞ւ թույլ տվեցիք, որ անմեղությունը պատժվի։ Մինչև այսօր ի՞նչ բանի էիք սպասում, որ ծածկեցիք չարագործությունը։ Մի՞թե ձեր պատճառով չէր, որ դժբախտ վարպետիս ամբողջ արհեստանոցը, կայքը, կալվածքը և բոլորը, ինչ որ ուներ, աճուրդով վաճառեցին, ու նրա ողորմելի ընտանիքը օրական հացի կարոտ թողեցին։ Մի՞թե ձեր պատճառով չէր, որ խեղճ վարպետիս բանտի մեջ մաշեցին, իսկ հիմա, գուցե այս րոպեիս, դատապարտյալների հրապարակի վրա, դահիճը կտրում է նրա ձեռքը։ Ւնչո՞ւ թողեցիք, որ այդ բոլոր բարբարոսությունները կատարվեին, եթե դուք խիղճ ունեիք, եթե ձեր սրտումը աստուծո երկյուղը կար, եթե դուք հարգում էինք արդարությունը։ Իսկ այժմ, երբ բանը բանից անցել է, նոր եկել եք ու իմ գլխին քարողներ եք կարդում։

Նա պատասխանեց, պահպանելով իր սառնասրտությունը.

— Իրավացի եմ համարում քո մանկական սրտի բարկությունը, շա՛տ իրավացի։ Դա մի լավ նշան է, որ դու բարոյապես փչացած տղա չես։ Բայց լսի՛ր. Մուրադ, լսի՛ր ցավալի իրողությունը։

Վերջին խոսքերը արտասանելու ժամանակ նրա զորավոր ձայնը սկսեց դողդողալ, և աչքերումը հայտնվեցավ արտասուք։

— Այն խիթալի բանալին, որ դու շինեցիր ինձ համար, ես պահում էի իմ մոտ, իբրև մի անմոռանալի հիշատակ, որ հայրը կարող է ունենալ սիրելի որդուց։ Դա քո ձեռքի առաջին գործն էր և այդ պատճառով ինձ համար թանկագին էր։ Բայց երևում է, որ աստված կամեցել էր ինձ պատժել հենց այն բանով, որը իմ սրտին շատ մոտ էր։ Հանկարծ բանալին անհայտացավ։ Ո՞վ տարավ, ո՞րտեղ կորավ՝ մինչև այսօր մտածում եմ, մտածում և ոչինչով բացատրել չեմ կարողանում» նրա կորստից մի շաբաթ հետո կատարվեցավ քեզ հայտնի չարագործությունը։ Այն օրից ես ամեն տեղ ման էի գալիս, ամեն տեսակ հարցուփորձ գործի էի դնում, գուցե մի հնարքով կարողանամ երևան հանել կատարված եղելության գաղտնիքը։ Բայց իմ բոլոր ջանքերը անցան ապարդյուն։ Այժմ ես մոլորված եմ տարակուսությունների մեջ. մտատանջությունը խեղդում է ինձ. չգիտեմ, թե ի՛նչ պիտի անեմ, չգիտեմ, թե ինչո՞վ կարող եմ քավել այն հանցանքը, որ ինքս չեմ գործել, այլ իմ միամտության պատճառով կատարվել է...

Նրա աչքերը դարձյալ լցվեցան արտասուքով։ Այդ խոսքերը արտասանում էր նա մի այնպիսի մեղմ, համոզիչ և անկեղծ եղանակով, որ կարծես ինքը, ճշմարտությունը խոսում էր նրա շրթունքներով։

Ես հավատացի։

Ես այն հասակում հիմար տղա չէի, բայց այնքան խելահաս ևս չէի, որ կարողանայի խորին կերպով քննել քավոր Պետրոսի խոսքերը։ Ես գոնե այնքան հասկացողություն չունեի, որ հարցնեի նրանից, լավ, դիցուք թե բանալին քո մոտից անհայտացավ, կամ մի ուրիշ մարդ գողացավ քեզանից։ Բայց այդ ուրիշ մարդը ո՞րտեղից կարող էր գիտենալ, որ քո մոտ մի այսպիսի բանալի էր պահված։ Դիցուք թե չգողացան, այլ դու կորցրիր։ Բայց գտնողը ի՞նչպես կարող էր հասանալ, որ այդ բանալին կբաց անե մի անհայտ երկաթե արկղի դռնակը, որը դրած է այսինչ ամրոցում։ Այդ հարցերից և ոչ մեկը չառաջարկեցի նրան և ոչ հետաքրքիր եղա տեղեկանալու, թե այն ի՞նչ բանալի էր, որ դուառաջին անգամ տվեցիր ինձ և պատվիրեցիր նրա նմանը շինել։ Մի՞թե այդ բանալին հիշյալ արկղի իսկական բանալին չէր։ Ո՞վ տվեց քեզ իսկականը, կամ ի՞նչ նպատակով շինվեցավ երկրորդը։ Ինչո՞ւ էիր դու սկզբում ինձ ամենայն խստությամբ պատվիրում, որ իմ շինած բանալիի գոյության մասին ոչ ոքի հետ չխոսեմ, ոչ ոքի չհայտնեմ, մինչև անգամ իմ մորը։ Կրկնում եմ, որ այդ հարցերից և ոչ մեկը իմ մտքում չեկավ, որ առաջարկեի նրան։ Ես քարացածի նման մնացել էի ապշած, զարմացած, իմ ուղեղին տիրել էր մի տեսակ մթին թմրություն։

Նկատելով իր խոսքերի ազդեցությունը, քավոր Պետրոսը մինչև անգամ ժամանակ չտվեց, որ ես կարողանայի մտածություններս ամփոփել և նրան մի բան ասել։ Նա շարունակեց.

— Այժմ, սիրելի զավակս, իմ խղճմտանքի վրա մի ծանր բեռն է դրված, ես քուն ու հանգստություն չունեմ, գիշեր ու ցերեկ տանջվում եմ այն մտածությունով, որ իմ անխոհեմությամբ պատճառ եղա մի աղետալի գործի և շատերին ղժբախտության մեջ գցեցի։ Չգիտեմ, ինչով կարող եմ քավել այդ մեղքը։

Ես սթափվեցա:

— Նրանով, — պատասխանեցի, — Որ հենց այս րոպեիս պիտի գնաք դատավորի մոտ և հայտնեք նրան, թե մի կտրել տվեք այն անմեղ մարդու ձեռքը, որովհետև հանցավորը դուք եք։

— Ես այդ կանեի և մեծ հոժարությամբ կանեի, բայց նրա ձեռքը այլևս չեն կարող կտրել։

— Ինչո՞ւ:

— Այս առավոտ երբ գնացին, որ բանտից դուրս բերեն նրան և տանեն դատապարտյալների հրապարակի վրա վճիռը կատարելու, գտան բանտի դռները խորտակված, պահապանննրից մի քանիսը սպանված, իսկ կալանավորը անհայտացած։

Իմ կյանքում ոչինչ ինձ այնքան չէ ուրախացրել, որքան ես ուրախացա, լսելով վարպետիս ազատության լուրը։ Ես իսկույն հիշեցի Կարոյի խոսքը, որ ասել էր ինձ, թե «Մենք նրան կփախցնենք»... Ընկերներս կատարեցին իրանց խոստմունքը, նրանք չխաբեցին ինձ։ Ես այդ մասին քավոր Պետրոսին ոչինչ չհայտնեցի, նկատելով, որ նա տեղեկություն չունի, թե ի՞նչ հնարքով կամ ո՞վքեր փախցրին նրան բանտից: Միայն ասացի.

— Լավ, դիցուք թե նա, փախչելով բանտից, դրանով կարողացավ իր ձեռքը աղատել դահճի դանակից, բայց այնքան չարչարանքներ, այնքան վնասներ, որ կրեց նա, տունից, կայքից, հարստությունից ղրկվեցավ, այդ բոլորը ոչի՞նչ, դուք ձեզ մեղապարտ չե՞ք համարում այդ բոլորի մեջ։

— Համարում եմ, ինչպե՞ս չեմ համարում։ Ինձ այնպես է թվում, որ այդ բոլոր վնասները ես պատճառեցի նրան։ Եթե ես այն անիծյալ բանալին շինել չտայի, այդ վնասները նրան չէին Հանդիպի։ Բայց միայն աստծուն հայտնի է, թե որքան անպարտ եմ ես...

Վերջին խոսքերի միջոցին նա ձեռքը տարավ դեպի մորուքը, և շապկի թևքը ետ քաշվելով, երևա՛ն հանեց նրա մերկ բազուկը։ Ամեն անգամ այդ բազուկը տեսնելիս ինձ տիրում էր մի սրբազան սարսուռ, և սիրտս սկսում էր դողդողալ մի անբացատրելի հոգևոր երկյուղածությամբ։ նրա վրա դրոշմված էր Երուսաղեմի վանքի սուրբ կնիքը, որը պատկերացնում էր իր մեջ այն նվիրական տեղերը, որոնց հետ կապված են ամբողջ քրիստոնյա աշխարհի սրտերը։ Իսկ ձեռքի վրա դրոշմված էր մի խաչ՝ սիրո և եղբայրության նշանը՝ Հիսուս Քրիստոսի ուխտի նշանը, որը պատվիրեց նա կրել, որպես մի հոգևոր զենք արդարության և ճշմարտության համար մարտնչելու։ Մի թե մի այսպիսի ձեռքը, որ կրում է իր վրա այդ քրիստոնեական զինվորության նշանը, ընդունակ կլինի չար գործելու։

Քավոր Պետրոսը մուղդուսի էր։ նա իր կյանքում մի քանի անգամ այցելություն էր գործել Երուսաղեմի վանքը և իր ձեռքերը, բազուկները դրոշմել էր սուրբ ուխտի կնիքով։

Երբ նրանից հարցրի՝ ուրեմն ի՞նչ հատուցում պիտի անեք այն անմեղ մարդուն, որին դուք թեև անգիտակցաբար ղժբախտացրիք, նա պատասխանեց.

— Ես այդ մասին մտածել եմ և վճռել։ լսիր, Մուրադ, ես, ինչպես ասում են հեքիաթների մեջ, պետք է երկաթե ցուպ կրեմ ձեռքիս, պետք է երկաթե տրեխներ հագնեմ, վերջապես պետք է երկաթե շղթա անցկացնեմ պարանոցիս և երկրե երկիր, աշխարհից աշխարհ ման գամ, մուրացկանություն անեմ, փող հավաքեմ, որ նրա կրած վնասների փոխարենը վճարեմ, որպեսզի խիղճս հանգստացնեմ։

— Ուրեմն դուք վճռել եք գնալ օտա՞ր աշխարհ։

— Անպատճա։

— Եվ ա՞յդ նպատակով։

— Այո՛, այդ նպատակով։

Ես հիացած մնացի նրա առաքինության վրա։

Րոպեական մտածությունից հետո խոսեց նա.

— Ես քեզ խոստովանվեցա իմ բոլոր հանցանքը, խոստովանվեցա նաև, թե ինչով դիտավորություն ունեմ քավելու այդ հանցանքը։ Հիմա ես դաոնում եմ դեպի քեզ, Մուրադ, դու խելացի տղա ես, դու հասկանում ես այնքան, որքան կարող է հասկանալ մի ազնիվ, հասակավոր մարդ։

Խոստովանիր, քո խիղճը, քո սիրտը չէ՞ ասում քեղ, որ վարպետիդ դժբախտության մեջ դու նույնքան հանցավոր ես, որքան՝ ես։ Այսինքն՝ ուզում եմ ասել, որպես ես անգիտակցական պատճառ դարձա նրա անբախտությանը, այնպես էլ՝ դու։ Կորստաբեր բանալին շինել տալու ժամանակ ես, իհարկե, չգիտեի, թե ո՛րպիսի չարիքների դուռն պիտի բաց անե նա. այն պես էլ դու չգիտեիր, երբ շինեցիր։ Ուրեմն մենք երկուսս էլ մեր անմեղությամբ պատճառ դարձանք մի մեղավոր գործի։ Այդ մեղքը տարածվում է մեր երկուսի վրա։ Մի՞թե միասին չի պիտի քավենք նրան։

— Այո , միասին։ Բայց ես ի՞նչ կարող եմ անել։

— Ա յն, ինչ որ ես պիտի անեմ։ Դու անպատճառ պիտի գաս ինձ հետ. դու պիտի թողնես այդ երկիրը։ Լսիր, Մուրադ, քո վարպետը, իրավ է, ազատվեցավ պատժվելուց,փախավ բանտից, բայց դրանով գործը պետք է վերջացած չհամարել, ընդհակառակն, ավելի ծանրացավ։ Կառավարությունը այսուհետև ավելի խստությամբ կսկսե որոնել նրան և նրա մարդիկներին, որոնք նույնպես փախած են, այսինքն՝ քեզ։ Երբ քեզ բռնելու լինեն, այլևս փրկություն չկա, անպատճառ կախաղան կբարձրացնեն։ Այդ ես գիտեմ։ Քո անբախտ մայրը կմեռնի կսկծից, և. քո հոր տան ճրագը իսպառ կհանգչի։ Եթե ցանկանում ես, որ քո կյանքը ապահով դրության մեջ լինի, պետք է անպատճառ հեռանաս այդ երկրից։ Այստեղ պահվել չես կարող։ Կգնանք օտար աշխարհ, մի քանի տարի անց կկացնենք պանդխտության մեջ, փող կվաստակենք, հետո կվերադառնանք: Մինչև մեր վերադարձը ամեն ինչ փոխված կլինի, ամեն բան մոռացված կլինի։ Պարսից դատարանների վճիռները ժամանակավոր են, փոխվեցան դատավորները, փոխվում են և վճիոները։ Ոչ ատենական դիվանագիտություն կա և ոչ որևիցե արձանագրություն։ Ներկա մարդը չգիտե, թե իր նախորդի օրերում ինչեր են կատարվել։

Վերջացնելով իր բացատրությունները, նա դարձավ դեպի ինձ, ուղիղ իմ երեսին նայելով.

— Ասա՛, համաձա՞յն ես ինձ հետ գալու։

— Ես համաձայն եմ, բայց չգիտեմ, թե մայրս ինչ կասե:

— Մայրդ շատ ուրախ կլինի։ Նա գիտե, որ դու այստեղ մնալ կարող չես, միշտ պետք է թաքնված լինես, միշտ պետք է փախստականի կյանք վարես։ Իսկ այսպես ապրել անկարելի է։

— Ուրեմն դուք խոսեցեք մորս հետ:

— Ես անպատճառ կառնեմ նրա համաձայնությունը։

Գ

ՊԱՆԴԽՏՈՒԹՅՈՒՆ
Աշնան վերջը մոտեցավ։ Մեր գյուղր օրըստօրե ստանում էր տխուր կերպարանք։ Տերևաթափ այգիները կորցրին իրանց գեղեցկությունը, և մերկ դաշտերի գունաթափ երեսը ներկայացնում էր մի հիվանդոտ պատկեր։ Ամեն երևույթ տրամադրում էր դեպի տխրությունը։ Թռչուններն անգամ լուռ էին և շտապում էին շուտով թողնել այդ երկիրը, որ այլևս նրանց ուրախացնել կարող չէր։

Միևնույն զգացմունքներով լի էր և իմ սիրտը։ Հայրենի երկիրը ինձ համար բանտ էր դարձել։Ինձ թվում էր, որ բոլոր շրջապատող առարկաները այնքան ծանրացել էին իմ վրա, որ ճնշում էին, խեղդում էին ինձ, և շունչ առնելու հնար չկար: Ես կորցրել էի իմ ազատությունը։ Ես մի անբախտ փախստական և դեռ չպատժված հանցավոր էի։ Դրսից նեղացնում էր ինձ օրենքի ահն ու երկյուղը, իսկ ներսից խղճի խայթը...

Մայրս շուտով կարողացավ հասկանալ իմ դրությունը, նա խելացի կին էր և մի օր դարձավ դեպի ինձ այս խոսքերով.

— Մուրադ, դու մեր երկրում անունդ կոտրեցիր... կեղծ դրամ դարձար... դու այլևս այստեղ չես մսխվի...

Այդ խոսքերի մեջ խառնված էր և՛ մոր սրտի կսկիծը, և՛ մի դառն հանդիմանություն, որի նմանը մինչև այնօր լսած չէի նրանից։

— Ես այդ զգում եմ, մայրիկ, — պատասխանեցի ես։ — Ես այդ գիտեմ, որ կեղծ դրամը ճանաչված տեղում այլևս չի մսխվի , բայց այդ դրությունից ազատվելու համար չգիտեմ, թե ի՞նչ պետք է անեմ։

— Դու պիտի գնաս օտար աշխարհ, տացե աստված, որ այնտեղ օրինավոր մարդ դառնաս...

Արտասուքը թույլ չտվեց նրան շարունակել իր խոսքը։ Նա թաշկինակը տարավ դեպի աչքերը, սկսեց դառն կերպով հեկեկալ։

Մայրս սկզբում ինձ բոլորովին անմեղ էր համարում, հավատացած էր, որ ես ոչնչով խառն չեմ վարպետիս արհեստանոցում կատարված գործի մեջ, և այդ պատճառով մխիթարվում էր, մտածելով, թե իր որդին թեև հալածվում է, թեև կասկածանքի ենթակա է, բայց արդար է։ Իսկ սկսյալ այն րոպեից, երբ ես իմ անրջային տագնապի մեջ արտասանեցի այն աղետալի խոսքերը, թե «ես եմ շինել այն բանալին» այդ րոպեից նա համարում էր ինձ գող, ավազակ կամ ավազակ ների ընկեր։ Ես առիթ չունեցա նրան բացատրելու գործի իսկությունր, որովհետև կոտրված սրտին խիստ ծանր էր լսել, իր կարծիքով, արդեն փչացած, անբարոյականացած և հանցավոր որդու դառն խոստովանությունները... Այդ մասին նա խոսացել էր միայն քավոր Պետրոսի հետ, իսկ քավոր Պետրոսը ի՞նչ էր ասել նրան, ինձ հայտնի չէր։ Միայն մորս վերջին խոսքերից, որ ասաց ինձ, թե «դու պիտի գնաս օտար աշխարհ, տացե աստված, որ այնտեղ օրինավոր մարդ դառնաս», ես հասկացա, որ արդեն վճռված էր իմ մասին՝ հեռանալ հայրենիքից։ Ես հարցրի.

— Մինչև այսօր օտար երկիր չեմ տեսել, ո՞ւմ հետ գնամ։

Նա պատասխանեց.

— Մեր քավոր Պետրոսը գնում է, դու էլ պիտի գնաս նրա հետ։

Ես ուրախացա։Իսկ այդ բառերը արյան հետ բխեցին մորս սրտից։ Մինչև այսօր հիշում եմ, թե որքան գունաթափ ու որքան տխուր էր նրա դեմքը այդ խոսքերն արտասանելու րոպեում։ Բարեսիրտ մայր, նրան խիստ դժվար էր բաժանվել արդեն փչացած որդուց.... Բայց մի՞թե փչացած էի ես։ Այդ հարցը դժբախտաբար մնաց անորոշ...

Մորս փոքրիշատե մխիթարում էր այն միտքը միայ՛ն, որ իր որդուն հանձնում է մի փորձված և հավատարիմ բարեկամի ձեռքը, որպիսին քավոր Պետրոսն էր, և հույս ուներ, որ մի այսպիսի մարդու ձեռքում օտարության մեջ ես կուղղվեի և «օրինավոր» մարդ կդառնայի։ Բացի դրանից, նա մտածում էր, Որ թողնելով հայրենիքը (այսինքն՝ իմ հանցանքի գործված տեղը) և առժամանակ գնալով հեռավոր աշխարհ, ես եթե «օրինավոր» մարդ ևս չդառնայի, գոնե իմ կյանքը կազատեի օրենքի և դատաստանի դատապարտությունից, որը, քավոր Պետրոսի ասելով, պիտի վերջանար կախաղանով։

Իմ մենտորի հետ մենք մի քանի օր առաջ արդեն վճռել էինք իմ պանդխտության մասին։ Մեզ մնում էր միայն ստանալ մորս համաձայնությունը։ Այղ ևս այժմ կայացավ։ էլ ի՞նչը կարող էր այնուհետև պահել ինձ հայրենի երկրում; Բայց ես մոռացել էի մի բան՝ Սառայի սիրտը։ Մի՞թե կարող էի նրանից բաժանվել։ Այդ միտքը սկսեց տանջել ինձ։

Այն օրից, որ վերադարձել էի մեր գյուղը, ես պահվում էի Սառայենց տանը։ Սառան ամեն կերպով մխիթարում էր իմ դժբախտությունը, գրկում էր, համբուրում էր ինձ, ծած կում էր ինձանից իր տխրությունը, աշխատում էր միշտ ուրախ ձևանալ, որպեսզի ինձ ևս ուրախացնե։

Մինչև վերջին օրը նրանից ծածուկ էի պահում իմ օտար երկիր գնալու խորհուրդը։ Ես միշտ երևակայում էի, թե որ քան ծանր ազդեցություն պիտի աներ խեղճ աղջկա սրտին, երբ հանկարծ կլսեր, որ ընդերկար բաժանվելու է ինձանից։ հայց, իմ ակնկալության հակառակ, նա շուտով հաշտվեցավ այդ մտքի հետ։

Այն գիշերը, որի առավոտյան ես պիտի ճանապարհ ընկնեի, նա մտավ իմ սենյակը։ Տխրամած դեմքից արդեն նշմարվում էր, թե սիրտը որպիսի ալեկոծության մեջ է։ Բայց աշխատում էր զսպել իր խռովությունը։ Կատարվող պատրաստություններից նա արդեն հասկացել էր բոլորը։

— Մուրադ, — եղավ նրա առաջին խոսքը, — դու գնում ես օտար երկիր և այդ մասին ինձ ոչինչ չե՞ս ասում։

— Դու ո՞րտեղից գիտես։

— Մանիշակը ասաց ինձ։

Մանիշակը իմ մեծ քույրն էր. երևում էր, մորիցս տեղեկանալով, հաղորդել էր Սառային։ Ես չթաքցրի նրանից, հայտնեցի, թե վաղ առավոտյան,դեռ լույսը չծագած, պետք է ճանապարհ ընկնեմ։

Խորին ցավակցությամբ սպասում էի, որ նա կսկսեր լաց լինել, կսկսեր աղաչել, պաղատել, որ ես չբաժանվեմ, չհեռանամ նրանից։

Դրանցից ոչ մեկը չեղավ։ Սառան խելացի աղջիկ էր, ավելի խելացի, քան թե ներում էր նրա հասակը և կրթությունը։ Նա բոլորովին նախապատրաստված էր եկել ինձ մոտ, իր սրտի բոլոր ամրությամբ և իր հոգու բոլոր քաջությամբ։ նրա արյունով լցված գեղեցիկ աչքերից նկատեցի ես, որ առաջուց թաքուն այնքան լաց էր եղել, այնքան տանջվել էր, որքան բավական էր իր սիրտը հանգստացնելու համար։ Իսկ ինձ մոտ աշխատում էր որքան կարելի էր սառնասիրտ երևալ, մխիթարել ինձ, որովհետև ես ավելի անբախտ էի, քան թե նա։

— Երևի դու շատ պիտի տխրես, Աառա, որ ես գնում եմ օտար աշխարհ, — Հարցրի ես։

— Ընդհակառակն, ես շատ ուրախ եմ, — պատասխանեց նա։ — Օտար աշխարհ գնալով, դու միշտ իմը կլինես և ինձ համար կպահվես։ Իսկ այստե՜ղ...

— Այստեղ ի՞նչ կլինեմ։

— Այստեղ կարող եմ կորցնել քեզ...

Այդ երկյուղը հաշտեցնում էր Սառային ինձանից անջատվելու դրության հետ։ Նրա նշանածը մի հանցավոր էր, դատապարտության մատնված մի փախստական էր, բավական էր, որ բռնեին նրան, և Սառան այնուհետև հավիտյան պետք է զրկված լիներ սիրած տղամարդից։ Իսկ օտարության մեջ ես կպահվեի, այնտեղ չէր հասնի օրենքի և դատավորի ձեռքը, իմ կյանքը ապահովության մեջ կլիներ, և այդ բավական էր Սառայի համար։

Նա միայն հարցրեց.

— Շա՞տ կուշանաս; Մուրադ։

— Աստված գիտե։ Կարելի է շատ...

Իմ պատասխանը չվախեցրեց նրան, և խորին զգացմունքով պատասխանեց նա.

— Ես քեզ կսպասեմ, ես քեզ չեմ մոռանա... Ես քեզ միշտ կսպասեմ... եթե մինչև տասն տարի, քսան տարի էլ ետ չգալու լինես, ես դարձյալ կսպասեմ քեզ։ Իսկ դու։

Ես երդվեցա, ասելով.

— Եթե ես քեզ մոռանալու լինեմ, Սառա, թող աստված էլ ինձ մոռանա։ Ես միշտ քոնն եմ եղել և քեղ համար կմնամ մինչև այն օրը, երբ աստված կրկին կարժանացնե մեզ միմյանց տեսնելու։

Նա մոտեցրեց ինձ իր երեսը, և մեր շրթունքը երկար չէին բաժանվում միմյանցից։ Հետո դրեց իմ գլխին իր մատներով նախշած մի արախչին, տվեց մետաքսով բանված մի քսակ, որ նույնպես իր ձեռագործն էր, և որը սովորաբար տալիս են հարսնացու աղջիկները իրանց ապագա ամուսիններին, երբ նրանք օտար աշխարհ են գնում իրանց բախտը փորձելու համար, որպեսզի նրանց աշխատանքն ու վաստակը արղյունավո լինի։

— Ես ուրիշ բան չունեմ, Մուրադ, — Ասաց նա խիստ զգալի կերպով, — դրանք քեզ մոտ հիշատակ եմ թողնում:

— Ապա ես ի՞նչ տամ քեզ հիշատակի համար։

— Քո սիրտը, այդ բավական է ինձ։

— Նա բոլորովին քեզ է պատկանում։

Աքաղաղները սկսեցին կանչել։ Գիշերի կեսից անցել էր արդեն։ Բայց Սառայենց տանը դեռ ոչ ոք չէր քնել։ Մայրս ու քույրերս այնտեղ էին և Սառայի հոր հետ պատրաստում էին իմ ճանապարհի իրեղենները։ Նրանք գիտեին, որ Սառան ինձ մոտ է, բայց հակառակ տեղային սովորության, ծնողական բարի ներողամտությամբ թույլ էին տալիս մեզ, որ գոնե մեր բաժանման վերջին րոպեներում խոսեինք, երկար խոսեինք միմյանց հետ։

Երբ աքաղաղները երկրորդ անգամ սկսեցին կանչել, այդ միջոցին ներս մտավ Սառայի հայրը։

— Զավակս, — Ասաց նա դառնալով դեպի ինձ, — ճանապարհ ընկնելու ժամանակ է։

Սառան այլևս չկարողացավ դիմանալ, թաշկինակով աչքերը բռնեց և դուրս եկավ սենյակից։ Հոր ներկայությամբ պարկեշտության կանոնները չէին ներում նրան ո՛չ ուրախանալու և ո՛չ լաց լինել սիրած տղամարդի համար։

Ես ապշած մնացի, չգիտեի ի՛նչ անել։

— Ճանապարհ ընկնելու ժամանակ է, — կրկնեց Սառայի հայրը։

— Այսպես վա՞ղ, — Հարցրի ես մեքենայաբար։

— Դեռևս ուշ է, — պատասխանեց նա։ — Դու այնպիսի ժամանակ պետք է ճանապարհ ընկնես, որ բոլոր գյուղացիները քնած լինեն, որ ոչ ոք քեզ չտեսնե։

Ես շուտով հագնվեցա և դուրս եկա այն սենյակը, ուր մայրս և քույրերս սպասում էին ինձ։ Այնտեղ եկավ և Սառայի հայրը։

— Ախ, երանի թե գիտենայի այսօր ինչպիսի օր է, — Հարցրեց մայրս։

— Բարի է, — պատասխանեց Սառայի հայրը։ — Տերտերից հարցրի, էֆեմերդիին մտիկ տվեց, ասաց՝ բարի է, ճանապարհ գնալու համար, նոր հագուստ ձևել տալու համար, երակներից արյուն բաց թողելու համար և այլն։

Տեր հոր գուշակությունը բավական մխիթարեց մորս։ Նա մի ամբողջ շաբաթ զբաղված էր իմ ճանապարհի պատրաստություններով և սպասում էր մի բարի րոպեի, որ ես ոտքս դուրս դնեի հայրենական տնից։

Ոստիկանության ֆերրաշները, սարվազները մեր տանը ոչինչ չէին թողել, բոլորը կողոպտել, բոլորը տարել էին։ Մնացել էր մի կով միայն, որի վրա մեր ընտանիքը դրել էր իր ապրուստի հույսը։ Այդ կովը ևս մայրս վաճառել էր տվել և ինձ համար գնել էր մի ավանակ, որպեսզի ես ոտքով չճանապարհորդեմ, որպեսզի ես ճանապարհին չհոգնեմ։ Թանկագին մայր, տակավին ո՞րքան սեր, ո՞րքան գութ էր մնացել սրտում դեպի անառակ, դեպի մոլորյալ որդին...

Կարգադրված էր, որ ես առանձին պետք է գյուղից դուրս գայի և մի նշանակյալ տեղում միանայի քավոր Պետրոսի հետ։ Այդ այն մտքով էր, որ քավոր Պետրոսին ճանապարհ դնողները կամ նրա բարեկամները ինձ չտեսնեին։

Իմ փոքրիկ խուրջինը դրեցին ավանակի վրա, և մենք դուրս եկանք բակի դռնից։ Գիշերային խավարը սարսափելի էր։ Ամպամած երկնքի վրա ոչ մի աստղ չէր երևում։ Հանդարտ, առանց շշուկ բարձրացնելու մենք անցնում էինք դատարկ փողոցների միջով, աշխատելով չզարթեցնել դրացիներին։ Մայրս, քույրերս, Սառան և նրա հայրը երկար չբաժանվեցան ինձանից։ նրանք եկան ինձ հետ, մինչև գյուղից դուրս եկանք և բավական հեռու գնացինք։ Վերջապես հասանք նշանակյալ տեղը, ուր քավոր Պետրոսը միայնակ կանգնած սպասում էր մեզ։ Ես երբեք չեմ մոռանա այս խոսքերը, որ բաժանման րոպեում մայրս արտասուքի հետ դուրս էր հեղում.

— Հայրդ գնաց օտար աշխարհ և կորա՛վ, Մուրադ, — Ասում էր նա ինձ յուր գրկում սեղմած ունենալով. — Այժմ դու ես մնացել քո հոր օջախի մի՛ակ հույսը... մի՛ մոռացիր, թե ո՞րքան թշվառություններ կրեցինք մենք... մի մոռացիր, որ դու անբախտ մայր ունես և որբ մնացած քույրեր... Մեր ամենի հույսը քեզ վրա է դրված, Մուրադ, աշխատիր, որ մեզ խղճության մեջ չթողնես։

Հետո նա հանձնեց ինձ իմ մենտորին, ասելով.

— Որդուս քեզ եմ հանձնում, քավոր Պետրոս, նա հայր չունի, դու նրա վրա միշտ հայրական խնամք ես ունեցել: Քո բարի խրատներով ուղղիր նրան, որ լավ մարդ դառնա, որ լավ անվան տեր լինի։

Քավոր Պետրոսը խոստացավ, որ իր աչքի լույսի պես կպահե, կպահպանե ինձ և այնպիսի մարդ կդարձնե ինձ, որ ամեն մի տեսնող երանի կտա իմ հորն ու մորը, որ ինձ նման խելացի ու շնորհալի զավակ ունեն։

Բաժանման րոպեն հասավ։ Ես մոտեցա և համբուրեցի Սառայի հոր աջը։ Նա ևս իր կողմից շատ խրատներ տվեց ինձ և շատ բաներ ասաց։ Ես բոլորը մոռացա, միայն մի խոսք հիշում եմ մինչե այսօր, երբ նա իր դստեր ձեռքը տալով իմ ձեռքի մեջ, ասաց.

— Չմոռանաս դրան, Մուրադ, դրա սերը պետք է առաջնորդե քեզ հառաջադիմության ճանապարհի վրա. դրա սերը պետք է վաոե քո եռանդը, պետք է ուժ և զորություն տա քեզ արիությամբ անցնելու այն բոլոր խոչընդոտները, որ պիտի հանդիպեն քեզ քո պանդխտության մեջ...

Մայրս կրկին և կրկին անգամ համբուրեց ինձ։ Քույրերս սկսեցին լաց լինել, երբ տեսան իրանց մայրը լաց էր լինում, ես նույնպես չկարողացա պահել իմ արտասուքը։ Համբուրեցի քույրերիս, համբուրեցի Սառային։ Մենք բաժանվեցանք։ նրանք երկար կանգնած նայում էին մեր ետևից, բայց գիշերային խավարը թույլ չէր տալիս միմյանց տեսնել...

Դ

ԿԵՂԾ ՀԱՋԻՆ
Քավոր Պետրոսը մոտ հիսուն տարեկան մարդ էր, բավական համակրական դեմքով։ Խորշոմը նրա լայն ճակատի վրա խորին ծալքերով իջել էր մինչև թավամազ հոնքերը, որ կիսով չափ ծածկում էին նրա սև և կրակոտ աչքերը։ Թխագույն, արևելյան երեսը իր խոշոր, բայց կանոնավոր գծագրությամբ, միշտ պատկառանք էր ազդում նայողի վրա։ Գլխի երկայն մազերը ալեխառն խտությամբ թափվում էին մինչև նրա ուսերը, այդ տալիս էր նրա դեմքին ավելի մի խստակյաց դերվիշի կերպարանք, որ իր սրտի խաղաղությունը գտնում է միայն մշտական աղոթքի և ճգնությունների մեջ։ Սպիտակ մորուքը խիստ փառավոր էր, հովանավորում էր նրա ամբողջ կուրծքը։ Միջակ հասակ ուներ, բայց սաստիկ ամուր կազմ վածքով։ Նրա շարժմունքը արտահայտում էր երիտասարդական առույգություն, թեև ինքը աշխատում էր միշտ թուլլ և տկար ձևանալ։ Ձայնը զորավոր էր և ազդու, բայց նա դիտմամբ միշտ խեղդում էր իր ձայնը։

Մենք երկուսս էլ գնում էինք ոտքով, մեր ճանապարհի ծանրությունները տանում էին երկու ուժեղ ավանակներ որոնցից մեկը ինձ էր պատկանում, իսկ մյուսը՝ նրան։ Քավոր Պետրոսը գլուխը խոնարհեցրած, դանդաղ քայլերով գնում էր ինձանից առաջ։ նա բոլորովին լուռ էր, երևում էր, որ դառն մտածություններ տանջում էին նրան։ Շատ անգամ այդ ողորմելին ոտքը դուրս էր դրել հայրենական երկրից, իսկ այժմ ուղիղ տասներորդ անգամն էր, որ իր ծերության հասակում կրկին ձեռքն էր առել պանդխտության գավազանը։

Ես նույնպես տխուր էի, ծնողներից, սիրելի բարեկամներից անջատվելը ինձ մեծ ցավ էր ազդում։ Արդյոք մյուս անգամ կտեսնեի՞ նրանց, և ե՞րբ... Ուրախ էր միայն իմ մոխրագույն ավանակը, ճանապարհի եզերքից խոտեր արածելով, նա առաջ էր վազում, առանց սպասելու, որ ես նրան քշեի։ Մեր ճանապարհորդական զենքերը կազմված էին մի— Մի հատ հաստ ցուպից, որ բռնած ունեինք ձեռքներիս։ Ավազակներից երկյուղ անգամ կրել ավելորդ էր, որովհետև, բացի ավանակներից, նրանք չէին գտնի մեզ մոտ մի բան, որ փոքրիշատե արժեք ունենար։ Իսկ այդպիսի ստոր անասունները նրանք չեն տանում։

Ամբողջ օրը եղանակը պարզ էր, բայց երեկոյան սկսեց անձրևել, և ճանապարհի վրա գոյացավ սաստիկ ցեխ։ Ես իմ տրեխները հանեցի, գնում էի բոբիկ ոտքերով։ Խեղճ անասունները դժվարությամբ էին կարողանում փոխել իրանց քայյերը, որովհետև նրանց սուր-սուր սմբակները թաղվում էին կավի մեջ, էլ չէին դուրս գալիս։ Ես շատ տխրեցա, երբ նկատեցի, որ ավանակիս երկայն ականջները սկսեցին հետզհետե քարշ ընկնել։ Դա պարզ նշան էր, որ նա բոլորովին հոգնեցավ։

Գիշերից բավական անցել էր, երբ հասանք մի պարսկական գյուղ։ Բոլոր դռները կողպված էին, դրսում ոչ ոք չէր երևում։ Այստեղ պետք էր իջևանել, որովհետև թե՛ մենք և թե՛ մեր անասունները սաստիկ հոգնած էինք, այլես առաջ գնալ անհնարին էր։ Բայց ո՛ր դռանը մոտենում էինք, թակում էինք, ոչ ոք չէր ուզում բաց անել, երբ իմանում էին, որ մենք քրիստոնյաներ ենք։ Անձրևը հեղեղի նման թափվում էր, ես մինչև ոսկորներս թրջված էի։ Այդ դրության մեջ քրիստոնյային անկարելի էր մտնել մահմեդականի տունը, իր հպավորությամբ կարող էր ամեն ինչ պղծել։ Սառն քամին սկսեց սաստկանալ, ցրտից դողում էինք թե՛ ես և թե՛ քավոր Պետրոսը։

— Այդ անպիտանների հետ պետք է ուրիշ կերպ վարվել..., — Ասաց քավոր Պետրոսը և մոտեցավ մի մեծ տան դռանը, սկսեց սաստիկ կերպով բախել։

Ներսից հարցրին.

— Ո՞վ է։

Քավոր Պետրոսը բարկությամբ պատասխանեց.

— Մուսուլմաններ, մեղք չէ՞ ձեզ համար, որ իսլամի որդիքը անձրևից ու ցրտից մեռնում են, իսկ դուք ձեր դռները չեք բաց անում նրանց առջև։

Ես սարսափեցա, տեսնելով, որ իմ մենտորը իրան ձևացնում էր մահմեդական։ Նա ինձ հրամայեց ոչինչ չխոսել, միշտ լուռ մնալ և ձևանալ որպես խուլումունջ։ Շուտով դռները բացվեցան. մեր չորքոտանիքը տարան ախոռը, իսկ մեզ հրավի րեցին մի բավական մաքուր սենյակում։ Տան սարքուկարգից երևում էր, որ մեր հյուրընկալը գյուղի հարուստներից մեկը պետք է լիներ։ Իսկույն բուխարին վառեցին, մենք տաքացանք և չորացրինք մեր թրջված հագուստները։ Հայտնվեցավ և տան տերը, խորին կերպով ողջունեց մեզ, որպես մահմեդականը ողջունում է մահմեդականին, և նստեց քավոր Պետրոսի մոտ։ Հետո տեղային քաղաքավարական ձևերով հայտնեց իր ուրախությունը, որ մենք «բարով ենք եկել, հազար բարով, իր տունը— Տեղը մեզ փեշքեշ է (նվիրված է) և յուր որդիքը մեր ծառաներն են» և այլն։

Վերջացնելով իր փոքրիկ ճառը, նա դարձավ դեպի քավոր Պետրոսը, ասաց.

— Ամոթ չլինի հարցնելը, ի՞նչպես է ձեր անունը։

— Ձեր ծառա Հաջի-Ռահիմ, — պատասխանեց քավոր Պետրոսը։

Տեսնելով, որ իր հյուրը հաջի է և ոչ հասարակ մահմեդական, տան տիրոջ հարգանքը ավելի ևս բազմացավ դեպի քավոր Պետրոսը։ Բայց ծիծաղը ինձ խեղդում էր, ես չգիտեի, թե ինչո՞վ կվերջանա այդ խայտառակությունը։ Իսկ քավոր Պետրոսը իրան այնքան ծանր էր պահում, որ չէր կարելի չհարգել նրան։ Ես ոչինչ չէի խոսում, որովհետև ինձ պատվիրված էր խուլումունջ ձևանալ։ Տան տերը նկատելով իմ լռությունը, հարցրեց քավոր Պետրոսին.

— Դա ձեր ի՞նչն է։

— Ձեր փոքրիկ ստրուկը, իմ որդին է։

— Աստված պահե, զորանա, — Ասաց տան տերը, հետո դարձավ դեպի ինձ, հարցնելով.

— Դու երևի մրսեցա՞ր անձրևից, դեմքդ խիստ գունատ է երևում։

Ես ոչինչ չպատասխանեցի։ Քավոր Պետրոսը իմ փոխարեն ասաց.

—Նա խուլումունջ է. ոչինչ չէ լսում։

— Խե՜ղճ տղա, աստված ողորմություն անե, — Բացականչեց տան տերը ցավակցական եղանակով և ապա հարցրեց.

— Մորից այդպե՞ս է ծնված, թե հետո է պատահել։

— Մորից այդպես չէ ծնված, առաջ սոխակի լեզու ուներ, լսում էր, խոսում էր, ինչպես մենք խոսում ենք։ Ուղիղ երկու տարի է, ինչ որ պատահել է այդ անբախտությունը։ Թող աստված հեռու պահե քո զավակներից։ Իմ մեղքերի համար աստված պատժեց ինձ...

Հետո քավոր Պետրոսը հնարեց մի ամբողջ պատմություն, թե որպես չար սատանաները ամեն գի՛շեր երևում էին ինձ, սարսափելի տեսարաններ էին ներկայացնում իմ աչքերի առջև, և սաստիկ վախենալուց իմ ականջները փակվեցան, և իմ լեզուն կապվեցավ։

Այդ պատմության միջոցին, որի մեջ քավոր Պետրոսի ճարտար լեզուն ահ և սարսափ էր ազդում լսողի վրա, ես նկատում էի, թե ո՛րպես զարհուրած տան տիրոջ երկար մորուքը շարժվում էր, և նա լռությամբ կարդում էր աղոթքի նման մի բան։

— Հիմա ո՞ւր եք տանում դրան, — Հարցրեց նա։

— Տանում եմ Սեիդ-Հաջինի մզկիթը, — պատասխանեց քավոր Պետրոսը։ — Սուրբ Իմամը, ինձ երազի մեջ հայտնվելով, ասաց, որ որդուս փրկություն կլինի, եթե այնտեղ կտանեմ է

Սեիդ-Հաջինի մզկիթը մեծ համարում ուներ մահմեդականների մեջ իր հրաշագործ զորությամբ։ Այնտեղ տանում էին գլխավորապես խելագարներին և խուլումունջերին։ Թայց տան տիրոջ համարումը ավելի մեծ եղավ դեպի քավոր Պետրոսը, երբ լսեց, որ «սուրբ Իմամը» հայտնվել էր նրան երազի մեջ և խոսացել էր նրա հետ։

Բոլոր ժամանակը նրանք խոսում էին թուրքերեն։ Քավոր Պետրոսի թե՛ արտասանության և թե՛ բառերի դարձվածքների մեջ չէր կարելի նկատել, որ նա հայ էր, նա խոսում էր ավելի լավ, քան թե մի թուրք։ Եվ այդ իսկ պատճառով նա հրամայեց ինձ լռության ղեր կատարել, մի գուցե մի անզգույշ խոսքով ես մերկացնեի մեր հայությունը։

Վերջապես տան տերը հրամայեց, որ ընթրիք տան։ Քավոր Պետրոսը հայտնեց, որ նա դեռ իր երեկոյան նամազը չէ կատարել և չէ կարող առանց աղոթելու սեղան նստել։ Նրան տվեցին նամազ անելու համար պետք եղած պարագայքը, նա լվացվեցավ և, մաքրության ծեսերը կատարելուց հետո, սկսեց խորին ջերմեռանդությամբ աղոթել։ Ես զարմանում էի, թե ո՞րտեղից գիտեր նա այդ բոլորը։ Մահմեդականի նամազը կատարվում է արաբական լեզվով: Աղոթելու եղանակը, երկրպագությունները որոշված կարգեր ունեն։ Մաքրության կամ լվացվելու ծեսերը նույնպես աոանձին կանոններ ունեն։ Պետք է բոլորի մեջ ճշմարտություն պահպանել։ Մի փոքրիկ սխալ կարող է «բաթիլ» անել (ոչնչացնել) նամազը։ Բայց ո՞րտեղից, ե՞րբ էր սովորել քավոր Պետրոսը այդ արարողությունները։

Քավոր Պետրոսի բարեպաշտությունը այն հետևանքն ունեցավ, որ ավելի գրավեց մեր հյուրընկալի համակրությունը: Կրոնին և հավատքին հավատարիմ մարդիկ խիստ հարգելի են մահմեդականների մեջ։ Այդ հարգանքի արտահայտությունը ավելի նկատելի էր ընթրիքի ճոխության մեչ։ Բացի զանազան ուտելիքներից, մեզ համար պատրաստել էին և փլավ։

Երբ սեղանը պատրաստ էր, քավոր Պետրոսը հարցրեց տանտերից, թե իր կյանքում սուրբ տեղերից ո՞րին ուխտ է գնացել։ Երբ պատասխանը ստացավ, թե ոչ մեկին, նա հրաժարվեցավ սեղանից, ասելով.

— Քո հացը հարամ (անսուրբ) է, ես ուտել չեմ կարող: Դու մեղանչել ես շարիաթի դեմ։

Տանտերը սաստիկ ամաչեց, սկսեց աղաչել, որ իր սեղանը չանպատվե, խոստացավ, որ գարունքին անպատճառ կգնա Բաղդադ իմամների գերեզմանները համբուրելու և Քարբալայի ուխտը կատարելու։ Պատմեց, թե որպիսի արգելքներ մինչև այնօր զրկել էին նրան սուրբ տեղերի ուխտագնացությունից։

Քավոր Պետրոսը փոքր-ինչ հանգստացավ, ասելով.

— Ամեն մի ուղղափառ մուսուլմանի պարտականությունն է, երբ նրա նյութական միջոցները այնքան ներում են, որ կարող է հոգալ ճանապարհի ծախքը, պետք է անպատճառ կատարել սուրբ տեղերի ուխտագնացության խորհուրդը:

Այնուհետև սկսեց երկար բացատրել, թե ո՛րպիսի հոգևոր վարձատրություններ են սպասում Քարբալայի, Մեշեդիի և. մանավանդ Մեքքայի ուխտավորներին, պատմեց, թե ո՛րքան հուրիներ (հրեղեն աղչիկներ) պիտի ստանան նրանք Մուհամմեդի դրախտում, և վերջացրեց իր խոսքերը նրանով, թե «անհավատ քրիստոնյաները զրկվում են այղ բոլոր երկնային երանություններից»...

Վերջին խոսքերը ինձ վրա այնպիսի վատ ներգործություն ունեցան, որ ուզում էի փակված լեզուս բաց անել և հայտնել, թե գա ինքը քրիստոնյա է, բայց խաբեությամբ իրան մահեդական է ձևացնում։ Բայց վախեցա, մտածելով, թե որպիսի վտանգի կարող էինք ենթարկվել երկուսս էլ։

Քավոր Պետրոսը մեծ ախորժակով ուտում էր։ Ես սկզբում սեղանին չմոտեցա, ոչ այն պատճառով, որ տան տերը սուրբ տեղերը ուխտ չէր գնացել, և ես նրա հացը հարամ էի; համարում, ոչ, այլ այն, որ պաս էր, ես երբեք պասս չէի լուծել։ Կրոնի և եկեղեցու պատվերները ամենայն մաքրությամբ դեռ պահպանվում էին իմ մեջ։ Բայց քավոր Պետրոսը, իմ վարմունքը նկատելով, ինձ այնպես խստությամբ աչքով արեց, որ ես ակամա ստիպվեցա ուտել...

Ընթրիքից հետո մեզ համար մաքուր անկողին պատրաստեցին, որ հանգստանանք։ Երբ մտա իմ մահիճը, երկար քնել չկարողացա, թեև սաստիկ հոգնած էի։ Զանազան մտածություններ ալեկոծում էին իմ սիրտը։ Երբեմն մտածում էի, թե ի՞նչ կլինի մեր դրությունը, երբ տան տերը հանկարծ կհասկանա, որ իր սենյակում պառկած են երկու քրիստոնյաներ։ Նա այդ տեղաշորերը, պղծված համարելով, այրել կտա, և գուցե մեզ ևս կայրեն նրանց հետ։ Եվ ինչի" համար ուրանալ կրոնը, ուրանալ ազգությունը։ Նրա համա՞ր միայն, որ մի կտոր հաց և պառկելու տեղ ստանալ։ Մի թե դրանք են պանդխտության, գաղթականության պայմանները ի՞նչ ազգի մոտենալ, այն ազգից ձևանալ... Եմ ճանապարհորդությունը հենց առաջին իջևանից ինձ անտանելի դարձավ։ Մտածում էի, ավելի լավ չէ ր լինի, որ իմ հայրենի գյուղից չհեռանայի։ Թո՛ղ այնտեղ բռնեին, չարչարեին, սպանեին ինձ։ Գոնե հայի անունով կմեռնեի։

Քավոր Պետրոսը նույնպես անքուն էր։ նա, երևի, նկատեց իմ անհանգստությունը, թե ո՝րպես անդադար մի կողքից դեպի մյուսը շուռ էի գալիս, անդադար հառաչանք էի արձակում, ա՛խ ու վա՜խ էի անում և հոգվոց էի հանում։ Նա հարցրեց.

— Ինչո՞ւ չես քնում, Մուրադ։

Ես փոխանակ պատասխանելու, սկսեցի հեկեկալ։ Նա հասկացավ իմ լացի պատճառը և ասաց առածի ձևով.

— Չէ, զավակս, այսուհետև — Ի՜նչ ազգի մեջ որ մտնելու լինես, պետք է այն ազգի փափախը ծածկես։ Այդպես է աշխարհի կարգը։

Ես հարցրի.

— Մեղք չէ արդյոք, որ մարդ իր սուրբ կրոնը, իր ազգությունը ուրանում է։

Նա պատասխանեց ինձ Պողոս առաքյալի խոսքերով, թե ինչպես նա հրեաների մոտ հրեա էր ձևանում, իսկ հեթանոսների մոտ՝ հեթանոս, որ նրանց սրտերը շահե։

Քավոր Պետրոսը կարդացած մարդ էր։ Ես նրա խոսքերը, որպես ասում են, հալած յուղի տեղ ընդունեցի։ Այն ժամանակ այնքան հասկացողություն չունեի, որ գիտենայի, թե ի նչպես մարդիկ սուրբ գրքերի ամենապարզ ճշմարտությունները աղավազում են և նրանցով բացատրում են ամենաանբարոյական մտքեր...

Ե

ՓՈՔՐԻԿ ՄԱՔՍԱՆԵՆԳԸ
Մեր ճանապարհորդության չորրորդ օրը հասանք Թաբրիզ քաղաքը, իջևանեցինք հայոց եկեղեցու բակում։

— Այժմ պետք է մտածել փողի մասին...— Ասաց քավոր Պետրոսը, և կիրակի օրը վաղ առավոտյան, ինձ իր հետ առնելով, սկսեցինք գնալ եկեղեցու երեսփոխանի տունը։

— Այնտեղ կարո՞ղ եմ խոսել, թե դարձյալ պետք է խուլումունջ ձևանամ և թաքցնեմ իմ հայությունը, — Հարցրի ես քավոր Պետրոսից։

— Կարող ես խոսել, — պատասխանեց նա ժպտալով.— և լավ հայ պիտի ձևանաս։

Բայց իմ խոսելը պետք չեղավ, որովհետև քավոր Պետրոսր ինձ ներս չտարավ երեսփոխանի մոտ, այլ հրամայեց սպասել դրսում, իսկ ինքը միայնակ ներս մտավ։ Չգիտեմ ի՞նչ խոսեց նրա հետ, ի՞նչ ասաց, միայն այդքանը հիշում եմ, որ այն օր եկեղեցում քահանան մեր մասին ժողովրդին «ծանուցումը արեց, որի մեջ հայտնեց այն միտքը, թե մենք Մուշի երկրից ենք եկել, թե մեր կնիկներր, զավակները «անհավատների» ձեռքում գերի են ընկած, այժմ բարեպաշտ քրիստոնյաներից ողորմություն ենք հավաքում, որ տանենք տանք «անհավատներին» և մեր գերիներին ազատենք, և այլն։ «Դարձյալ խաբեբայությո՜ւն»... մտածեցի ես խորին վրդովմունքով։

Որքան էլ սուտ լինեին այդ խոսքերը, այսուամենայնիվ, ժողովրդի վրա խորին տպավորություն գործեցին։ Տեր հայրը այնպիսի ազդու եղանակով նկարագրեց մեր գերիների ողբալի դրությունը, որ բոլոր լսողների մեջ ցավակցություն շարժեց» Քարոզից հետո եկեղեցում գանձանակ ման ածեցին և մեզ համար փող հավաքեցին։ Իսկ մենք մուրացկանի նման, գլուխներս ծռած, կանգնած էինք եկեղեցու դռան մոտ. քավոր Պետրոսը աջ կողմում, իսկ ես ձախ կողմում։ ժամավորները դուրս գալու միջոցին ձգում էին մեզ սև փողեր։ Այդ առաջին անգամն էր, որ ես, քավոր Պետրոսի հորդորանքով, ստիպված էի ձեռքս մեկնել և ողորմություն խնդրեի.. Ամոթը խեղդում էր ինձ։ Որքան ցածությո՜ւն էր։ Խաբե՛լ և մուրալ...

Այն օրը ես խելագարի նման էի և միշտ լաց էի լինում։ Բայց քավոր Պետրոսը մխիթարում էր ինձ, ասելով, «Ղարիբի երեսը սև կլինի, իսկ ջիբը՝ լիքը»...

Մյուս օրը մենք արդեն փող ունեինք։ Մեր ամենահարկավոր գնելիքը արտասահման գնալու համար՝ էր անցագիրը։

— Գիտե՞ս, Մուրադ, — Ասաց ինձ քավոր Պետրոսը, —օտարության մեջ հաջողակ կերպով թափառելու համար ավելի լավ է մտնել ուրիշի մորթիի մեջ։

Ես ոչինչ չհասկացա։ Նա բացատրեց.

— Պետք է անունդ, ազգանունդ, ծնած տեղդ, պարապմունքիդ անունը, բոլորը փոխես։

Ես ապշած մնացի։ Նա շարունակեց.

— Քո անունը այսուհետև Մուրադ չէ, դու կոչվում ես Ամբրոսիոս։ Քո պարապմունքը, քո արհեստը դարբնություն չէ, դու այսուհետև եկեղեցու պաշտոնյա ես, դու սարկավագ ես։ Քո ծնված տեղը Սալմաստը չէ, դու երուսաղեմացի ես։ — Եվ ուրիշ այսպիսի շատ բաներ ասաց նա, թե ի՜նչ էի ես և ի՜նչ պիտի լինեմ այնուհետև, բայց ես չթողեցի նրան վերջացնել, ընդհատեցի նրա խոսքը, հարցնելով.

— Լա՛վ, ի՞նչպես կարող եմ սարկավագ լինել, որ ամենևին կարդալ չգիտեմ և երբեք եկեղեցում չեմ երգել։

— Այդ միևնույն է, — պատասխանեց նա արհամարհանքով.— քեզ ինչ որ ասում են, այն լսի՛ր։

— Իսկ քո անունը և կոչումը ի՞նչ պիտի լինի։

— Իմ անունը Անտոնիոս է, ես հույն աբեղա եմ և Երուսաղեմի վանքի միաբան։

— Ե՞ս էլ հույն եմ։

— Դու էլ հույն ես։

Դարձյալ ազգուրացություն...

Ես չհակառակեցի։ Ես հավատացի նրան, որ օտարության մեշ թափառելու համար այդ բոլոր պայմանները անհրաժեշտ էին։ Այն օր թուրքաց հյուպատոսից անցագրեր ստացանք միևնույն անուններով, որ մեր մեջ որոշել էինք։ Բայց զարմանալին այն էր, որ քավոր Պետրոսը հենց առաջուց ուներ իր մոտ երկու անցագրեր միևնույն անուններով, միայն հնացել էին, ժամանակները անցել էր։ Նա տարավ հյուպատոսի մոտ և նորը ստացավ։

Բայց քավոր Պետրոսը հիշյալ երկու անցագրով չբավականացավ։ Նա աշխատում էր ձեռք բերել զանազան անցագրեր զանազան անուններով և այլևայլ պարապմունքներով։. Թաբրիզում, Ատրպատականի այդ մեծ մայրաքաղաքում, այդ բոլորը հնարավոր էր։ Այնտեղ կային եվրոպական պետությունների բոլոր ներկայացուցիչները, որոնցից կարելի էր անցագրեր ստանալ։ Այնտեղ կային այլևայլ պետության հպատակներ, որոնք պարապում էին զանազան գործերով, որոնք կարող էին իրանց անուններով անցագրեր վեր առնել, տալ ուրիշներին, որ ուրիշները նրանցից օգուտ քաղեին, իսկ իրանք դարձյալ կմնային Թաբրիզում։ Բայց քավոր Պետրոսը գնեց մեծ քանակությամբ պարսկական անցագրեր։ Դրանք վաճառվում էին այնպես, ինչպես վաճառվում են տերության դրոշմավոր թղթերը։ Բավական էր ուղարկել պատահած մարդու ձեռքով անունների մի ցուցակ (իհարկե, նշանակելով յուրաքանչյուր անունի ներքո տարիքը, հասակը, դեմքը և այլն), և նա կտաներ թեսքիրաջիի մոտ և նույն անունների համեմատ կգներ զանազան անցագրեր։ Թեսքիրաջ|ւ կռչում էին անցագրերի կապալառուին։

Չնայելով, որ քավոր Պետրոսը մի քանի օր առաջ իբրև մուրացկան կանգնած էր հայոց եկեղեցու դռանը և ձեռքը մեկնում էր ամեն մի անցնողին, բայց երևում էր, որ նա առաջուց ուներ իր մոտ մի փոքրիկ գումար։ Նա գնեց մեծ քանակությամբ զանազան տեսակ անցագրեր։ Ես զարմանում էի, թե ի՞նչ նպատակի կարող էին ծառայել դրանք։ Մեզ բավական էր երկուսը միայն, և ունեինք արդեն, իսկ մնացածները ո՞ւմ համար էին։ Երբ հարցրի նրանից, նա ինձ ոչինչ չպատասխանեց։ Մեկի վրա գրված էր՝ «սպահանցի ակնաբույժ Հաջի-Աբդուլ-Հուսեին-Ղուլի-էֆենդի». մի ուրիշի վրա գրված էր՝ «խորասանցի ակնավաճառ Մաշադի-Մուհամեդ Ղուլի-Աղա»։ Բայց ինձ շատ չէին հետաքրքրում այդ զանազան անունները, ինձ գրավեց մի այլ բան։

Մի օր քավոր Պետրոսը, ինձ իր հետ առնելով, գնացինք Թաբրիզի բազարը։ Այնտեղ գնեց նա զանազան տեսակի էժանագին իրեղեններ, որպիսին են թել, ասեղ, հասարակ մատանիներ, ապակուց շինած գույնզգույն հուլուններ, երեխաների խաղալիքներ, կանանց երեսը ներկելու դեղեր և այլ այս տեսակ վաճառքներ։ Այդ բոլորը այնպես փայլուն և խայտաճամուկ կերպով պատրաստված էին, որպես գիտե եվրոպացին ասիական ազգերի ճաշակին իր վաճառքները հարմարացնել։

Ամբողջ մթերքը եղավ մի փոքրիկ արկղիկ, բացի դրանից, քավոր Պետրոսը գնեց մի պարկի մեջ բավական մաստաք։ Այդ ամենը շալակած ես հասցրի մեր իջևանը, որ եկեղեցու բակումն էր։

Նույն օրվա գիշերը նա ասաց ինձ.

— Մուրադ, այն գումարը, որ եկեղեցում հավաքվեցավ մեր գերիների փրկության համար, ես բոլորը քեզ եմ ընծայում, թե՛ իմ մասը և թե քո մասը։ Այդ գումարով ես գնեցի այն իրեղենները, որ դու այսօր բազարից տուն բերեցիր։
Այդ իրեղենների վրա դու պիտի փորձես քո բախտը, թե ո՛րքան կհաջողվի քեզ առևտրական գործունեությունը։

Ես զարմացա քավոր Պետրոսի առատաձեռնության վրա։

— Ես երբեք վաճառականություն չեմ արել, — Ասեցի նրան։

— Կսովորես...— Ասաց նա և հրամայեց բերել մեր ավանակների փալանները։

Իսկույն վազեցի ախոռատունը և բերեցի փալանները։ Ես մինչև այսօր չեմ կարող զսպել իմ ծիծաղը, թե որպիսի խորամանկությամբ այդ հին մաքսանենգը սովորեցրեց ինձ, թե ո՛րպես պետք էր զանազան վաճառքներ փախցնել մաքսատնից։ Նա իմ ավանակի փալանի միջի եղած հարդը դուրս հանեց, և ինձ համար գնած իրեղենները մի այնպիսի ճարտարությամբ դարսեց հարդի տեղը, որ մաքսատան ամենա հմուտ ծառայողն անգամ չէր կարող երևակայել, որ նրա մեջ կարող էին գտնվել թաքցրած ապրանքներ։ Բայց իր ավանակի փալանի մեջ թաքցրեց նա ուրիշ իրեղեններ, որ ես տեսնել չկարողացա...

Մյուս օրը առավոտյան մենք թողեցինք Թաբրիզը; Չորրորդ օրը հասանք Երասխ գետին, որ բաժանում էր պարսից հողը Ռուսաստանից։ Մենք պետք է անցնեինք պուլֆայի կարանտինից, որ ռուսաց հողի վրա էր գտնվում։ Այստեղ էր և ռուսաց մաքսատունը։

Քավոր Պետրոսը տեսավ մի քանի պարսկաստանցի աղքատ հայեր, որոնք նույնպես կամենում էին անցնել սահմանը, բայց անցագիր չունենալու համար մնացել էին պարսից հողի վրա։

— Ուր պիտի գնաք, — Հարցրեց նրանցից քավոր Պետրոսը։

— Գնում ենք Նախիջևանի, Երևանի կողմերը, — պատասխանեցին նրանք։

— Ի՞նչ գործով։

— Մշակություն անելու։

— Ապա ինչու եք մնացել այստեղ։

— Անցագրի փող չունենք։

Քավոր Պետրոսը ասաց, թե ինքը ունի մի քանի ավելորդ անցագրեր, կտա նրանց, միայն այն պայմանով, որ սահմանը անցնելուց հետո կրկին ետ դարձնեն իրան։

— Մեր դժվարությունը սահմանը անցնելն է, — պատասխանեցին նրանք, — Այնուհետև ի՞նչ պետք է մեզ անցագիրը։

Քավոր Պետրոսը տվեց նրանց յուրաքանչյուրին մի— Մի անցագիր, և մենք միասին անցանք Երասխ գետը։

Կարանտինի մաքսատնում, բացի մեր անցագրերին նայելը և ձեռք քաշելը, ուրիշ բան չեղավ։ Մեր ավանակների փալանների վրա ուշադրություն անգամ չդարձրին։

Մենք անցանք Երասխը առավոտյան և նույն օրվա երեկոյան պահուն հասանք Նախիջևան քաղաքը։ Մեզ հետ եկած մշակները մեծ շնորհակալությամբ ետ դարձրին քավոր Պետրոսից ստացած անցագրերը։ Եվ իրավ, այնուհետև նրանք անցագրի պետք չունեին, որովհետև պիտի գնային Պարսկաստանից գաղթած իրանց ազգայինների մոտ և մշակություն անեին։

Բայց ինձ զարմացնում էր մի բան. քավոր Պետրոսը այն տեսակ մարդկանցից չէր, որ առանց նպատակի մի գործ կատարեր, ուրեմն ի՞նչ խորհուրդ կարող էր ունենալ մշակներին անցագիր տալը։ Ավելորդ էր մտածել, թե նրանց վրա խղճաց և կամեցավ օգնել նրանց։ Երբ այդ մասին հարցրի, նա պատասխանեց.

— Ինձ պետք էր, որ այդ անցագրերի վրա լիներ մաքսատան կնիքը և ստորագրությունը։

— Դուք ինքներդ կարող էիք ներկայացնել, որ կնքեին և ստորագրեին։

— Բանը նրանումն է, որ ես չէի կարող, մի մարդ կարող է միայն մեկ անցագիր ներկայացնել։

— Բայց ի՞նչ հարկավոր է անպատճառ մաքսատան ստորագրությունը կամ կնիքը։

— Դա շատ հարկավոր է, դա նշանակում է, որ անցագրի տերը սահմանից անցնելու ժամանակ հայտնվել է, որտեղ որ հարկն է։

— Եվ դուք մշակներից օգուտ քաղեցիք։

— Նրանք ինձանից օգուտ քաղեցին, իսկ ես՝ նրանցից։

Ես դարձյալ չհասկացա այդ բոլոր ձեռնածության նպատակը։ Քավոր Պետրոսը իմ հետաքրքրությունը հանգստացրեց նրանով, որ ասաց, թե հետո կհասկանամ, երբ շատ բան կսովորեմ։

Նախիջևանում երկար չմնացինք։ Մենք իջևանել էինք մի կեղտոտ քարվանսարայում։ Հենց առաջին գիշերը քավոր Պետրոսը հրամայեց ինձ դուրս բերել իմ ավանակի փալանի մեջ թաքցրած վաճառքը։

Երբ ամենը դուրս բերեցի, նա ասաց ինձ բավական փաղաքշական եղանակով.

— Այդ բոլորը քեզ է պատկանում, իմ փոքրիկ մաքսանենգ, առավոտյան միմանրավաճառ կբերեմ, և բոլորը մի անգամից կծախենք։

Ես երբեք այնքան ուրախ չեմ եղել, որպես այն գիշեր։ Մեծ անհամբերությամբ սպասում էի, մինչև առավոտը լուսանար և մաքսատնից փախցրած իմ մթերքը վաճառվեր։ Արևը այն առավոտ ծագեց ինձ համար որպես մի ավետաբեր հրեշտակ։ Քավոր Պետրոսը վաղուց գնացել էր փողոց՝ գնող հրավիրելու։ Վերջապես բերեց մի հայ մանրավաճառի։ Բավական խոսեցին, բավական բազար արեցին, հետո բարիշեցան։ Մանրավաճառր համբարեց արծաթը և մթերքը առնելով հեռացավ։ Քավոր Պետրոսը փողերը ինձ տվեց, ասելով.

— Բախտդ հաջողակ է. մի հարյուրին երկու հարյուր վաստակ ունեցար։

Ես ուրախությամբ ընդունեցի փողերը և լցրեցի այն քսակի մեջ, որ ստացել էի Սառայից որպես հիշատակ։ Այդ փողերը ինձ տալով, քավոր Պետրոսը վարվեցավ ինձ հետ նույն վարպետությամբ, որպես վարվում է խորամանկ որսորդը իր անփորձ, դեռևս որսորդության չսովորած շան հետ։ նոր սովորող շան առաջին որսը տալիս է իրան ուտելու, որպեսզի նա ավելի քաջալերվի, ավելի վստահություն ստանա., Բայց նրա ավանակի փալանի մեջ թաքցրած մթերքը ես չտեսա, թե ուր տարավ, կամ ինչ արեց...

Նույն օրը մենք դուրս եկանք Նախիջևանից և գնացինք Թումբուլ գյուղը։ Նախիջևանը կանգնած է մի բարձրավանդակի վրա, իսկ Թումբուլը գտնվում է համարյա նրա ստորոտում։

Մտնելով այդ գյուղը, ինձ թվում էր, թե իսկապես մեր գյուղումն եմ գտնվում։ Ոչինչ զանազանություն չկար։ Ես տեսնում էի տների նույն ձևը, որպես մեր գյուղումն էր, մարդկանց նույն բարբառը, նույն լեզուն, նույն ուրախ և անհոգ դեմքերը։ Հագուստների ձևն անգամ չէր փոխվել, բոլորը նույնն էր։ Քավոր Պետրոսը ինձ ասաց, թե դրանք մեր գյուղացիներ են. ռուս-պարսկական 26 թվի պատերազմից հետո գաղթեցին և եկան հիմնեցին այդ գյուղը։

Թումբուլցիք չէին փոխել և՛ իրանց կենցաղավարության եղանակը, և՜ իրանց պարապմունքները։ Դրանց էլ այս կողմերում կոչում էին «խաչագողներ»... Նոր երկիրը չուղղեց նրանց, նրանք պահպանեցին այն բոլոր հատկությունները, ինչ որ բերել էին իրանց հետ Պարսկաստանից,»

Ուղիղ տասը տարի էր անցել այն օրից, որ Թումբուլցիք գաղթել էին Պարսկաստանի՜ց։ Մի այսպիսի փոքր ժամանակում իրանց գյուղը դրախտ էին դարձրել։ Քավոր Պետրոսին ամենքր ճանաչում էին, իսկ ինձ ճանաչեցին հորս անունով։ Այս տեղ գտնվեցան ինձ ազգականներ, որոնց թվումն էր իմ մորաքույրը։ Մայրս շատ անգամ խոսացել էր ինձ իր քրոջ մասին և միշտ մեծ կարոտությամբ էր հիշում նրան։ Քավոր Պետրոսը ինձ տարավ նրանց տուն։ Երբ մորաքույրս դուրս եկավ մեզ ընդունելու, քավոր Պետրոսը, ինձ ցույց տալով, ասաց նրան.

— Ես չեմ ասի, թե ով է, տեսնեմ կճանաչե՞ս։

Մորաքույրս նայեց իմ վրա և խորին հրճվանքով գրկեց ինձ բացականչելով.

— Ի՞նչպես չճանաչեմ... իմ Մուրադն է...

Նա երկար անմռունչ մնաց իմ կուրծքի վրա։

Եթե կանայք չլինեին, ես կարող էի համարձակ ասել, որ «խաչագողների» մեջ մարդկային սիրտ չկա։ Դրանց մոտ էր պահպանվել այն աստվածային ավանդը, որ կրում է իր մեջ բոլորը, ինչ որ գեղեցիկ է, ինչ որ լավ է, ինչ որ առաքինական է։ Դրանք սիրտ ունեին։

Մորաքույրս շատ նման էր մորս, կարծես մի ձու լինեին մեջտեղից կես կիսած։ Նա տեսել էր յոթ տարեկան հասակում, այն օրից անցել էր ամբողչ տասը տարի, և իմ պատկերը մնացել էր նրա հոգու մեջ անմոռանալի։ Ես չեմ կարող նկարագրել այն սրտաշարժ տեսարանը իր ամբողջ հոգեբանական բնավորությամբ, թե որպիսի հիացմունքով ընդունեց նա ինձ։ Ամբողջ ժամերով նայում էր իմ վրա, գրկում էր, համբուրում էր և ուրախանում։ «Իմ քույրը այժմ անբախտ չէ, ասում էր նա, որ ունի քեզ պես սիրուն տղա»։

Քավոր Պետրոսը ինձ թողնելով մորաքրոջս տանը, ինքը հեռացավ, հայտնելով, թե մի քանի մարդկանց հետ գործեր ունի, պետք է վերջացնի։

Թումբուլցոց հյուրասիրությունը մեծ հռչակ է ստացել։ Երեք օր մեզ պահեցին այնտեղ, անդադար մի տնից մյուսը ման էին ածում; Ամեն տեղ սփռված էր հացի սեղանը, ամեն տեղ կերուխումով և ուրախությամբ էինք անցկացնում։

Այդ խնջույքները ինձ հիշեցնում էին միևնույն զվարճությունները, որ կատարվում էին մեր գյուղում։ Այստեղ ևս, երբ հրավիրյալների գլուխները տաքանում էին, սկսում էին մի առանձին պարծանքով պատմել իրանց քաջագործությունները զանազան երկրներում։ Նրանք հիշում էին այնպիսի երկրների, այնպիսի քաղաքների և այնպիսի ազգերի անուններ, որ ես բնավ չէի լսեր Կարծես թե, այդ մարդիկը աշխարհի մի ծայրից մինչև մյուսը արշավել էին։ Քավոր Պետրոսը բոլոր ժամանակը լուռ էր մնում։ Նա լսում էր նրանց արկածների պատմությունը խորին սառնասրտությամբ, որպես մի հսկա, որ լսում է գաճաճների դատարկախոսությունը իրանց քաջագործությունների մասին և ժպտում է միայն։

Գիշերները ես անց էի կացնում մորաքրոջս տանը։ Նա երկար նստած իմ անկողնի մոտ՝ չէր թողնում ինձ քնել, անղադար խոսում էր, հարցնում էր Սավրայի մասին։ Հայրենիքի սերը դեռ մնացել էր նրա սրտում անմոռանալի։ Նա դեռ հիշում էր բոլոր արտերը, այդիները, պարտեզները, մինչև անգամ նշանավոր ծառերը մեր գյուղի։ Հարցնում էր սուրբ Հովհաննու մատուռի ուխտագնացության մասին, պատմում էր, թե իր ժամանակում որպիսի բազմությամբ էր կատարվում նրա տոնախմբությունը։ Խոսում էր կնիկների, աղջիկների սովորույթների մասին, թե ի՜նչ խաղեր էին խաղում, թե ո՜րպիսի հանդեսներ էին կատարում, երբ ուխտ էին գնում։ Հայրենական երկրի, հայրենական կյանքի բոլոր սիրելի պատկերները կենդանի մնացած էին նրա հիշողության մեջ:

Հազար անգամ հարցնում էր մեր ընտանիքի մասին միևնույն բաները, և նրա հարցասիրությունը չէր հագենում։ «Մորդ ծամերը խո չե՞ն սպիտակել», «Քույրերդ ո՞րքան են մեծացել», «Հիմա Նազլուն մարդու գնալու աղջիկ կլինի», «Ձեր սպիտակ Վանի կատուն մնո՞ւմ է», «Հիմա ո՞րտեղ եք պահում ձեր չորացրած մրգեղենները», «Քանի կով ունեք, օրական ո՞րքան կաթ են տալիս», «Ո՞վ է կթում կովերը, ո՞վ է թխում հացը», «Ձեր հարևան պառավ Գոզեն մնո՞ւմ է»։ «Մայրդ ի՞նչ գույնով քող է կրում. քույրերդ ի՞նչ ճոթից հագուստ են հագնում» և այլն։

Ես նրա հարցերին գոհացուցիչ պատասխան էի տալիս, իհարկե չէի ասում,թե ֆերրաշները մեր տունը այնպես դատարվել են, որ ոչ կով է մնացել և ոչ Վանի կատու...

Բայց այն գհշերը, որի առավոտը ես պիտի ճանապարհ ընկնեի, նա ավելի խրատներ էր տալիս ինձ, քան թե բաներ էր հարցնում։ «Գնա, Մուրադ, — ասում էր, — սուրբ աստվածածինը թո՛ղ բարի ճանապարհ տա քեզ, գնա երկրե երկիր ման արի, փող աշխատիր և բարձրացրո՛ւ հորդ անունը։ Քո հայրը անհայտության մեջ կորավ, հիմա դու ես մնացել քո հոր տան միակ սյունը։ Մորդ, քույրերիդ, բարեկամներիդ հույսերը քեզ վրա են դրված։ Դու պետք է բոլորին ուրախացնես, դու պետք է բոլորին մխիթարես»...

Ես հավատացած եմ, եթե մորաքույրս գիտենար, թե «խաչագողները» ի՞նչ միջոցներով են փող աշխատում, նա երբեք ինձ խորհուրդ չէր տա, որ ես օտար աշխարհ գնայի և նրանց հետ թափառեի։ Բայց նա չէր իմանում... ես նույնպես չէի իմանում...

Քավոր Պետրոսին խիստ սակավ էի տեսնում։ Նա ինչ-որ պատրաստություններով զբաղված էր։ Թումբուլը մի նշանավոր կայարան էր Պարսկաստանի «խաչագողների» համար, որտեղից վեր էին առնում իրանց գործունեության համար պետք եղած բոլոր պարագայքը, ինչ որ իրանց պակաս էր։ Բայց ես քավոր Պետրոսի վերաբերությամբ տակավին այդ կարծիքը չունեի»

Նա մի առավոտ բերեց իր հետ մի թուրք և վաճառեց իմ ավանակը։ Ճշմարիտն ասած, ինձ խիստ զգալի էր բաժանվել իմ խոնարհ և. հավատարիմ ընկերից, որ այնքան ժամանակ ճանապարհորդել էր ինձ հետ և ամենայն հոժարությամբ կրել էր իմ ծանրությունները։ Բայց քավոր Պետրոսը հանգստացրեց ինձ, ասելով.

— Ավանակի փողը այն փողերի հետ, որ դու վաստակեցիր քո վաճառքներից, պիտի ուղարկես մորդ, դու գիտես, որ նա իր մի հատիկ կովը ծախեց և գնեց քեզ համար այդ ավանւսկը։

— Այդ ես գիտեմ։ Բայց դրանից հետո ինչով կարող եմ շարունակել ճանապարհորդությունը։

— Դու կնստես մի փառավոր կառքի մեջ։

Ես զարմացա։ Բայց իմ զարմանքը երկար չտևեց։ Քանի րոպեից հետո մի գեղեցիկ ճանապարհորդական կառք կանգնեց մորաքրոջս ղռանը։ Երկու ուժեղ սև ձիաներ լծած էին կառքին։ Թումբուլցիք ունեին կառքեր, ունեին լավ ձիաներ, որ բերում էին իրանց հետ, երբ վերադառնում էին Ռուսաստանից։ Երբ իրանց պետք չէին, վաճառում էին։ Քավոր Պետրոսը այդ կառքը և ձիաները գնել էր մի «խաչագողից», որ նոր էր վերադարձել պանդխտությունից։

Կառքի մեջ տեղավորված էին զանազան մեծ և փոքր արկղներ։ Ի՞նչ կար նրանց մեջ, ես չգիտեի։ Միայն քավոր Պետրոսը տվեց ինձ մի ձեռք լավ հագուստ, մի զույգ ուղևորի կոշիկներ և հրամայեց հագուստս փոխել։ Այդ նորաձև հագուստին ես բոլորովին անսովոր էի. մորաքույրս օգնեց ինձ հագնելու։ Քավոր Պետրոսը նույնպես փոխել էր այն ցնցոտիները, որոնցով մի քանե օր առաջ մուրացկանի պես կանգնած Թաբրիզի եկեղեցու դռանը՝ ողորմություն էր ընդունում։ Այժմ մեր հագուստը բոլորովին համապատշաճ էր այն փառավոր կառքին, որի մեջ պիտի նստեինք։

Մորաքուքրս տվեց ինձ մի նամակ, խնդրեց, որ հասցնեմ իր ամուսնին։ Նրա ամուսինը պանդխտության մեջ էր։ Նամակի վրա միայն գրած էր ամուսնու անունը և ազգանունը քաղաքի անուն չկար։ «Խաչագողները» միշտ այսպես են գրում իրանց պանդուխտների հասցեները, որովհետև չգիտեն, թե ո՛րտեղ են գտնվում նրանք։ նամակատարը պահում է իր մոտ նամակը, եթե մի տեղում կհանղիպե պանդուխտին, կտա։ Բաւց խիստ հազիվ էր պատահում, որ նամակները տեղ հասնեին, կա՛մ տանողն էր կորչում, կամ ստացողը վաղուց արդեն կորած էր լինում...

Ավանակներով մտանք Թումբուլ և դուրս եկանք այնտեղից կառքով։ Դա ի՞նչ հրաշք էր...

Ժամատան դռանը քավոր Պետրոսի ծանոթները սպասում էին, որ մեզ ճանապարհ դնեն։ Մորաքույրս իր երեխաների հետ եկավ մինչև գյուղից դուրսը։ Ամեն կողմից թափվում էին բարեմաղթություններ, ամեն բերան ցանկանում էր մեզ բարի ճանապարհ և բախտավոր վերադարձ։

Վերջապես հայտնվեցավ քահանան, կարդաց «Տե՛ր, ուղղյազճանապարհս խաղաղությամբ» աղոթքը, և մեր կառքը շարժվեցավ...

Բովանդակություն Ներածություն Մաս I Մաս II Մաս III Մաս IV

Լրացուցիչ տեղեկություններ
Աղբյուր՝ Րաֆֆի — «Խաչագողի հիշատակարանը»
«ԱՐԵՎԻԿ», Երևան,1989թ.

Տրամադրել է՝ Վահան, Վարդան և Անատոլի Պապոյաններ
Scanned: Վահան և Վարդան Պապոյաններ
OCR: Վահան և Վարդան Պապոյաններ
Ուղղագրում՝ Անատոլի Պապոյան, Աննա Վրթանեսյան

Տես նաև
«Խամսայի մելիքություններ» ժամանակագրությունը (Ռուսերեն )

http://www.zatik.com/newsvis.asp?id=2865 > http://armenianhouse.org/raffi/khachagogh-am/1.html

Vartanian

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.