Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

09. Sett. 2023: Ալեքսանդր Խատիսյան Ալեքսանդր Խատիսյան Կենսագրական տվյալներ 1919 թ. փետրվարի 15-ին վարչապետի պաշտոնակատար նշանակվեց Ալեքսանդր Խատիսյանը
Ալեքսանդր Խատիսյան
Ալեքսանդր Խատիսյան
Կենսագրական տվյալներ
1919 թ. փետրվարի 15-ին վարչապետի պաշտոնակատար նշանակվեց Ալեքսանդր Խատիսյանը: Կառավարության առջև, բնականաբար, դեռ ծառացած էին մի շարք պետական և ազգային լուրջ հիմնախնդիրներ, որոնցից ամենակարևորները՝ սահմանների ընդարձակման և ներգաղթի խնդիրներն ու տնտեսական, դիվանագիտական հարաբերությունների կարգավորումն էին: Պակաս կարևոր չէր երկաթուղու բարեկարգման գործը. կառավարությունը դրսից մասնագետներ հրավիրեց, խոշոր վարկեր բացվեցին:
Ակտիվ էր նաև քաղաքական կյանքը՝ մարտի 12-ին կառավարությունը որոշեց խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Դա առաջին պառլամենտական ընտրությունն էր, քանզի առաջին օրենսդիր մարմինն ընտրովի չէր: Խորհրդարանական նոր ընտրությունների համար հիմք ընդունվեց համառուսաստանյան Սահմանադիր ժողովի ընտրական օրենքը. երկիրը դարձավ մեկ ընտրական շրջան, թուրքահայերին ևս ընտրելու իրավունք տրվեց:
Ձևավորվեց նոր խորհրդարանը՝ դաշնակցական մեծամասնությամբ, այն հռչակեց նոր կառավարության կազմը՝ վարչապետ և արտաքին գործոց նախարար Ա. Խատիսյանի գլխավորությամբ:
Կառավարության խնդիրները հետևյալն էին՝ ստեղծել շատ մատչելի պետական վարկեր՝ տնտեսության համար կարևորություն ներկայացնող մի շարք ձեռնարկություններ շահագործելու համար, պետական օգնություն ցույց տալ արհավիրքներից տուժած աշխատավոր դասակարգին, ամեն կերպ խրախուսել մասնավոր կապիտալի մուտքը, կիրառել հնարավորինս արդյունավետ հարկային մեխանիզմներ, զարկ տալ մասնագիտական կրթությանը:
Ինչ վերաբերում էր արտաքին քաղաքականությանը, ապա կառավարությունը խնդիր դրեց՝ հարևան պետությունների հետ սահմանային վեճերը երբեք չլուծել զենքի միջոցով:
Պետությունը զարգանում ու կատարելագործվում էր. շատ բան էր փոխվել Հայաստանում. պետական միջոցներով կազմակերպվում էր աղի արտադրությունն ու վաճառքը, բացվել էր Կարս-Բաթում խճուղին, ստեղծվել էր ժողովրդական տնտեսության նախարարությունը, որը պետք է անմիջականորեն զբաղվեր տնտեսության զարգացմամբ, լուրջ միջոցառումներ էին ձեռնարկվել կրթական-մշակութային ոլորտների զարգացման ուղղությամբ:
Խատիսյանի կառավարության օրոք էր, որ բացվեց Հայաստանի համալսարանը: Հովհաննես Թումանյանի /հայ գրողների միության նախագահ/ դիմումի հիման վրա հայ գրողներին, որպես նպաստ, հատկացվեց 100 հազար ռուբլի: Կառավարությունը խոշոր գումարներ ծախսեց ներգաղթի վրա:
Խատիսյանի կառավարությունը ձեռնամուխ եղավ Լոնդոնում հայկական դրամների տպագրությանը:
Կառավարությունը ժողովրդին բաժանեց 332 660 փութ սերմացու:
Բացվեց երդվյալ ատենակալների դատարանը:
Խատիսյանի պաշտոնավարության վերջին շրջանում Հայաստանում իրավիճակը կրկին ապակայունացավ, Ադրբեջանը խորհրդայնացավ, այդ ընթացքում մայիսին տեղի ունեցան ցույցեր, և բոլշևիկներն օգտագործեցին այդ ցույցերը. արդյունքում առաջացավ կառավարական ճգնաժամ:
Ի դեպ, այն ժամանակ, երբ Վրաստանում, Ադրբեջանում բոլշևիկները ենթարկվում էին անողոք հալածանքի, Խատիսյանի կառավարությունը նրանց ազատ աշխատելու և ապրելու հնարավորություն էր տվել:
Այսպիսով, մայիսի 5-ին, երբ արդեն առկա էր կառավարական ճգնաժամը, գումարվեց խորհրդարանի արտակարգ նիստ: Խատիսյանի հրաժարականը օրենսդիրներին ներկայացրեց Հ. Քաջազնունին: Խորհրդարանն ընդունեց Խատիսյանի կաբինետի հրաժարականը:
Իշխանությունից հեռացավ երկրորդ վարչապետը: Նրա կառավարության ամենաբնորոշիչ քայլերից մեկն այն էր, որ ընդունել էր մեկ հայրենիքի՝ Միացյալ, Անկախ Հայաստանին վերաբերող փաստաթուղթը, որով ամրագրվում էր, որ հայկական գավառներն ու բոլոր տարածքները պետք է մտնեն Համահայկական պետության մեջ:
...Դարերի, հազարամյակների հայոց մեջ եղած այս մեծ երազանքը իրականություն չդարձավ նաև այդ կառավարության օրոք:
Ինչպես առաջին հանրապետության շատ ղեկավարներ, Խատիսյանը ևս, Հայաստանի խորհրդայնացումից հետո լքեց հայրենիքը:
1945 թ. Փարիզում նա կնքեց իր մահկանացուն: Նախկին կադետն ու ՀՅԴ անդամը, որ սովորել էր Թիֆլիսի գիմնազիայում, Մոսկվայի և Խարկովի համալսարաններում, մասնագիտությամբ բժիշկ էր: 1909-17 թթ. եղել էր Թիֆլիսի քաղաքապետը, միաժամանակ՝ 1915-17 թթ. հայոց Ազգային բյուրոյի փոխնախագահ: 1917 թ. ընտրվել էր Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ: Անդրկովկասի սեյմում 1918 թ. ստանձնել էր ֆինանսների նախարարի պաշտոնը: Քաջազնունու-Վրացյանի պես նա ևս գրել է հուշեր: Նրան է պատկանում «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» հուշագրությունը:

https://www.gov.am/am/prime-ministers/info/94/

Vartanian

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.