Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

28.lug.2024: di Dr K. KHANLARI : Լիսաբոնի Հինգ Անվեհեր Վեհերը
Լիսաբոնի Հինգ Անվեհեր Վեհերը
Ազատամարտը, սխրանքն ու յուզը՝ իրանահայ բանաստեղծների պրիզմայով

ՓԱՌՔ ՁԵԶ
Հեղինակ՝ Ժորժ Մ․

Եւ եղաւ որ առաւօտը արիւն բուրեց.
Հինգ ողջակէզ՝
Մեր հին դատի նոր զարթօնքի ֆէդայիներ,
Զոհողութեան գերիմաստով ոգեպնդուածք,
Բարձրաճակատ ու անյողդողդ, կամքով արի՝
«Մահ իմացեալ անմահութիւն» խորախորհուրդ
Ասքն իրենց մտքում դաջած,
Հայի անխախտ հաւատքն իրենց հոգուն պսակ՝
Դաշտն իջան գոռ պայքարի,
Հինգ ողջակէզ,
Ազատութեան-անկախութեան դատին զինուոր,
Մահ գրկեցին,
Քայլ առնելով դէպի փառքի զոհասեղան․․․
Բո՜ւմ... որոտաց ազատութեան ձայնն ահեղ․․․
Իրարանցում, ցնցում, սարսուռ, դող ու զարզանդ․․․
Եւ պատմութեան գրքի վրայ բացուեց նոր էջ․
«Հայը գիտէ բուռն պայքարել,
«Իր պահանջի, իր հին դատի վերարծարծման ճամբին զոհուել,
«Նոյնիսկ կեանքն իր հաւատամքի լոյս բագինին զոհաբերել․․․
«Թէ իր հոգում առկայծում է հուրը ազգի,
«Երակներում դեռ հոսում է արիւնն Հայկի,
«Չի դադարի միշտ հայօրէն բարբառելուց․
«Արդարութեան երկրպագու,
«Ազատութեան կանչին հլու՝
«Չի խնայի իր կեանքն իսկ իր պահանջի, իրաւունքի վերականգնման գոհաբերել․․․
Հինգ ողջակէզ՝
Արիւնարբու գազանների որջում՝ ընկան,
Հայ հին դատի նոր զարթօնքի ճամբին՝ մատաղ․․․
Օ՛ն, հայ քաջեր,
Յառաջ, յառաջ,
Արշալոյսը թէկուզ բոսոր, արեան ծարաւ,
Արիւնկզակ մարդակեր մարդագայլի շունչը թէկուզ խեղդող, այրող,
Թէկուզ հայու ծաղիկ կեանքեր յօշոտելու անյագ ծարաւ՝
Թէկուզ արար-աշխարհ իրեն յենակ ու սիւն՝
Զարկէ՛ք անահ, զարկէ՛ք արի,
Ձեր թիկունքին կանգնած է ամբողջ մի ազգ,
Մի ժողովուրդ՝
Որի ծծկեր մանուկից մինչ զառամեալը
Ձեզ է նայում
Նրա սիրտը ձեր զարկով է լոկ բաբախում:
Փա՜ռք ձեզ,
Փա՜ոք ձեր ընտրած ուղուն,
Փա՛ռք ձեզ ծնող ժողովըդին․․․
(Ալիք օրաթերթ, Թեհրան, 1983 յուլիսի 31, Ա էջ)

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԻՆԳ ԱՆՁՆԱԶՈՀ ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ (ՆՐԱՆՔ, ՈՐ ՄԱՀՈՎ ՅԱՂԹԵՑԻՆ ՄԱՀՒԱՆ)
Հեղինակ՝ Վահէ Լազարեան

Յանուն արդար մի սուրբ դատի
Մահը որպէս թեթեւ մի խաղ ընդունեցիք,
Ազատութեան բագինին յար դուք ծնրադիր՝
Կարմիր արեամբ ձեր՝ գրեցիք․
«Ամենայն տեղ մահը մի է»․․․
Ազատութիւն՝
Որի դասը վաղուց ի վեր դուք սերտած,
Ոտքի ելաք հանց ֆիդայի,
Ձեր մէկ ձեռքում արեւը բորբ՝
Եւ միւսում կեանքը ձեր:
Ազատութեան բագինի դէմ
Ընկաք նորոգ նահատակ,
Եւ սուրբ արեամբը ձեր գրեցիր՝
ՅԱՌԱՋ մինչեւ ՅԱՂԹԱՆԱԿ․․․
(Ալիք օրաթերթ, Թեհրան, 1983 օգոստոսի 3, էջ 2)

ՀՅԲ-Ի ՀԻՆԳ ԶՈՀՈՒԱԾ ԱՆՄԱՀՆԵՐԻՆ
Հեղինակ՝ Ծաղկանուշ Ծատուրեան

Դուք՝ հինգ արեւ, հինգ երկինք,
Հինգ հրթիռներ հրաշունչ,
Փառքի աստղեր մեր գալիք,
Դուք` վրէժի հինգ դաշոյն:

Էլ չի հանգի ձեր վառած
Բորբ կրակը մեր հոգում,
Մատաղ կեանքեր դուք զոհուած,
Նոր շունչ կառնէք մեր սրտում:

Կուզեմ շարել հնգաշար
Ես մի մանեակ մարգարտեայ,
Պարանոցիս կախել յար
Անունները ձեր անմահ:

Զաւակներին նորանոր
Ձեր անունով թող կոչեն,
Հինգ բերդերով հրածին
Թող մեզ կրկին ճանաչեն:

Դուք հինգ արեւ, հինգ երկինք,
Հինգ հրթիռներ հրաշունչ,
Յոյսի ծովի հինգ ալիք,
Հինգ առիւծներ անմռունչ․․․
(Ալիք օրաթերթ, Թեհրան, 1983 օգոստոսի 11, էջ 2)
ԵԼԱՆ ԾԷԳԻՆ (ՄԵՐ ՀԻՆԳ ԱՆՄԱՀՆԵՐԻՆ)
Հեղինակ՝ Արմանտ

․․․Ելան ծէգին,
Առիւծի պէս թօթափելով բաշն իրենց:
Նրանց հոգում
Տողանցեցին սարսռագին՝
Երկու միլիոն ուրուականներ բոցահեր․․․
Ելան ծէգին՝
Ըմբոստութեամբ հրակամ,
Ու դոփեցի՛ն, դոփեցի՛ն՝
Հանց նժոյգներ անլկամ,
Ու սլացքով վրիժավառ
Քանդեցին ամեն պատնէշ ու պատւար․․․
Արեւի պէս հրաչուի՝
Ելան ծէգին
Ընդդէմ մէգի ու մշուշի դաւադիր:
Ու ընկան,
Իրէնց հոգում աստղածիր՝
Ազատութեան արեգակներ հրածին:
Մա՛հն էր փախչել ահաբեկ՝
Նրանց տեսքից լուսածին․․․
(Ալիք օրաթերթ, Թեհրան, 1983 օգոստոսի 13, էջ 2)

ՖԻԴԱՅԻՆԵՐԸ ՆՈՐ ԳԱԼԻՍ ԵՆ ԴԵՌ
Հեղինակ՝ Սաթօ Ա․

«Ֆիդայիները․․․ էլ չկան նրանք:
Ժամանակի հետ եկել են անցել․․․» (Արամ Գառօնէ)։

Ֆիդայիները նոր գալիս են դեռ,
Ժամանակի հետ չեն եկել անցել:
Աւա՜ղ, չտեսար դու մեր նորօրեայ ֆիդայիներին,
Ու չլսեցիր շառաչը նրանց թէժ գնդակների,
Ու վայնասունը ահի մատնուած դահճապետների:
Մի փոքր ուշացած, բայց եկան նրանք,
Չէ որ մեր կեանքը լցուած էր ցաւով,
Արցունքով, դաւով։
Ու եկան նրանք, բայց ոչ բարձրաբերձ
Հայոց լեռներից,
Կամ թէ Սասունից, Զէյթունից, Վանից։
Նրանք յառնեցին աշխարհացրիւ հայութեան ծոցից,
Շունչ, ոգի առան օրուայ պահանջից,
Ու վտարանդի բիւրաւոր հայի հոգու ծալքերից,
Ուր Արարատի կարոտն էր մխում,
Ու Վանայ լիճն էր դեռ լուռ հեկեկում։
Ֆիդայիները չեն եկել անցել,
Խրոխտ քայլերով նոր գալիս են դեռ,
Եւ նրանց արդար պահանջից ելած,
Ու գէնքի լեզուին հաւատք ընծայած,
Այսօր մեր համայն մատաղ սերունդն է
Ֆիդայի դարձել, պայքարի անցել,
Աւա՜ղ, չես տեսնում,
Ինչ հաւատքով են, ռազմի դաշտ իջնում,
Ինչ քաջաբար են մահը անտեսում,
Աւա՜ղ, չես տեսնում։
(Ալիք օրաթերթ, Թեհրան, 1983 սեպտեմբերի 3, Ա էջ)

ՀԻՆԳ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ
Հեղինակ՝ Սեդա Ադամեան (Իսրայէլեան)

Հինգ թռչնակներս յաւերժ կեանք առան,
Տուին աւետիս վերածննդեան՝
Հայ ազգիս բեմի զոհասեղանին,-
Գարուն այցելեց ամբողջ հայութեան․․․

Հինը չմոռցա՛ք, ձեր մտքին մատաղ,
Ձեր շունչը տուիք հանուր հայութեան
Դուք մեր հայ ազգի մթի փարոսներ,
Դուք յաւէտ կապրէք մտքում հայութեան․․․

Դուք նահատակներ մեր նոր սերնդի
Մութ հորիզոնը այգաբաց դարձրիք,
Ձեր «երկներանգը» կեանքի չտեսած՝
Հողը գրկեցիք յանուն հայութեան․․․

Թող նոր սերնդի մտքերում՝ պայծառ
Ձեր վառած ջահը լինի միշտ անմար,
Ա՜խ, երանի թէ բոլոր մայրերը
Ձեզ պէս հերոսներ ձօնեն հայութեան․․․

Դուք հայի պարծանք, ջան «ֆիդայիներ»,
Ձեր գարուն դարձած բուրաւէտ շիրմին
Թող սուրբ խաչեալի լույսը կամարի,-
Դո՛ւք լոյս սփռեցիք՝ ճամբին հայութեան․․․

Օ՜հ, դուք հայորդիք, գրչի արցունքով
Սէգ Արարատեան լեռնագագաթին
Գրեցէ՛ք նրանց անունը խիզախ,-
Որ ապրեն յաւէտ սրտում հայրւթեան․․․

Դուք մարտիրոսներ, պարծանք ազգութեան
Թող ձեր գնդակի շարաչը լինի
Մեր նոր սերնդի բողոքի առաչ․․․
Թշնամին սոսկայ ձայնից հայութեան․․․

Զարկէ՛ք քաջարի, դուք «ֆիդայիներ»,
Զարկէ՛ք ու կտրէ՛ք շղթան ժանգակեր
Մեր սէգ Մասիսի ոտներից վսեմ,-
Ձեռք բերէք հողը ազգիս հայութեան․․․

Թող լաւ հասկանայ ոճրագործը նենգ,-
Երդուել ենք մենք թանկ, մեր արեան գնով
Ձեր զոհած արեան ամեն մի շիթից
Որ ծաղկի ծաղիկ՝ ափում հայութեան․․․

Դուք նահատակներ մեր արդար դատի,
Հոգուս պաստառին՝ ձեր ջինջ արիւնով
Նկարել եմ արդ՝ ձեր դէմքը շքեղ
Անշուշտ կ’ընծայեմ իմ ողջ հայութեան:
(Ալիք օրաթերթ, Թեհրան, 1983 սեպտեմբերի 8, էջ 2)

ԶՍՊՈՒԱԾ ՀԻՆԳ ՄՌՈՒՆՉ․․․
Հեղինակ՝ Ապոյենց Դերիկ

Հինգ օր շարունակ․․․
Հպարտ կսկիծից, մրմուռից քսմուած,
Փոթորկով սնուած․․․ զսպուած հինգ մռունչ
«Ալիք»-ների հետ, տուն մտան ամեն․․․
«Սագոս անմահ է․․․» մխում է Մարին,
«Հպա՜րտ եմ Վաչէ՛․․․» – Նազարն է խօսում,
«Առանց գիտնալու հերոս մեծցուցի,
«Հպա՜րտ եմ Արա ...» - Հեղինէն ցաւում,
Ափսոսում է, որ նուէր - զաւակներ՝
Արաներ չունի էլ` ազգի ճամբին․․․
Սեդոյի հայրը՝
Օննիկն է յուշում վստահ աներեր․
«Տղաքը գիտակից օրինակ դարձան՝
Մեր նոր սերնդին․․․ բոլորուենք նրանց նպատակի շուրջ, որ վառուած ջահը
Միշտ անմար մնայ․․․»
Ու բօթից ցնցուած քոյրը Սիմոնի
«Յարատեւ կռուի» հի՜ն մեկնակէտից,
Գագաթին ելած
Սագօ, Վաչէի․․․ Արա, Սեդոյի,
Հարազատ եղբօր պողպատ հաւատքով,
Քերթողի խօսքով․․․ հոգու խորքերից
Հեծեծում է դեռ․
«Կանգ մի առներ սրաթռիչ երիվար,
«Նպատակս տկարութիւն չի ճանչնար․․․»
«Թող այս դէմքերը ընդմիշտ դրոշմուեն
«Իւրաքանչիւր հայի յիշողութեան մէջ»,
Որ ապահովուի
Յեղափոխական յանդգնութիւնը,
Ազատ ապրելու իրաւունքը մեր,
Ինքնութիւնը մեր,
Ինքնորոշումը․․․
(Ալիք օրաթերթ, Թեհրան, 1983 սեպտեմբերի 10, էջ 2)

ՄԵԶ ՍՏԻՊԵՑԻՆ
Հեղինակ՝ Սաթօ Ա․

Մենք խաղաղասէր ազգի զաւականեր,
Խաղաղութիւնը մեր արեան մէջ էր,
Մեզ ստիպեցին, որ զէնք ձեռք առնենք,
Սրի ու հրի ճամբէքով անցնենք։
Մենք խաղաղասէր ազգի զաւակներ,
Մեր ողջ երգերը, սէր էր, հորովել,
Մեզ ստիպեցին մեր երգն էլ փոխենք,
Հուր գնդակների շաչը գովերգենք։
Եւ ահա երգն այս, երգն է մեր ռազմի,
Երգը լուսաշող մեր յաղթանակի․
«ԴԱՐՁԵԱԼ ՈՒ ԴԱՐՁԵԱԼ ՀԱՐՒԱԾԵՆՔ ՊԻՏԻ,
ՄԻՆՉ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՄԵՐ ԱՐԴԱՐ ԴԱՏԻ։
(Ալիք օրաթերթ, Թեհրան, 1983 սեպտեմբերի 10, էջ 2)


https://www.facebook.com/share/p/Dhc9NqNGyHGCmsTn/

Vartanian

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.